Փետրվար 02, 2016
A- A+
read

ՀԲԸՄ-Ը ՁԵՌՆԱՐԿՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՆՈՐ ԵՎ ՀԱՄԱՐՁԱԿ ՔԱՅԼԵՐ ԻՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԸՆԴԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԵԼԱՈՃԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Անցած հարյուր տարիների ընթացքում սատար հանդիսանալով Հայ ժողովրդի ցեղասպանությունից մազապուրծ վերապրումի և վերականգնումի ճիգերին, Միությունն այժմ իր հայացքը սևեռում է գոյապահպանումից անդին, առաջընթացի և բարգավաճման ուղղությունների վրա

Քաջալերված ցեղասպանության հարյուրամյակի հիշատակությունների առիթով, աշխարհասփյուռ հայերի ցուցաբերած միասնական ջանքերի ու զորակցության զորեղ դրսևորումներից և երկու տարիների մանրամասն քննարկումների, վերլուծությունների և նախապատրաստական աշխատանքներից հետո, ՀԲԸՄ-ը ներկայիս ազդարարում է իր ազգային առաքելության վերամշակված և ընդարձակված նոր, հանդուգն ծրագրի մեկնարկը:

Հարյուրտասը տարիներ առաջ հիմնադրված համաշխարհային ճանաչման արժանացած հայկական բարեսիրական մեծագույն կազմակերպությունը, որն իր ներկայացուցչություններն ունի ավելի քան 30 երկրներում, պաշտպանել և պահպանել է հայկական ինքնությունը և ժառանգությունը սփյուռքի ամբողջ տարածքում:

1991-ին Հայաստանի անկախությունից հետո, ՀԲԸՄ-ի առաքելությունն ընդարձակվեց հայրենիքին ցուցաբերվող մարդասիրական նախաձեռնություններով, այդ թվում նաև մշակութային և կրթական ծրագրերով:

Նպատակ հետապնդելով վերակազմավորել հայ ժողովրդին, որը հարկադրաբար տեղահանվել և տարագրվել էր կազմելու համար ներկայի տարաբնույթ հայ սփյուռքը, ՀԲԸ Միության վերափոխումների այս նախաձեռնությունը, հիմնվելով սփյուռքում և Հայաստանում ձեռք բերած անցյալի հաջողությունների վրա, նոր էջ է բացելու ինչպես կազմակերպության, այնպես էլ աշխարհասփյուռ հայության կյանքում:

2015 թվականին պաշտոնական արարողություններով և մեծ շուգով նշվեց Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ողբերգական ցեղասպանության հարյուրամյակը: Ամբողջ տարվա ընթացքում իրականացված միջոցառումներով, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը արժանապատվության և համայն աշխարհի զորակցության դրսևորումներով, իր ետին է թողնում մի ցավագին դարաշրջան և այժմ գտնվում է պատմական և շրջադարձային մի նոր հանգրվանի առաջ:

Վերապրումի, գոյապահպանումի, վերականգնումի ու բարգավաճումի հարյուր տարվան պայքարով, նաև բազմաթիվ կազմակերպությունների հերոսական աջակցությամբ, ապրելու իրաւունք ձեռք բերած հայերս, հանձնառու ենք մնում հարյուրամյակի միջոցառումների «հիշում եմ և պահանջում» պաշտոնական նշանաբանին, և պարտավորվում ենք որպես ազգ գիտակցել, թե ինչ է նշանակում «ողջ ու կենսունակ լինել», մեծարել մեր անթիվ անհամար սրբադասված մարտիրոսների հիշատակը և երախտապարտ լինել բոլոր նրանց, ովքեր բարիացակամորեն օգնության ձեռք են մեկնել մեզ:

Իր պանծալի անցյալի վրա հենվելով, ՀԲԸՄ-ը վճռական խիզախությամբ առաջ է գնում դիմագրավելու 21-րդ դարի մարտահրավերները, որպեսզի ապահովի կայուն ապագա հայ ազգի համար, որպես հիմք ունենալով, անշուշտ, Հայաստանը:

Շարունակելով պահպանել և հարստացնել հայկական ինքնությունը համայն աշխարհում, իր նոր, հանդուգն նպատակին հասնելու համար ՀԲԸՄ-ը իրականացնելու է հետևյալ քայլերը.

1. Վերաաշխուժացնել հայկական սփյուռքը, նրան հաղորդելով միասնական վերակազմավորման նոր եռանդ:

2. Սոցիալ-մշակութային իր պատմական առաքելությանը զուգընթաց, ընդարձակել հայրենիքի տնտեսության զարգացմանն ուղղված իր օժանդակությունը:

3. Արհեստավարժ տարրերով համալրված առավել արդյունավետ դարձնել իր կազմակերպչական կառույցներն ու նրանց գործունեությունները:

4. Միության նյութական միջոցները և կարողությունները ընդարձակելու նպատակով ծավալել շեշտադրված աշխատանք ապահովելու համար խոշոր ներդրումներ և նոր հիմնադրամների ու կազմակերպությունների հետ համագործակցություն:

5. Ընդարձակել և վերաաշխուժացնել կազմակերպությանը գործնական աջակցություն ցուցաբերող կամավոր անդամների և համակիրների համաշխարհային ցանցը:

6. Ներուժի համադրյալ ուժեղացում ապահովել այլ կազմակերպությունների հետ, արագ և ծավալուն ձեռքբերումների համար:

Իր այս նոր կողմորոշումով, ՀԲԸՄ-ը վերականգնում է 20-րդ դարի շեմին իր հիմնադիրների սկզբնական մարտավարությունը ու տեսլականը, որ պարտադրաբար փոփոխության էր ենթարկվել ցեղասպանության պատճառով:

Որպես նախաձեռնության իրականացման ուղղությամբ արված առաջին քայլ, ՀԲԸՄ-ը հպարտությամբ հայտարարում է, որ Ռուբեն Վարդանյանը ընտրվել է կենտրոնական վարչական ժողովի անդամ:

Հայաստանում ծնված Ռուբեն Վարդանյանը հաջողակ գործարար է, որ համաշխարհային համբավ է վայելում որպես Ռուսաստանի դաշնության տնտեսական մարզի և զարգացող շուկաների փորձագետ և միջազգային բարերար: Նրա գործարարական իրագործումների թվում կարելի է նշել հռչակավոր «Տրոյկա Դիալոգ» (Troika Dialog) ներդրումային դրամատունը, որը ստեղծել և ղեկավարել էր 1991-2012 թվականներին և ապա վաճառել Ռուսաստանի խոշորագույն դրամատանը «Սբերբանկին» (Sberbank):

ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչական ժողովի անդամ դոկտ. Նուբար Աֆեյանի հետ Ռուբեն Վարդանյանը 2001-ին համահիմնադիրներից էր «Հայաստան 2020» զարգացման հեռանկարային տեսլականի մշակման ծրագրի: Ավելի ուշ՝ 2007-ին նրա շնորհիվ իրականություն դարձավ նաև «Ազգային մրցունակության հիմնարկը», որն անհատական-հանրային համատեղ ընկերակցություն է, և վերջապես «IDEA» (Initiative for Development of Armenia) Հայաստանի Զարգացման Նախաձեռնությունների հիմնարկը: 2013-ին հիմնված այս հզոր կազմակերպությունն իր 300 արհեստավարժ պաշտոնեությամբ, գործում է Հայաստանից դուրս, բայց հայտնաբերում է, մշակում և գործադրում սոցիալ-տնտեսական ծավալուն ծրագրեր Հայաստանում: Անցած տարիներին այդ հիմնարկը ավելի քան 300 միլիոն ամերիկյան դոլարի ներդրում է կատարել, իրականացնելու համար մի շարք ակնառու ծրագրեր, ինչպես օրինակ «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, Դիլիջանի UWC-ի (United World Colleges) անդամ միջազգային քոլեջի կառուցումն ու Դիլիջանի քաղաքային վերանորոգման ծրագիրը:

2015-ին դոկտ. Վարդան Գրիգորյանի (Carnegie Foundation), դոկտ. Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի համատեղ ջանքերով մեկնարկեց «100 Lives» (Հարյուր կյանք) ծրագիրը, և հիմնվեց «Ավրորա համաշխարհային մարդասիրական մրցանակը» (Aurora Prize for Awakening Humanity), որ մեկ միլիոն ամերիկյան դոլլար է նախատեսում նվիրել այն աշխարհաքաղաքացիներին կամ կազմակերպություններին, որոնք իրենց կյանքը վտանգի ենթարկելով փրկել են դժբախտության մատնված անձանց կյանքը: Մրցանակը, որն առաջին անգամ շնորհվելու է Երևանում 2016-ի ապրիլին կայանալիք պաշտոնական արարողության ժամանակ, հիմնվել էր որպես երախտագիտության արտահայտություն հանդեպ բոլոր նրանց, ովքեր Հայոց ցեղասպանությունից վերապրածների կյանքերն Էին փրկել: Միաժամանակ մրցանակը հավակնում է աշխարհի ուշադրությունը կենտրոնացնել ներկայիս աշխարհում տեղի ունեցող մարդկային անարդարությունների վրա և ճանաչման արժանացնել մարդասիրական քաջարի արարքները:

Նոր նախաձեռնության առթիվ ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանն իր խանդավառությունն արտահայտեց ասելով. «Մեծ հաճույքով և հպարտությամբ ողջունում եմ Ռուբեն Վարդանյանի անդամակցությունը կենտրոնական վարչական ժողովին: Ուրախ եմ, որ դա մեր նախաձեռնություններին ի նպաստ կատարված հատկանշական մի քայլ է հանդիսանում: Ավելի քան երկու տասնամյակ ճանաչելով պրն. Վարդանյանին, նրան հաջողակ Հայի տիպար եմ համարում, իր բազմաթիվ իրագործումներով, անհատական արժանիքներով և անխախտ ուղղամտությամբ: Իր գործունեությամբ նա մարմնավորում է հայ ազգի ապագայի նկատմամբ տեսլականի, նպատակասևեռ կրքի և անձնուրաց նվիրումի մի անզուգական համադրություն: Որպես արդի գործարար և բարերար, Ռուբեն Վարդանյանը խանդավառող ներուժ է դրսևորում և նորարարական փայլուն համագործակցություն ապահովում «IDEA -ի» միջոցով: Եվ վերջապես, որպես Ռուսաստանի քաղաքացի, նա մեզ համար կենսական կապ է հանդիսանում Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի մեր կարևոր համայնքների միջև: Համոզված ենք, որ նա կարևոր դեր է կատարելու մեր ազգային առաքելության նոր տեսլականի իրագործման ասպարեզում: Ուրախությամբ ողջունում ենք նրա մասնակցությունը մեր նոր մարտավարական գործունեություններին»:

Այս առթիվ հայտարարվեց նաև ՀԲԸՄ-ի և IDEA-ի միջև առավել սերտ համագործակցություն ծավալելու անհրաժեշտության մասին, որպեսզի ամուր հիմքերի վրա դրվեն Հայաստանում իրականացվող ծրագրերը: Այդ առնչությամբ Պերճ Սեդրակյանն ու Վազգեն Յակուբյանն ընտրվեցին IDEA-ի հոգաբարձուների կազմի անդամ, միանալով այդ կառույցին մաս կազմող Միության կենտրոնական վարչական կազմի անդամներից Նուբար Աֆեյանին:

Իր հերթին, IDEA-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասաց. «Ինձ համար պատիվ և առանձնաշնորհում եմ համարում ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչական ժողովի իմ անդամակցությունը: Այս կազմակերպությունը, անցած հարյուր տարիների ընթացքում, հանդիսացել է հայ ազգի գոյապահպանման ամենահատկանշական մղիչներից, իր հետևողական և ազնիվ գործունեությամբ, որ ծավալել է աշխարհասփյուռ իր բազմաթիվ համայքների միջոցով: ՀԲԸՄ-ը լավագույնս է դիրքավորված լինելու հայրենիքի բարգավաճման գլխավոր լծակներից մեկը, ինչպես նաև դառնալու ուղեցույցը 21-րդ դարի հայ տիպարի կերտման: Ես խորապես հանձնառու եմ իմ ճիգերը, փորձագիտությունը և բարեսիրական կարելիությունները ի գործ դնելու՝ ի նպաստ այս ազնիվ կազմակերպության աշխատանքին: Խանդավառ եմ նաև ՀԲԸՄ-ի և IDEA –ի միջև զարգացող համագործակցությամբ և մեր ծրագրային կողմորոշումով, որի նպատակն է նոր հզոր ուժ հաղորդել հայ ժողովրդի առաջադիմությանը»:

Սույն հայտարարության առիթով, կենտրոնական վարչության անդամ Նուբար Աֆեյանն էլ հավելյալ լուսաբանություններ կատարեց ասելով. «Երկու տարի առաջ անդամակցելով ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչական ժողովին, հաճույքն եմ ունեցել մոտիկից աշխատակցելու նախագահ Պերճ Սեդրակյանի և բազմաթիվ այլ անդամների հետ, ՀԲԸՄ-ի ապագային ուղղված տեսլականի հորիզոնները ընդարձակելու ուղղությամբ: Սերտորեն գործակցել ենք նաև Ռուբենի և IDEA-ի հետ, մշակելու համար այն ուղեգիծը, որ ՀԲԸՄ-ն իրականացնելու է իր նոր մարտավարությամբ: Այդ ընթացքում մենք գործակցական արդյունավետ կապեր ենք հաստատել նաև ստեղծագործական ճարտարագիտության «ԹՈՒՄՈ» հիմնարար կենտրոնների հիմնադիր և ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ Սեմ Սիմոնյանի հետ: Այժմ, երբ իմ վաղեմի գործակից Ռուբեն Վարդանյանը միանում է ՀԲԸՄ-ի վարչական ժողովի կազմին, բոլորս խանդավառ ենք ձեռնարկելու կազմակերպչական վերափոխումների մեր հաջորդ հանգրվանը: Գոտեպնդված հարյուրամյակի ընթացքում հայության ցուցաբերած աննախադեպ ներուժով, մենք գիտակցությամբ ենք դիմագրավում մեր առաջ հառնող մարտահրավերներն ու պատեհությունները»:

«Նախաձեռնությունը ծավալուն գործակցությունների և առաջընթացի խանդավառ մի նոր հանգրվան է հանդիսանում ՀԲԸՄ-ի համար», հաստատեց Միության փոխնախագահ Սեմ Սիմոնյանը: «Ես հատկապես խանդավառված եմ ԹՈՒՄՈ կենտրոնների, Դիլիջանի միջազգային քոլեջի և Հայաստանի ամերիկյան համալսարանի ընձեռած հնարավորություններով, որոնք նոր մղում են ապահովում ՀԲԸՄ-ի կրթական ծրագրերին»: 

Արևմտահայերենի համար, սեղմե՛ք այստեղ:

Please note that archived content may appear distorted as it has been stripped of formatting and original images.