Մայիս 28, 2018
A- A+
read

ՀԲԸՄ-Ն ՆՇՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱԿԱՆ 100-ԱՄՅԱԿԸ

  • Նկար

1918թ. մայիսի 28-ը խորհրդանշում է մեր պատմության հերոսական այն պահը, երբ հայ ժողովրդի քաջարի զավակները, համախմբվելով հայրենասեր ռազմական ղեկավարության շուրջն ու անսալով օրվա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե.ի ի զեն հնչած հայրենաշունչ կոչին, հաղթահարեցին քաղաքական, ռազմական ու տարածաշրջանային մի շարք բարդ զարգացումներ, որոնք ի վերջո հանգեցին Սարդարապատի վճռորոշ ճակատամարտում իրագործված հաղթանակին:

Հակառակ այն իրողության, որ հայ ժողովրդի լայն զանգվածը կոտորակված, տեղահան ու թշվառ կացությունում էր հայտնվել՝ Առաջին աշխարհամարտի, Ցեղասպանության, ինչպես նաև Ռուսական հեղափոխությունից հետո Անդրկովկասում կատարված վերադասավորումների պատճառով, հերոսամարտի հաղթական արդյունքում ծնունդ առավ Հայաստանի Առաջին հանրապետությունը: Սա բացառիկ մի երևույթ էր 1375 թ. Կիլիկիո թագավորության անկումից հետո, երբ հայությունը կորցրել էր իր պետականությունը:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, որ այդ ժամանակահատվածում հարաբերաբար երիտասարդ կազմակերպություն էր, կենսական դերակատարություն ունեցավ ի շնորհիվ իր ղեկավարության հասունության ու ցանցի տպավորիչ հասանելիության: Միության հիմնադիր-նախագահ Պողոս Նուբար Փաշան այդ օրերին գլխավորում էր Ազգային պատվիրակությունը, որը հետպատերազմյան բանակցություններ էր վարում դաշնակից ուժերի հետ հայկական նահանգները օսմանյան տիրապետությունից ազատագրելու նպատակով: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայկական կամավորական լեգեոնը, որը հերոսաբար մարտնչեց ֆրանսիական դրոշի ներքո: Միությունը իր մասնաճյուղերի լայն ցանցի միջոցով կազմակերպեց գաղթականների օգնության, վերաբնակեցման, որբահավաքի ու խնամատարության լայնածավալ գործունեություն Միջին Արևելքում ու Հայաստանում: Հետագայում, երբ Հայաստանը Խորհրդային Միության մաս կազմեց, ՀԲԸՄ-ն կազմակերպեց հայրենադարձության շարժումը:

Մայիսի 28-ի ճշմարիտ նշանակությունը խորապես ու ամբողջովին ըմբռնելու համար անհրաժեշտ է այն դիտարկել ժամանակի լայն ոսպնյակի ներքո: Այսօր մենք կարող ենք առավել հստակորեն գնահատել, թե այս փոքրածավալ հողատարածքի վրա հայկական ինքնիշխանության հաստատումը, նույնիսկ երկու տարիների կարճ ժամանակամիջոցի համար, նոր ուղեգիծ ապահովեց հայ ազգի համար, մեզ հասցնելով քառորդ դարյա մերօրյա անկախությանը, որն այժմ վայելում ենք:

ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանի խոսքով, «Հատկանշական է նաև, որ այս հարյուրամյակը համընկնում է այն պահի հետ, երբ հայկական պետականությունը հասունացման նոր փուլ է թևակոխում՝ Հայաստանի քաղաքացիների ազատ կամքի դրսևորումներով ու կառավարության հետ քաղաքացիական երկխոսությամբ: Ցուցաբերված հավասարակշիռ գործելակերպը հաստատեց, որ յուրաքանչյուր քաղաքացի իր բաժինն ունի հզոր պետականության կայացման գործում, որով նա կարող է դիմակայել ներքին թե արտաքին բոլոր տեսակի ճնշումներին:»

Չնայած Առաջին հանրապետության կարճատև գոյությանը, նրա առաջնորդների շրջահայացության շնորհիվ ապահովվեց երկրի ու ժողովրդի գերազանցապես հայկական դիմագիծը՝ երկրի, որպես խորհրդային հանրապետություն, հետագա գոյության 70 տարիներին, որն էլ ճամփա հարթեց ներկայի մեր հանրապետության համար՝ այսօր վերածնված ազատ ու անկախ ազգային պետականությամբ:

ՀԲԸՄ-ն իր հարգանքի տուրքն է մատուցում Առաջին Հանրապետության առաջնորդների, ինչպես նաև բոլոր նրանց հիշատակին, ովքեր պայքարի ճանապարհին զոհվեցին հասնելու այն նպատակին, որի արգասիքը մի դար անց հայ ազգը ըմբոշխնում է այսօր:

Please note that archived content may appear distorted as it has been stripped of formatting and original images.