Հունվար 01, 2021
A- A+
read

ՀԵՏԱՀԱՅԱՑ ՁԳԵԼՈՎ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ

Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում եւ ի սփյուռս աշխարհի,

Անցնող տարին ցավալիորեն տարբեր էր կենդանի հիշողության մեջ մտաբերվող բոլոր նախորդ տարիներից։ 1918 թվականի «իսպանական գրիպից» մեկ դար անց աշխարհը կորցրեց գրեթե երկու միլիոն մարդ նոր` COVID-19 համավարակի պատճառով։ Լիբանանահայերի համար 2020 թվականը կործանարար էր նաեւ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի եւ կառավարության նկատմամբ վստահության անկման պատճառով։ Ճակատագրի հեգնանք է, որ 2020-ը նշանավորվում էր Լիբանանի անկախության հարյուրամյա տարեդարձով։ Իսկ Հայաստանում մենք անցանք Արցախյան աղետալի նոր պատերազմով, որը ռազմական եւ հասարակական-քաղաքական պարտություն բերեց մեր ժողովրդին։ Չնայած պատերազմը միավորեց ու համախմբեց մեր ժողովրդին աշխարհով մեկ, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ դրսեւորեցին կամք ու վճռականություն օգնելու իրենց Հայրենիքին նորից ոտքի կանգնել` պատերազմի բարոյական ու նյութական հետեւանքները մեզ` հայերիս թողեցին երերուն վիճակում։

Գրեթե մեկ տարի ողջ աշխարհը պարտադրված էր նոր կենսակերպի անցնել` պահպանելով այսպես կոչված «սոցիալական հեռավորություն»։ Ընտանիքի անդամներն ու ընկերները զրկված էին միմյանց ազատորեն ողջագուրվելու հնարավորությունից։ Որոշները կայծակնային արագությամբ դժբախտացան` կորցնելով իրենց սիրելիներին, մյուսները կորցրեցին իրենց ապրուստի միջոցները կամ եկամտի աղբյուրները։ Այս համավարակը ավիրեց գլոբալ տնտեսությունը եւ դրա հետեւանքները զգացին գրեթե բոլորը` անկախ ունեցվածքից, տարիքից կամ ինքնությունից։ Լայն հասանելիությամբ պատվաստանյութեր ունենալու հեռանկարը այսօր արդեն թույլ է տալիս այս սարսափելի մարտահրավերի էջը թերթելու լավատեսություն ունենալ։

Հետահայց ձգելով սակայն` նույնիսկ անցնող դժնդակ տարվա մեջ կարող ենք գտնել լույսի, միասնության ու զորության պահեր։ Թեեւ ֆիզիկապես` շփում ենթադրող մեր ծրագրերի համար հասկանալի պատճառներով ստիպված էինք դադար վերցնել, մենք ստեղծագործաբար օգտվեցինք նոր տեխնոլոգիաներից. Հայկական բարեգործական ընդհանուր միության կամավորներն ու աշխատակիցները նոր նշաձող սահմանեցին` կապ հաստատելով ու մեր ծրագրերի համար ներգրավելով բոլոր տարիքային խմբերի մեր հայրենակիցներին բոլոր մայրցամաքներում։ Մենք առցանց հյուրընկալեցինք կարեւոր ու արդիական թեմաներով քննարկումներ, կրթեցինք տասնյակ հազարավորների` ներառյալ մեր «Հայկական աշխարհից» դուրս գտնվող մարդկանց։ Ես հպարտության զգացում եմ ապրում մեր ՀԲԸՄ-ի` իր մոտեցումներն ու գործունեությունը կառուցելու ու վերակազմակերպելու ունակությամբ։ Մենք ցուցաբերեցինք ճկունություն, նորարար մտածողություն, ծրագրեր իրականացնելու փայլուն կարողություններ` այդ ամենը համեմելով մեր հայրենակիցներին օգնելու անկեղծ մղումներով։ Ամենից առավել կարեւորում եմ այն, որ մենք աջակցության կարեւոր ծրագրեր իրագործեցինք բոլոր այն իրավիճակներում, երբ դա խիստ անհրաժեշտ էր։ Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր արդյունավետ կերպով հնարավոր դարձրեցին այդ կարեւոր իրագործումները։

Նախորդ տարի ՀԲԸՄ-ի մեր բոլոր ջանքերում առաջնայինը իրապես հումանիտար ոլորտն էր։ Սննդի անապահովության ճգնաժամը ողջ աշխարհում պատուհասել էր շատերին։ Մեր համայնքները աշխարհի բոլոր անկյուններում ոտքի կանգնեցին ապրուստ եւ խնամք ապահովելու առավել կարիքավորներին, ինչը հնարավոր դարձավ մեր նվիրատուների անասելի առատաձեռնության եւ մեր կամավորների անտրտունջ նվիրվածության շնորհիվ։

Երբ թվում էր, թե մենք արդեն հարմարվել ենք նոր կենսակերպին, մեր գլոբալ համայնքը ցնցվեց Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ի չարաբաստիկ պայթյունի պատճառով։ Մեր հայ համայնքը, որ արդեն իսկ կրել էր զրկանքներ Լիբանանի տնտեսական անկման հետեւանքով, կանգնեց նոր ու խիստ ցավալի կորուստների առջեւ։ Երբ բեյրութահայերի կյանքը այս պայթյունով կրկին ցնցվեց, ՀԲԸՄ-ը եւս մեկ անգամ հավաքեց իր ուժերն աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Մեր անդամների, բարեկամների ու աջակիցների պատրաստակամությամբ մենք միջոցներ ապահովեցինք ավերածությունները մաքրելու, տները վերակառուցելու, կարիքավորներին սնունդ եւ բժշկական պարագաներ տրամադրելու եւ բարեգործական օգնության անհաշվելի այլ գործեր անելու համար։ Մեր սկաուտական շարժման անդամներն ու կամավորներն այդ դժվարին ժամանակներում փայլուն օրինակ ծառայեցին բոլորիս իրենց իրական միասնության ոգով, նվիրումով ու քաղաքացիական ակտիվության դրսեւորումներով։

Հաջորդ ամիս` սեպտեմբերին հայերը ողջ աշխարհում չնախատեսված մի նոր հարված ստացան։ Մեր բոլորի Հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, որը շարժվում էր բարգավաճման ու կայունության պայծառ ուղիով, ահռելի ուժգնության հետմղում ունեցավ։ Սեպտեմբերի 27-ին սկսված թուրք-ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով կորցրեցինք Արցախի տարածքի մեծ մասը եւ ոչնչացվեց նրա ենթակառուցվածքների մի զգալի հատվածը։ Անշուշտ, ավելի կործանարար էր այն, որ ընդամենը վեց շաբաթում պատերազմը խլեց մեր ավելի քան 5,000 քաջարի զինվորների կյանքը, մոտ 10,000 հոգի ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ եւ մոտ 70,000 հոգի տեղահանության ենթարկվեց։ Ամեն անցնող շաբաթ ավելի տեսանելի է դարձնում ահագնացող հումանիտար աղետի ողջ ծավալը։

Այս ամենի արդյունքում մեր ժողովուրդը ընկճվեց ու բարոյալքվեց` հայտնվելով քաղաքական բախումների հորձանուտում։ Հիրավի, մենք տարեվերջին մոտեցանք շփոթության ու սգի խավարի մեջ, բայց մենք` հայերս կրկին ոտքի ենք կանգնելու, ինչպես միշտ մեր պատմության ընթացքում, ապավինելով մեր աննախադեպ ոգու ամրությանը, խելքին ու աշխատասիրությանը։ Ապավինելով մեր անհատական ու հավաքական ուժին` մենք հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները։ Մենք երբեք չենք կարող մոռանալ, որ իբրեւ ժողովուրդ մեզ փորձել են բնաջնջել, բայց մենք մաքառել ու վերապրել ենք նույնիսկ դրան հաջորդած քաղաքական անորոշությունների տասնամյակներին, վերապրել ենք ցրվելով սփյուռքի գաղթօջախներով եւ դիմակայել ենք նույնիսկ Մերձավոր Արեւելքը պատուհասած ցնցումներին։ Մենք դեռ շարունակում ենք կանգուն մնալ, քանզի հայերը երբեք թույլ չեն տա, որ խավարը հաղթի մեր ոգու ամրությանը։ Եվ սա ամենեւին էլ փոքր սխրանք չէ։

Այս դժվարին տարվա ավարտը ու նորի առաջին օրերը խորը եւ լուրջ մտորումների պատեհ առիթ է։ Մենք իրավացիորեն վերագնահատում ենք Հայաստանի անկախության գրեթե երեսուն տարիների, ինչու չէ նաեւ Առաջին հանրապետությունից ի վեր անցած դարի ընթացքում մեր արածն ու չարածը։ Երիցս ճիշտ է հետահայաց ձգել ու փորձել պատշաճ դասեր քաղել յուրաքանչյուր հանձնառության, յուրաքանչյուր ռազմավարության, յուրաքանչյուր ծրագրի ճակատագրից, նույնիսկ պետության ու սփյուռքի միջեւ հարաբերություններում նկատված վայրիվերումներից։ Այդ ճանապարհով է, որ կհասկանանք, թե ինչը կարող էինք ավելի լավ անել եւ ինչ պետք է անենք հաջորդիվ։ Այդպես ենք զարգանալու ու ավելի ամրացած ոտքի կանգնելու` թե՛ անհատական, թե՛ կազմակերպական առումներով։

Այդ կարեւոր վերաիմաստավորումները կարճ ժամանակ անց մեզ կուղղորդեն դեպի պետականաշինության ու համայնքային կազմակերպման նոր ու նորարար մոդելներ, դեպի ավելի պայծառ ապագա կառուցելու նոր ռազմավարություններ։ Մենք` իբրեւ ժողովուրդ, ունենք անհրաժեշտ կարողությունները, տաղանդները ու վճռականությունը մեր սեփական բախտը բարելավելու ու պաշտպանունակությունը ուժեղացնելու համար։ Մենք ունենք նաեւ այնպիսի առավելություններ, որ երբեք չենք ունեցել նախկինում, ինչպես օրինակ առաջատար տեխնոլոգիաներին հասանելիությունը եւ միմյանց հետ իրական ժամանակում աշխատելու կարողությունը։ 21-րդ դարը գիտելիքի տնտեսության դարն է։ Մենք պետք է օգտագործենք մեր առավելություններն ու կարողությունները` կառուցելու այն ապագան, որտեղ մենք ուզում ենք ապրել իբրեւ ժողովուրդ։ Մեզ բաժին հասած ծանր դասերը սերտելով` այս դժվարին ժամանակներից մենք դուրս կգանք առավել ուժեղացած ու կտեսնենք նորի արշալույսը, երբ հույսի լույսը կծագի մեր ցավի միջից։

Թող այս խավարը ջրբաժան դառնա մեր կերպափոխման համար եւ առաջնորդի մեզ դեպի ավելի պայծառ ապագա, որտեղ մեր միասնականությունն է լինելու մեր ուժի աղբյուրը։ Մեր ազգային վերածննդի համար յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր դերը եւ ներդրումը։ ՀԲԸՄ-ն այսու իր հանձնառությունն է ստանձնում պետականաշինության եւ զարգացման կարեւոր ձեռնարկներում։ Մենք կանգնելու ենք հայերի կողքին ամենուրեք եւ աշխատելու ենք բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են համագործակցել ու համադրել ջանքերը` հանուն ավելի մեծ արդյունքի։ Յուրաքանչյուրիս ժամանակի, մասնագիտական կարողությունների ու բարի կամքի կարիքն այսօր առավել քան ակնառու է։

Շնորհակալություն եմ հայտնում հայկական կյանքում ու ձեռնարկներում ձեր իրական հոգատարության եւ շարունակական ներգրավվածության համար։ Մաղթում եմ ձեզ ու ձեր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն եւ ամուր առողջություն 2021 թվականին։

Անկեղծորեն՝

Պերճ Սեդրակյան

ՀԲԸՄ Նախագահ

Please note that archived content may appear distorted as it has been stripped of formatting and original images.