Օգոստոս 15, 2023
A- A+
read

ՀԲԸՄ FOCUS MADRID 2023-ը գաղափարների փոխանակման և կապերի ստեղծման անփոխարինելի հարթակ

  • Նկար
    International motivational speaker Joze Piranian explores conquering fears at the FOCUS 2023 all day conference.
    Միջազգային մոտիվացիոն բանախոս Ժոզե Փիրանյանը խոսում է վախերը հաղթահարելու շուրջ FOCUS 2023-ի համաժողովում:
  • Նկար
    Cellist Hayk Sukiasyan performs for guests at Focus on Art.
    Թավջութակահար Հայկ Սուքիասյանը ելույթ է ունենում FOCUS on Art-ի հյուրերի համար:
  • Նկար
    AGBU YP Network Manager Christina Lalama presents an overview of AGBU history at the all-day conference.
    ՀԲԸՄ ԵԱ ցանցի մենեջեր Քրիստինա Լալաման համաժողովին ներկայացնում է ՀԲԸՄ-ի բազմամյա պատմությունը:
  • Նկար
    Perspectives panel discussion at the Fundación Francisco Giner.
    «Հեռանկարներ» պանելային քննարկում Fundación Francisco Giner-ում:
  • Նկար
    Perspectives organizers and speakers: Davit Baghdasaryan, Aimee Keushguerian, Arman Kazanjian, Yeva Hyusyan, Diran Guiliguian, Nanor Demirjian, and Levón Grigorián Keheaián.
    «Հեռանկարներ»-ի պանելային քննարկման բանախոսներ Եվա Հյուսյանը, Էմի Քեուշգերյանը, Դավիթ Բաղդասարյանը, Տիրան Կիլիկեանը (մոդերատոր) և Լևոն Գրիգորյանը (Enterprise Armenia):
  • Նկար
    Eager audience members ask thought-provoking questions during the AGBU Noubar Nazarian YP Innovators Fund (NNIF) pitch battle.
    ՀԲԸՄ Նուբար Նազարյանի անվան ԵԱ նորարարական հիմնադրամի դրամաշնորհի եզրափակիչ փուլը:
  • Նկար
    Armenian-themed dancers choreographed by Emma Melikyan take the stage at Focus on Art.
    Հայկական մոտիվներով հանդես եկող պարուհիները պարուսույց Էմմա Մելիքյանի հետ FOCUS on Art-ում:
  • Նկար
    YP Madrid Committee Members (Back Row): Levón Grigorián Keheaián, Diran Guiliguian (chair), Arman Yeghiazaryan, Arman Kazanjian Fraile (Front Row) Paloma Yessayan Villalobos, Arpine Hakobyan, Anna Baghdasaryan, Sofia Mazkedian, Luiza Grigoryan Ghimoyan, Anahit Margaryan, Yeranuhi Hovhannisian, Elen Poghosyan (Not pictured) Jan Hanna Der Khorenian, Nanor Demirjian.
    ԵԱ Մադրիդի հանձնախմբի անդամներ Տիրան Կիլիկեանը (նախագահ), Աննա Բաղդասարյանը, Նանօր Տէմիրճեանը, Լեւոն Գրիգորեանը, Լուիզա Գրիգորյան Ղիմոյանը, Արփինե Հակոբյանը և Ժան Հաննա Տեր Խորենեանը։
  • Նկար
    FOCUS Gala guests enjoyed a flamenco-duduk performance by Lori La Armenia, vocalist Alberto García, and musician Artyom Minasyan at the Palacio de Aldovea.
    Ֆլամենկո-դուդուկ Լորի լա Արմենիայի, վոկալիստ Ալբերտո Գարսիայի և երաժիշտ Արտյոմ Մինասյանի կատարմամբ։

Չորս տարվա մեծ սպասումներից հետո 25 երկրից մոտ 500 երիտասարդ արհեստավարժ հավաքվեցին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում՝ ՀԲԸՄ FOCUS 2023 քառօրյա համաժողովի շրջանակներում։ Համաժողովի նպատակն էր երիտասարդներին համախմբել իրենց հայկական արմատների շուրջ, խթանել  բազմաբնույթ քննարկումներն ու ամրապնդել կապերը։

Հայ երիտասարդների համար, ովքեր իրենց գործունեությունն են ծավալում աշխարհի տարբեր անկյուններում, սա եզակի հնարավորություն է նոր մարդկանց հանդիպելու, անձնական կապերի շրջանակն ընդլայնելու, առանցքային երկխոսություններ նախաձեռնելու կամ դրանց մաս կազմելու և պարզապես իրենց հայկական արմատներին անդրադարձ կատարելու համար:

ՀԲԸՄ FOCUS 2023-ի հագեցած օրակարգը կազմել էին ՀԲԸՄ Մադրիդի Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ Մադրիդ)՝ ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակի հետ համատեղ։ Օրակարգը բաղկացած էր սեմինարներից, կոնֆերանսներից, մշակութային էքսկուրսիաներից և խոհարարական համտեսներից։ Այն մասնակիցներին հնարավորություն տվեց վայելելու իսպանական և հայկական մշակույթի տարրերը տեսարժան վայրերով և պատմական ու ժամանակակից կոթողներով լի քաղաքում։

Միջոցառման հիմքը դրվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ՝ նպատակ ունենալով հայ երիտասարդ արհեստավարժների շրջանում խթանել ու ամրապնդել կապերը։ Այս առումով, FOCUS-ը շարունակում է ծառայել որպես բաց հարթակ, որտեղ առաջարկվում են ապագա կերտելունն ուղղված նոր գաղափարներ: Քննարկման թեմաները որոշվում են մասնակիցների հետաքրքրություններին ու առաջնահերթություններին համահունչ: Այս տարվա գլխավոր թեման Հայաստանը որպես մասնագիտական ​​զարգացման վայր դիտարկելն էր, ինչպես նաև հայկական մշակույթը գովերգելը։ 

Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց ՀԲԸՄ FOCUS MADRID 2023-ի ղեկավար Տիրան Կիլիկեանը, մեր նպատակն է օգնել ամրապնդել կապերը և ոգեշնչվել ու քայլեր ձեռնարկել տեղական և գլոբալ մակարդակում: «Այստեղ՝ Մադրիդում, եկեք կապեր ստեղծենք, որոշումներ կայացնենք և սկսենք համախմբված գործել», - հորդորեց նա՝ ակնարկելով նաև նոր իրողությունը, որում 2020 թվականի Արցախյան պատերազմը և դրա կործանարար հետևանքները նոր ընթացք են հաղորդել հավաքական գործողությունների, առաջնորդության և հայկական ինքնության արտահայտման վերաբերյալ քննարկումներին։ 

Ընդհանուր հայտարար  

Այս տարվա պաշտոնական մեկնարկային հանդիպումը՝ «Հեռանկարներ»-ը, անցկացվեց Մադրիդի «Fundación Francisco Giner» ժամանակակից ամֆիթատրոնում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի ապագա ներուժին, և թե ինչպես կարող են աշխարհասփյուռ երիտասարդ ու նպատակասլաց հայերն օգտագործել այդ հնարավորությունները հօգուտ իրենց կարիերայի։ Կիլիկեանի վարած «Հայաստան. պարտավորությունից մինչև հնարավորություն» խորագրով քննարկումը ուրվագծեց շոշափելի ուղիներ, որոնք կօգնեն հայ երիտասարդներին օգտվել Հայաստանում և Արցախում մասնագիտական զարգացման համար առաջարկվող հնարավորություններից:

Իսպանիայում «Enterprise Armenia»-ի ներկայացուցիչ և «YP Madrid»-ի ղեկավար կոմիտեի անդամ Լևոն Գրիգորյանը խոսեց, թե ինչպես կարելի է Հայաստանը խոստումնալից ու հեռանկարային երկիր դարձնել ներդրողների համար: Նա Հայաստանը դիտարկեց որպես Ասիան Եվրոպային կապող կենսական կամուրջ։ Ի լրումն Հայաստանի՝ նույնիսկ 2020 թվականի պատերազմի ժամանակ աճող ՀՆԱ-ին և համեմատաբար ցածր հարկերին, նա ընդգծեց այն հանգամանքը, որ Հայաստանն ունի նաև շնորհալի տաղանդների ֆոնդ, որը կծառայի ի նպաստ հայրենադարձության։     

Հայաստանաբնակ բանախոսների թվում էին Էմի Քեուշգերյանը՝ «Zulal Wines»-ի հիմնադիրն ու սեփականատերը և «Keush» and «Wineworks»-ի գործադիր տնօրենը, Դավիթ Բաղդասարյանը՝ «Krisp»-ի գործադիր տնօրենը և համահիմնադիրը, և Եվա Հյուսյանը՝ «Sololearn»-ի գործադիր տնօրենը և համահիմնադիրը: Նրանք անդրադարձան Հայաստանի սահմանամերձ գյուղերում առանձնահատուկ խաղողի տեսակներից գինիների արտադրությանը, որն իր հերթին նպաստում է Հայաստանի սահմաներն ամրապնդելուն։ Այս կերպ, օգտագործելով Հայաստանի զարգացող տեխնոլոգիական արդյունաբերությունը, ստեղծվում են ծաղկուն բիզնեսներ՝ միաժամանակ զգալի ազդեցություն ունենալով տեղի համայնքի վրա և ստեղծելով հայկական աշխատասիրությամբ և Սիլիկոնյան հովտի արժեքներով միահյուսված աշխատանքային մշակույթ։ Հարցուպատասխանի ընթացքում քննարկման գլխավոր առարկան էր Հայաստանի հետ մասնագիտական կապերը զարգացնելը:

Գործել որպես առաջնորդներ

FOCUS-ի շրջանակներում ավելի քան 50 ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների խմբերի ղեկավարներ և հանձնախմբերի անդամներ հնարավորություն ունեցան հավաքվել կառուցողական քննարկումների շրջանակում՝ մշակելու ԵԱ ցանցի զարգացման և նպատակների սահմանման նոր ռազմավարություն: Մի քանի տարի Zoom-ով անցկացված հանդիպումներից և սոցիալական մեդիայով սահմանափակված հաղորդակցությունից հետո սա անգնահատելի հնարավորություն էր նրանց համար՝ անձամբ հանդիպելու և  կիսելու իրենց կամավոր աշխատանքի հիմքում ընկած շարժառիթները և ներկայացնելու տեղական մակարդակում իրենց ձեռքբերումները: 

ԵԱ Ցյուրիխից և ԵԱ Լիբանանից մինչև ԵԱ Հայաստան, ԵԱ Բոստոն և բազմաթիվ այլ երկրներից ու քաղաքներից ժամանած ԵԱ խմբերի մի շարք մասնակիցներ քննարկեցին համագործակցության, հաղորդակցության, արդյունավետ համակարգման և ներդրում կատարելու հնարավորությունները, որը հիմք դրեց թե՛ միջոցառման ընթացքում, և թե՛ հետագա քննարկումների համար։ 

Հաջորդ օրը տեղի ունեցավ մասնակիցների թվով մինչ օրս ամենամեծ FOCUS համաժողովը, որին ներկա էին ավելի քան 250 անձ։ Մասնակիցներ կային այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Ավստրալիան, Հայաստանը, Ուրուգվայը, Արաբական Միացյալ Էմիրությունները և այլն։ Համաժողովի օրակարգը կազմել էր ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը՝ ընդգծելու ինտեգրման քաղաքականության և հետադարձ կապ պահելու կարևորությունը:

ՀԲԸՄ-ի առաքելությունն ու գաղափարախոսությունը ներկայացնելուց հետո մի քանի օրինակների միջոցով ցույց տրվեց այն գործընթացը, թե ինչպես է ՀԲԸՄ-ի ղեկավարությունը վերցնում ֆորումների և համաժողովների արդյունքում ծնված տեսակետներն ու դրանք գործի դնում՝ աջակցելով երիտասարդ արհեստավարժների համար ծրագրային ներգրավման հնարավորությունների ստեղծմանը և ընդլայնմանը: Վերջինս վերածվեց ակտիվ աշխատաժողովի, որը վարեց Կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ FOCUS-ի հիմնադիր Անի Մանուկյանը:

«Այստեղ հավաքվածները կյանքի տարբեր շերտերից ու ոլորտներից են: Մեզնից յուրաքանչյուրի բնութագիրը եզակի է։ Հետևաբար, հայկական ինքնությունն անվերջ է։ Մենք պետք է հարգենք և ընդունենք ցանկացած մարդու, ով իրեն հայ է զգում: Կարևոր չէ, թե դու 1/8 հայ ես, հայ ես՝ ըստ ցանկության, կամ ամուսնացած ես հայ ընտանիքում. դու հայ ես։ Եվ մենք շատ քիչ ենք այս աշխարհում այլ կերպ մտածելու համար: Մենք պետք է ինտեգրող լինենք մեր տեսանկյունից և ողջունենք բոլորին: Եղեք ինտեգրելու դեսպան այն ամենում, ինչ անում եք»,- հորդորեց նա ներկաներին: Այնուհետև բոլորի ուշադրությունն ուղղեց ՀԲԸՄ ամսագրի՝ «Նոր սփյուռքահայը» խորագրով վերջին համարին, որը ներառում է հետաքրքրաշարժ պատմություններ ու բացառիկ լուսանկարներ։

Աշխատաժողովի ընթացքում հնչեցին նաև տեսակետներ, թե ինչի է ակնկալում հասնել երիտասարդ արհեստավարժների այս սերունդը և ինչը կօգնի նրանց բարգավաճել և՛ որպես անհատ, և՛ որպես խմբի անդամ։ Հորդանանից մի հյուր կիսվեց իր տպավորություններով. «Ես եկել եմ այստեղ առանց մեծ թվով հայերի ճանաչելու, լինի դա Հորդանանում, թե՛  այլուր, և հիմա թողնում եմ այս քննարկումը ոգեշնչված այն գաղափարով, որ տուն վերադառնալուն պես ՀԲԸՄ ԵԱ խումբ կստեղծեմ Հորդանանում, որը կվերածվի միմյանց սատարող համայնքի»:

Դրամաշնորհային մրցույթ և մոտիվացիոն ելույթ

FOCUS-ի համաժողովի ընթացքում անցկացվեց նաև Նուբար Նազարյանի անվան ԵԱ նորարարական հիմնադրամի 2-րդ դրամաշնորհային մրցույթը։ Այն հիմնադրվել է 2017 թվականին՝ ի պատիվ լուսահոգի բարերար և գործարար Նուբար Նազարյանի և խրախուսում է բիզնեսի և համայնքային ոլորտի անհատներին ներկայացնել նորարարական գաղափարներ, որոնք կարող են հավակնել գումարային մրցանակի և աջակցություն ստանալ ՀԲԸՄ-ից։ 2019 թվականին առաջին հաղթողը Ռուբեն Կուլակսեզյանն էր, ում «Փոքր Հայաստաններ» ուղեցույց-գիրքը՝ նվիրված աշխարհի հայկական համայնքներին, արժանացավ դրամաշնորհի։ Այդ ժամանակվանից ի վեր այն հայտնի է դարձել նաև սոցիալական հարթակներում՝ հավաքելով հսկայական հետևորդների բանակ:  

Այս տարի եզրափակիչ փուլի մասնակիցներն առաջարկեցին բազմազան նախագծեր՝ իսպանա-հայկական համալսարանական պորտալ ստեղծելուց, որը ներկայացրեց Անահիտ Մարգարյանը, մինչև «Masis Films» դիստրիբյուտորական ընկերությունը, որի նպատակն է պահպանել հայոց ավանդույթներն ու պատմությունը։ Այն ներկայացրեցին քույր և եղբայր Էդիսոն և Լենա Չատչատրյանները Բելգիայից։ 

Հաղթողների՝ «Խոհարարություն Նենեի հետ» նախագծի հեղինակներ Լենա Թաշճյանի և Արփինե Կոզմանյանի անունները հայտնի դարձան հաջորդ երեկոյան անցկացված գալայի ընթացքում։ Երկու տարվա ընթացքում ծրագրի իրագործման համար կհատկացվի մինչև 20,000 ԱՄՆ դոլար գումար, որպեսզի թիմը նախագծի և մեկնարկի հայկական բաղադրատոմսերի առցանց ձեռնարկներ, որտեղ կներկայացվեն հայկական ինքնությունը ձևավորող ու սահմանող ուտեստների պատմությունները:

Հիշարժան իրադարձություններից էր նաև ՀԲԸՄ շրջանավարտ և համաշխարհային մոտիվացիոն բանախոս Ժոզե Փիրանյանի ոգեշնչող ելույթը: Ի ծնե լեզվական արատ ունեցող Փիրանյանը խանդավառ պատմեց, թե ինչպես է իր վախը գլխիվայր շուռ տվել: Նա այժմ ելույթներ է ունենում մի շարք լսարանների առջև, այդ թվում՝ FBI-ի և Google-ի՝ օգնելով հասկանալ, թե ինչպես հաղթահարել վախերը, զարգացնել դիմակայունությունը և ռեալիզացնել ներուժը: Փիրանյանը խրախուսեց հանդիսատեսին բացահայտել ու հաղթահարել իրենց «կակազները»՝ ասելով. «Ամեն անգամ, երբ հանձնվում ենք մեր կակազին, մենք հրաժարվում ենք օգտվել ճակատագրի տված անթիվ հնարավորություններից»։

Մշակութային հպարտություն և ֆյուժն

Մասնակիցներն ունեցան բազմաթիվ մշակութային փորձառություններ, որոնք օգնեցին նրանց ծանոթանալ Մադրիդին և տեղի իսպանական ու հայկական բազմազանությամբ ու գեղեցկությամբ լի մշակույթին։ Հյուրերը բացահայտեցին Մադրիդի թաքնված գոհարները և նույնիսկ սովորեցին իսպանական ֆլամենկո պարեր Լորի Լա Արմենիա ֆրանսահայ մասնագետի հետ, ով դասն անցկացնում էր միանգամից մի քանի լեզվով։ Ավելին, FOCUS on Art միջոցառման ժամանակ հյուրերը Espacio Rastro Madrid-ում առնչվեցին հայկական արվեստին, երաժշտությանը, պարին, լուսանկարչությանը, կինոյին և համտեսեցին հայկական ուտեստներ:

«Կոսմոպոլիտան և բազմազանությամբ լի Մադրիդում դուք կարող եք արտահայտել ձեր հայկական ինքնությունը, բայց, միևնույն ժամանակ, ընդարձակել այն իսպանական մոտիվներով։ Մենք դրա ականատեսը եղանք մեր ԵԱ Մադրիդի հանձնախմբի և անդամների, մասնավորապես՝ Աննա Բաղդասարյանի, Նանօր Տէմիրճեանի, Լեւոն Գրիգորեան Քեհեաեանի, Լուիզա Գրիգորյան Ղիմոյանի, Արփինե Հակոբյանի, Ժան Հաննա Տեր Խորենեանի, Արման Գազանճեան Ֆրայլէի, Անահիտ Մարգարյանի, Սոֆիա Մազքեդյանի, Էլեն Պողոսյանի, Արման Եղիազարյանի, Փալոմա Եսայան Վիյալոպոսի և Երանուհի Հովհաննիսյանի կողմից ստեղծված հետաքրքրաշարժ ծրագրի ընթացքում»։

Մշակույթների ֆյուժնն իր գագաթնակետին հասավ FOCUS-ի գալայում, որն անցկացվեց Finca Aldovea de San Fernando de Henares-ում գտնվող 17-րդ դարի տպավորիչ Aldovea պալատում։ Իսպանական երգ ու պարի հնչյունները, միաձուլվելով դուդուկի նուրբ հնչյուններին, հյուրերին ստիպեցին տպավորիչ երեկո անցկացնել ու վայելել  իսպանահայ համայնքի և նրանց հյուրընկալության բազմաշերտ բնույթն ու գեղեցկությունը:

Գալայի ժամանակ անշուշտ անդրադարձ կատարվեց նաև Արցախի ներկայիս դրությանը։ Ավելի ուշ հայտարարվեց, որ ՀԲԸՄ FOCUS MADRID 2023-ի շրջանակներում հավաքագրված դրամական միջոցները՝ ավելի քան 110,000 ԱՄՆ դոլարի նվիրատվությունը, կտրամադրվի ՀԲԸՄ «Կանանց հզորացման» նախաձեռնությանը։ Այն Հայաստանից և Արցախից ավելի մեծ թվով ձեռներեց կանանց հնարավորություն կընձեռի մասնակցել հայաստանյան ծրագրերին և ձեռք բերել ֆինանսական անկախություն։ 

Արդեն հինգերորդ տարին է, այս լայնամասշտաբ ծրագիրը հայ կանանց հնարավորություն է տալիս ստեղծել կամ մեծացնել իրենց սեփական միկրոձեռնարկությունը կամ փոքր բիզնեսը կամ ստանալ անհրաժեշտ գիտելիքներ՝ իրենց կարիերան ստեղծելու Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացող ոլորտում: Եթե ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ այս ծրագրում որպես նվիրատու, մենթոր կամ քոուչ, այցելե՜ք agbu.org/women-entrepreneurs:

Միջոցառումը հատկանշական էր այն առումով, որ դրա ավարտից հետո անգամ հյուրերը շարունակեցին հաղորդակցվել ու կապ պահպանել միմյանց հետ։ «Ես գնահատում եմ այն ​​բոլոր գլոբալ կապերը, որոնք ես ստեղծել եմ FOCUS-ում, քանի որ հիմա գիտեմ, որ որտեղ էլ որ ճանապարհորդեմ, միշտ կարող եմ հույսս դնել հայկական համայնքի վրա»: Մեկ այլ հյուր շարունակեց. «Այն ամենն, ինչ տեսա ու զգացի այստեղ, այդ թվում՝ պատրաստակամությունն ու խանդավառությունը, անսահման ոգեշնչում են ինձ։ Ես այդ ամենը կտանեմ ինձ հետ, որպեսզի օգնեմ հայրենիքիս։ Արդեն չեմ համբերում, թե երբ եմ սկսելու համագործակցել այն նոր անհատների հետ, ում հանդիպեցի FOCUS-ում»: