Հունվար 01, 2024
A- A+
read

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն ամփոփում է 2023 թվականը

Այո՛, մենք կարող ենք լինել աշխարհի քաղաքացիներ և օգտվել ազնիվ նպատակներ հետապնդող մեր օտարերկրյա գործընկերների և դաշնակիցների հետ համագործակցությունից։ Սակայն, ի վերջո, հենց մենք պետք է ղեկը վերցնենք մեր ձեռքը և տեր կանգնենք մեր ազգի ճակատագրին։ 

Այս տարին հայոց նորագույն շրջանի պատմության համար շրջադարձային էր։ Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ՀԲԸՄ-ն, գործելով ողջ հայության անունից, ճգնաժամային իրավիճակին աննախադեպ արձագանք տվեց, բայց և դասեր քաղեցինք՝ տեսնելով, որ միջազգային հանրությունը ձախողեց իր առաքելությունն այս հարցի շուրջ։  

2023 թվականին շուրջ տասը ամիս հայությունը բազմիցս ահազանգեց Արցախում  վերահաս մարդկային աղետի մասին։ Ցավոք, չնայած մեր բազում աղաղակներին առ այն, որ Արցախի ժողովրդին սպառնում է հստակ և ահագնացող վտանգ՝ համաշխարհային արձագանքը լավագույն դեպքում եղավ հռետորական, վատագույն դեպքում՝ ցինիկ և, որպես կանոն, միշտ ուշացած: Սա կրկին հիշեցնում է այն մասին, որ հայերը պետք է թիկունք լինեն միմյանց։ 

Այո՛, մենք կարող ենք լինել աշխարհի քաղաքացիներ և օգտվել ազնիվ նպատակներ հետապնդող մեր օտարերկրյա գործընկերների և դաշնակիցների հետ համագործակցությունից։ Սակայն, ի վերջո, հենց մենք պետք է ղեկը վերցնենք մեր ձեռքը և տեր կանգնենք մեր ազգի ճակատագրին։ 

Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո՝ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում, ավելի քան 100,000 արցախահայեր, այլ ելք չունենալով, ստիպված եղան լքել իրենց տներն ու գալ Հայաստան։ Սա հանգեցրեց աննախադեպ ծավալների հասնող հումանիտար աղետի: Եվ, երբ ճգնաժամը սրվեց, ՀԲԸՄ-ն լայնածավալ միջամտություն ձեռնարկեց՝ նախնական փուլում ուշադրությունը սևեռելով պարենային անվտանգության վրա:

ՀԲԸՄ-ն, իր գործընկեր World Central Kitchen (WCK) միջազգային ՀԿ-ի հետ համագործակցությամբ, հաշված օրերի ընթացքում սկսեց գործել Հայաստանի գրեթե ողջ տարածքով։ Վեց շաբաթ անընդմեջ ՀԲԸՄ կամավորներն ու աշխատակազմը, WCK-ի անձնակազմի հետ միասին, պատրաստեցին և բաշխեցին ավելի քան 400,000 բաժին տաք սնունդ, իսկ Հայաստանի յոթ մարզերում ստեղծվեցին սննդի կետեր և գործարկվեցին առաքման ցանցեր: Ավելին, մինչ օրս մենք բաշխել ենք սննդով լեցուն 31,000 տուփ՝ տան պայմաններում ուտելիք պատրաստելու համար: Ձմռանը 10,000 ջերմատաքացուցիչ սկսեցինք բաժանել ժամանակավոր կացարաններում կամ անբավարար ջեռուցում ունեցող կացարաններում հանգրվանածներին:

Անցյալ աշնանը մենք Արցախից տեղահանված անձանց աշխատանքի ընդունեցինք և վերապատրաստեցինք, որպեսզի պատրաստ լինեին պատասխանատու դերեր ստանձնել տաք սնունդ բաժանելու գործում։ Դա Արցախի հայերին աշխատանքի տեղավորելու նպատակով վերապատրաստում անցկացնելու ՀԲԸՄ-ի՝ ավելի լայնամասշտաբ ծրագրի առաջին քայլն էր։ Բարեբախտաբար, մեր գործող ծրագրերը, ինչպիսիք են՝ ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» Արցախում ծրագիրը (LEAP), ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությունը և ՀԲԸՄ կրթաթոշակները հնարավոր է հարմարեցնել Արցախից տեղահանվածների կարիքներին:

Քանի որ առողջությունն ու ինքնազգացողությունն առաջնային են, տեղահանված ընտանիքների յուրաքանչյուր անդամ հնարավորություն կունենա այցելել Երևանում տեղակայված մեր պոլիկլինիկա՝ տարեկան կանխարգելիչ հետազոտություն անցնելու համար։ Այս առումով, մենք լրացուցիչ բժշկական անձնակազմ ենք աշխատանքի վերցրել հենց Արցախից՝ բարձր վստահության միջավայր առաջարկելու ֆիզիկապես և հոգեպես խոցելի այս ընտանիքներին: Բժշկական թիմին միացել են մանկաբույժ, ԼՕՌ մասնագետ, ինչպես նաև՝ հոգեբան: Եկող տարում պոլիկլինիկան կկարողանա անցկացնել շուրջ 8,000 անձի բուժզննում: Ավելին, ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարն այժմ բաց է նաև ոչ սեզոնային ամիսներին՝ ընդունելու մոտ 3,000 ծնողների և երեխաների՝ նրանց աջակցելու հոգեբանական վերականգնման ճանապարհին։ 

Մենք խորապես տպավորված ենք նաև, որ սփյուռքից և Հայաստանից ՀԲԸՄ-ին շարունակաբար միանում են մեծ թվով կամավորներ: Նրանք մեծ եռանդով մասնակցում են բարեգործական այցերին, այդ թվում՝ ամանորյա նվերներ բաժանում Արցախի երեխաներին: Վերականգնման ճանապարհին սա կարևոր հնարավորություն է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հիշեցնելու, որ բարությունը չի վերացել։

Մենք իսկապես երախտապարտ ենք մեր կամավորներին իրենց պատրաստակամության համար, ի դեմս՝ ՀԲԸՄ սկաուտների, Հայաստանի Երիտասարդ արհեստավարժների, ՀԲԸՄ-ի «Հայեր, համախմբվե՛ք» ծրագրին արտասահմանից միացած մասնակիցների, ինչպես նաև՝ ՀԲԸՄ-ի մասնաճյուղերի, որոնք կազմակերպում են դրամահավաքներ և բարեգործական արշավներ։

Ավելին, մեր «YP Cares» արշավը նպաստում է ֆինանսավորում հայթայթելու մեր ջանքերին՝ շարունակելու հումանիտար օգնության մեր բազմակողմանի աշխատանքը:

Մեկ այլ առանցքային ազդեցություն ունեցող հանգամանք է «ԱՊՐԻ Արմենիա» (Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ Արմենիա) ծրագրի գործունեության ընդլայնումը: Իր գործունեության երկրորդ տարում «ԱՊՐԻ Արմենիա»-ն հասցրել է դառնալ Հայաստանին և աշխարհում նրա դիրքին վերաբերող խորը հետազոտությունների, վերլուծությունների և հանգամանալից բովանդակության վստահելի աղբյուր: Միջազգային գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած խմբի իրականացրած գիտահետազոտական ​​որակյալ աշխատանքներն ու ֆորումները նոր հնարավորություններ են ստեղծել մեզ համար՝ համագործակցելու այլ երկրների, քաղաքականություն մշակողների և ոլորտի առաջատարների հետ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:

Թեև այս տարին լի էր ողբերգական իրադարձություններով, սակայն անհրաժեշտ է անդրադառնալ նաև ողջ աշխարհում իրականացվող մեր լայնածավալ գործունեությանը, որը մեր համայնքի շարունակական հպարտության և ամուր կապի աղբյուրն է: Լինի դա Նոբելյան մրցանակակիր մեր շրջանավարտին հարգանքի տուրք մատուցելը, մեր հրապարակումներում ժամանակակից հայերի մասին տարբեր պատմություններ ներկայացնելը, ամեն տարի մեր դպրոցների և ծրագրերի միջոցով հազարավոր երեխաների ժպիտներ պարգևելը, թե կարևոր ֆորումներ և միջոցառումներ կազմակերպելը, մենք ձգտում ենք սատարել միմյանց և ամրապնդել մեր յուրօրինակ կապը։ 

Նմանօրինակ միջոցառում է երկու տարին մեկ իրականացվող AGBU FOCUS-ը, որն այս տարի վերջապես տեղի ունեցավ համավարակի պատճառով դադարից հետո: Քսանհինգ երկրից մոտ 450 մասնակից հավաքվեցին Մադրիդում՝ տարբեր ոլորտներում կապեր ստեղծելու և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով, որն օգնեց մեր գլոբալ ցանցում խթանել քննադատական ​​և ստեղծագործ մտածողությունը: 

Մեկ այլ հատկանշական օրինակ է այն, որ տարբեր տարիքի ավելի քան 10,000 անձ մեր կրթական ռեսուրսների միջոցով փնտրել ու գտել է հայկական նյութեր և միացել է մեր առցանց ծրագրերին, ինչպիսիք են՝ Հայկական վիրտուալ համալսարանը (AVC), ՀԲԸՄ «Արմատ»-ը (հանդիպումներ երեխաների համար) և ՀԲԸՄ «WebTalks»-ը (հայկական թեմաներով վիդեոռեպորտաժներ): 

Եվ, ի վերջո, կցանկանայի անդրադառնալ աշխարհի տարբեր անկյուններում իրականացվող մեր հեղինակային ծրագրերին, որոնք շարունակում են ընդլայնվել՝ ապացուցելով, որ հայերն անկոտրում են, և ոչ ոք չի կարող մեր ոգին թուլացնել:

Տարեմուտին ես կցանկանայի նաև հետհայացք գցել ՀԲԸՄ-ի վերջին երկուսուկես տասնամյակի գործունեությանը, որի ընթացքում մեծ առաջընթաց ենք գրանցել։ Ինձ համար պատիվ է եղել որպես ՀԲԸՄ-ի նախագահ պաշտոնավարելը, և ես երախտապարտ եմ մեր առատաձեռն բարերարներին, նվիրյալ կամավորներին ու անձնակազմին իրենց աջակցության համար: Միասին մենք խորը և դրական փոփոխություն ենք բերում աշխարհին: Յուրաքանչյուրս պետք է հպարտանանք այդ ձեռքբերումներով։

Թո՛ղ այս նոր տարին հույսի ու ամոքման տարի լինի։ 

Լավագույն մաղթանքներով՝ 

Պերճ Սեդրակյան

Նախագահ

Հայկական բարեգործական ընդհանուր միություն