Փետրվար 04, 2020
A- A+
read

Ամփոփվեցին Եվրամիության կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ «ՔՀ կամուրջ» ծրագրի արդյունքները

  • Նկար
    Panel discussion with partners and stakeholders. From left t
    Panel discussion with partners and stakeholders. From left to right: Talar Kazanjian (AGBU Armenia Executive Director) and Line Urban (EUD Armenia International Aid/Cooperation Officer).
  • Նկար
    Chargé d'Affaires a.i. of the EU delegation, Ekaterina Dorod
    Chargé d'Affaires a.i. of the EU delegation, Ekaterina Dorodnova, gives opening remarks.

2019թ դեկտեմբերի 17-ին կայացավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ՔՀ Կամուրջ» ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի վերջնական արդյունքները, անցկացվեցին պանելային քննարկումներ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, աշխատակիցների և շահառուների մասնակցությամբ:

Ընդհանուր 2,255,286 եվրո արժողությամբ «ՔՀ Կամուրջ» դրամաշնորհային ծրագիրն իրականացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Եռամյա այս ծրագրի նպատակն էր ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ներ) կարողությունները սփյուռքի ներուժի միջոցով՝ քաղաքացիների կարիքներին ավելի լավ արձագանքելու գործում: Շնորհիվ ՀԲԸՄ «ՔՀ Կամուրջ» ծրագրի, 49 հայաստանյան հասարակական կազմակերպություն ստացան դրամաշնորհ՝ ավելի քան 1,000,000 եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ՝ իրականացնելու նորարարության խրախուսմանն ու սոցիալական ձեռնարկատիրությունների զարգացմանն ուղղված ծրագրեր՝ սկսած համայնքային և տուրիզմի զարգացումից մինչև կանանց հզորացում, արվեստ և սոցիալական պաշտպանություն: Ծրագիրն առաջարկում էր նաև ՔՀԿ կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք փոխկապակցված բարեփոխումներ` վերապատրաստումներ, համալսարանական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման դասընթաց, ՔՀԿ-ների անվճար խորհրդատվություն, ՔՀԿ-ների գործունեության բարելավման և իրազեկման նպատակով ընտրված բարի կամքի դեսպաններ:

Ծրագրի պաշտոնական փակման միջոցառմանը ներկա էին ԵՄ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Դորոդնովան, ԵՄ միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար կազմը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահառուներ և այլ հյուրեր:

ԵՄ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Դորոդնովան իր ողջույնի խոսքում նշեց. «ԵՄ կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ «ՔՀ կամուրջ» ծրագիրն ուներ բազմաթիվ նորարարական կողմեր: Սա իրոք նորարարական էր, քանի որ ԵՄ-ն առաջին անգամ համագործակցում էր ամենախոշոր համազգային և համահայկական կազմակերպության հետ: Ես իսկապես երախտապարտ եմ ՀԲԸՄ ղեկավարությանը ծրագիրն հաջող կերպով ավարտին հասցնելու համար: Բոլորս գիտենք, որ դյուրին չէ խոշոր ֆինանսական միջոցներ կառավարելը, իսկ այս ծրագրի դեպքում խոսքն 2,000,000 եվրոյի մասին էր: Դուք հիանալի աշխատանք կատարեցիք, որի արդյունքում 49 հասարակական կազմակերպություն Երևանից և մարզերից ենթադրամաշնորհ ստացան՝ գերազանցելով նախատեսված 30 կազմակերպությունների թիվը»:

Ներկաներին ողջունեց նաև ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց և գործընկեր կազմակերպություններին, որոնց շնորհիվ այս ծրագիրն իրականություն դարձավ: Այս և այլ ծրագրերի միջոցով ՀԲԸՄ –ն սատարում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, իսկ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը կարևոր քայլ էր այս ոլորտն ավելի լավ հասկանու համար: Երախտապարտ ենք ծրագրի ընթացքում հաստատված գործընկերությունների համար և հույս ունենք, որ ստեղծվել է ամուր հիմք հետագա փոխգործակցության համար:»

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը: «Սա յուրօրինակ համագործակցություն էր, որի արդյունքում մենք ստեղծեցինք մի ծրագիր, որտեղ սփյուռքը առաջին անգամ այդ մասշտաբով և ինստիտուցիոնալ ուղիներով կարող էր ընդգրկվել Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման մեջ: Հայաստանում քաղաքացիական հասարակությունը և նրա կառույցները զարգանում էին կղզիացած ձևով: Մինչև հեղափոխությունը սփյուռքի շատ շրջաններում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ աշխատելու վախ կար: Եվ մենք հասցեագրելով հենց այս խնդիրը՝ նպատակ դրեցինք ստեղծել կամուրջ Հայաստանի և սփյուռքի միջև, և կարծում եմ, որ հաջողեցինք:»

Հաջորդիվ ծրագրի ամփոփ ներկայացումը, պանելային քննարկումներն ու ծրագրի շահառուների հաջողված պատմություններն էին։

ՀԲԸՄ «ՔՀ կամուրջ» ծրագրի ենթադրամաշնորհառու, «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Լիլիթ Պետրոսյանը պանելային քննարկման ժամանակ խոսեց ՀԲԸՄ-ից ստացած ենթադրամաշնորհի օգտակարության մասին. «Շատ շնորհակալ ենք ՀԲԸՄ-ից մեզ զարգանալու և առաջ գնալու այս հնարավորությունը ընձեռելու համար: Մեր ծրագիրը նախատեսում է կատարողական միջազգային արվեստի ստեղծում Հայաստանում, տվյալ պարագայում՝ Գյումրիում: Ծրագիրը երկարաժամկետ ծրագիր է, որն ունի մեծ սոցիալական, տնտեսական և մշակութային բաղադրիչ: Որպես կազմակերպություն այս դրամաշնորհը մեզ տվեց լավ կապեր, ինչպես նաև հնարավորություն հրավիրելու ճարտարապետ նոր կենտրոնի կառուցման համար, իսկ որպես անհատ՝ գիտելիք և լավ ընկերներ:»

Պանելային այս քննարկմանն իրենց տպավորություններով և կատարած աշխատանքով կիսվեցին նաև ենթադրամաշնորհառու մյուս կազմակերպությունների ներկայացուցիչները՝ «Համայնքի զարկերակ» ԵՀԿ-ի նախագահ Արտուշ Խաչատրյանը, «Հավատ» վատ լսող երեխաների և մայրերի ՀԿ-ի անդամ Կարինե Հարությունյանը և այլոք:

Հաջողված պատմությունները շատ են, իսկ մենք՝ հպարտ, որ կարողացանք աջակցել հայաստանյան կազմակերպություններին իրականություն դարձնել իրենց ամենավառ գաղափարներն ու նախաձեռնությունները՝ ի նպաստ ավելի նորարարական, ամուր և կայուն քաղաքացիական հասարակության:

Please note that archived content may appear distorted as it has been stripped of formatting and original images.