Փետրվար 29, 2024
A- A+
read

Սեմ Սիմոնյանը կհաջորդի Պերճ Սեդրակյանին ՀԲԸՄ նախագահի պաշտոնում

  • Նկար
    Setrakian and Simonian

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը, համաձայն ՀԲԸՄ կանոնադրության տարիքային սահմանափակումների, 2024 թ.-ի աշնանը կթողնի ՀԲԸՄ նախագահի պաշտոնը 22 տարի պաշտոնավարելուց և 47 տարի որպես Կենտրոնական վարչության անդամ լինելուց հետո։

Փետրվարի 24-ին ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի հաստատմամբ, միաձայն առաջադրեց Սեմ Սիմոնյանի թեկնածությունը ՀԲԸՄ-ի հաջորդ՝ ութերորդ նախագահի պաշտոնում: Սիմոնյանը պաշտոնապես կընտրվի ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ, որը տեղի կունենա Նյու Յորքում 2024 թվականի հոկտեմբերի 12-ին։ Սեդրակյանը կմիանա Հոգաբարձուների խորհրդին:

Սեմ Սիմոնյանը 2000-2019 թթ.-ին եղել է Կենտրոնական վարչության անդամ։ Ներկայումս ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Կյանքի ընթացքում՝ որպես գործարար, ճարտարագետ և բարերար իր բազմաթիվ նախաձեռնություններին և ձեռքբերումներին զուգընթաց՝ նա ակտիվ կերպով ներգրավված է եղել ՀԲԸՄ-ի գործունեության մեջ: Սիմոնյանը և իր տիկինը՝ Սիլվան, Լիբանանում ՀԲԸՄ դպրոցների շրջանավարտներ են: 

Սիմոնյանները հիմնադրել են ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Հայաստանում. բեկումնային նախաձեռնություն, որն հեղափոխեց արտադպրոցական կրթության ոլորտը՝ աշակերտներին հնարավորություն տալով իրենց ուժերն ինքնուրույն փորձել տեխնոլոգիայի և դիզայնի ոլորտներում՝ դրանով իսկ բարձրացնելով իրենց մրցունակության գործակիցը համաշխարհային տնտեսության մեջ: Հայաստանում ԹՈՒՄՈ-ի հիմնադրումից ի վեր ԹՈՒՄՈ կենտրոններ և տուփեր ստեղծվել են Հայաստանի տարբեր մարզերում և ընդլայնվել աշխարհի բազմաթիվ քաղաքներում:

Փետրվարի 24-ին Նյու Յորքի ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած քվեարկությունից հետո նախագահ Սեդրակյանն անդրադարձավ Սիմոնյանի ընտրությանը. «Անկասկած Սեմ Սիմոնյանը լավագույնս համապատասխանում է ՀԲԸՄ-ի նման լայնածավալ գործունեություն ծավալող կազմակերպությունը ղեկավարելու պաշտոնին: Սեմն ակնածանքով է վերաբերվում ՀԲԸՄ-ի ստեղծած ավանդին, հավատում դրա հիմնական առաքելությանը, սակայն գիտակցում է, որ մեծ հարգանք վայելող այս կազմակերպության բարգավաճման համար փոփոխությունն անհրաժեշտություն է, և այն պետք է իրականացվի մեծ պատասխանատվությամբ և ռազմավարական մոտեցմամբ: Ես վստահ եմ, որ Սեմը Կենտրոնական վարչության աջակցությամբ կղեկավարի ՀԲԸՄ-ն այն նույն եռանդով ու վճռականությամբ, որն ինքը դրսևորել է իր հաջողված կարիերայի ընթացքում»:

Կենտրոնական վարչության և Հոգաբարձուների խորհրդի կողմից առաջադրումն ընդունելիս Սեմ Սիմոնյանն իր երախտագիտությունն հայտնեց իր նկատմամբ ցուցաբերած վստահության և հավատի համար և հավելեց. «Ես հպարտ եմ, որ շարունակելու եմ թվով յոթը այնպիսի առաջնորդների աշխատանքը, ովքեր, ՀԲԸՄ-ի ավելի քան մեկդարյա հարուստ պատմության ընթացքում, քայլելով իրենց ժամանակի իրադարձություններին և պահանջներին համընթաց, ՀԲԸՄ-ն հասցրել են այստեղ։

Պերճ Սեդրակյանի հետ սերտորեն աշխատել եմ իր պաշտոնավարման ընթացքում և իր նկատմամբ հատուկ հարգանք եմ տածում ՀԲԸՄ-ին մատուցած իր երկարամյա նվիրյալ ծառայության համար։ ՀԲԸՄ-ի հետ մեր համագործակցության տարիների ընթացքում Սիլվան և ես սերտ կապեր ենք հաստատել Վերայի և Պերճի հետ, և նրանց հետ բարեկամությունը թանկ է մեզ համար»:

1989 թվականին Սեմ Սիմոնյանը դարձավ Inet Technologies հեռահաղորդակցման ընկերության համահիմնադիրը, որը մասնագիտացված է ցանցերի կառավարման և բիզնես գործառնական լուծումներ առաջարկելու մեջ: 1994 թվականին Inc. Magazine, Ernst & Young և Merrill Lynch-ի կողմից ճանաչվել է տարվա ձեռներեց: Նա նաև 2000 թ.-ի մայիսին արժանացել է Ellis Island պատվո շքանշանի և Հայաստանի Անանիա Շիրակացու մեդալին՝ հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բարեկամությանը մեծապես նպաստելու համար։ Բեյրութում ծնված և Տեխաս նահանգի Դալաս քաղաքում հաստատված Սեմ Սիմոնյանը թե՛ հայ համայնքի վառ ներկայացուցիչ է և թե՛ դրա աջակիցը։ 

2024 թվականի հոկտեմբերի 10-ից 12-ը կայանալիք ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովի մասին հավելյալ տեղեկություններ հասանելի կլինեն առաջիկա շաբաթներին: