Սեպտեմբեր 27, 2021
A- A+
read

ՀԲԸՄ-ն ամփոփում է Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկին հաջորդող մեկ տարին

2020թ. սեպտեմբերի 27-ին հայկական աշխարհը բախվեց Հայրենիքի ազգային անվտանգության պահպանման խնդրին: Ճակատագրական այդ օրից ի վեր, Հայաստանի և Արցախի ժողովուրդները բազմաթիվ փորձությունների միջով են անցնում: ՀԲԸՄ-ն մաղթում է նրանց տոկունություն և մխիթարանք Արցախյան երկրորդ պատերազմից ապաքինվելու դժվարին ճանապարհին։

Մտորելով այս վշտալի իրադարձության մասին՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն ասել է. «Այս օրն, անկասկած, կհիշվի որպես հայոց պատմության տխուր էջերից մեկը: Բայց այսօր ՀԲԸՄ-ն կենտրոնանում է այն մարդկանց վրա, որոնք 44 օր շարունակ դիմակայել են թշնամու անմարդկային դաժանություններին: Մեր մտքերը նաև այն ընտանիքների հետ են, որոնք կորցրել են իրենց սիրելիներին պատերազմի դաշտում կամ եղել և շարունակում են լինել պատերազմական հանցագործությունների զոհ՝ այդ թվում նաև պատերազմի գերիները, որոնք դեռ պահվում են միջազգային և մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ:

Հարգելով մեր բոլոր քաջ նահատակների հիշատակը, որը մշտապես վառ կմնա ողջ հայ ազգի հիշողության մեջ՝ մենք մեր սրտերում ամուր ենք պահում նաև ծանր վիրավորում ստացած մեր հերոսներին»:

Միևնույն ժամանակ ՀԲԸՄ-ն արժևորում է ճգնաժամի մեջ գտնվող հայերին աջակցելու հայկական համերաշխության խոր զգացումը, որը դրսևորվել է սփյուռքի մեր նվիրատուների, կամավորների, աջակիցների, գործընկերների և ընկերների կողմից:  

Միասին նրանք իսկապես մարմնավորում են ՀԲԸՄ-ի հավերժական կարգախոսը՝ «Միությունը զորություն է»: