Օգոստոս 13, 2021
A- A+
read

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՀԲԸՄ-Ն ՕԳՆՈՒՄ Է ԼՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻԱ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԲԱՑԵՐԸ

  • Նկար
    IMG_2520
    Ronak Press co-founder Karlos Zurutuza explains the tricks of the trade to reporters from Armenia and Artsakh.
  • Նկար
    IMG_2521
    Artsakh Foreign Minister David Babayan (center) with Andoni Lubaki (left), Karlos Zurutuza (third from the right) and Jewan Abdi (second from the right) of Ronak Press, Diran Guiliguian (second from the left) and Levon Grigorian (right) of YP Madrid and the journalists attending AGBU’s media training program.
  • Նկար
    IMG_2522
    Ph.D. student Anahit Margaryan Antonyan asks questions of Artsakh Foreign Minister David Babayan (left).
  • Նկար
    IMG_2523
    Trainees of the Storytelling in Journalism program and Ronak Press team during a workshop on video journalism.

2020 թվականի Արցախյան պատերազմից հայերի քաղած բազմաթիվ դառը դասերից մեկը միջազգային մամուլում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածվող կատաղի ապատեղեկատվության դեմ կուռ և հզոր հակազդեցություն ապահովելու անկարողությունն էր: Ըստ ամենայնի, դա հանգեցրեց ակնհայտ կողմնակալության՝ հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի, ընդ որում, ոչ միայն օտարերկրյա մամուլում, այլև աշխարհաքաղաքական և դիվանագիտական հանրույթի շրջանում: ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) Մադրիդի (Իսպանիա) խումբը Հայաստանում կազմակերպեց վեցօրյա աշխատաժողով՝ «Սթորիթելինգը լրագրության մեջ. անհերքելի փաստերից մինչև բարդ բովանդակություններ» խորագրով:

ԵԱ Մադրիդի խմբի ղեկավար Տիրան Կիլիկեանն այսպես է պատճառաբանում. «Հայաստանը, միանշանակ, Արցախում տանուլ տվեց տեղեկատվական պատերազմը: Պատճառն այն էր, որ չունեինք պատերազմի ընթացքում մեր ջանքերը համակարգելու կուռ ռազմավարություն: Պատճառներից մեկն էլ այն էր, որ մենք ժամանակի մեծ մասը վատնեցինք միմյանց հետ խոսելու համար` արտաքին աշխարհի հետ խոսելու փոխարեն: Չիմանալով, թե ինչպես է հարկավոր մոտենալ հարցին, հաշվի առնվեց օտարերկրյա լրագրողի մեզ տրված խորհուրդը, այն է՝ հանդես գալ վերապատրաստման ծրագրով»:

Վերապատրաստումն անցկացվեց օգոստոսի 2-ից 7-ը Հայաստանի հարավում գտնվող Գորիս քաղաքում. Ronak Press գործակալության աշխույժ թիմը մեկ սենյակում էր հայտնվել Հայաստանն ու Արցախը ներկայացնող խոստումնալից և գործող լրագրողների հետ՝ վերջիններիս սովորեցնելու, թե ինչպես կարող են հայրենի պատմությունները ներկայացնել միջազգային լսարանին:

Ronak-ը Իսպանիայի Բասկերի երկրում տեղակայված շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը միավորում է 33-րդ զուգահեռականի ողջ երկայնքով՝ Աֆրիկայում գտնվող Արևմտյան Սահարայից մինչև Արևմտյան Ասիայում գտնվող Արևելյան Բելուջիստան, պատերազմական իրադարձությունները լուսաբանող՝ համաշխարհային համարում ունեցող տպագիր, ֆոտո և վիդեո լրագրողների: Հինգ հոգանոց խումբը նաև մեդիա աշխատաժողովներ է անցկացրել Ալժիրի, Լիբիայի և Իրաքյան Քրդստանի տեղացի թղթակիցների համար:

«Արցախում պատերազմի ընթացքում ես նկատեցի, որ տեղացի բազմաթիվ լրագրողներ զբաղված են ինքնագրաքննությամբ և քարոզչությամբ՝ ի նպաստ հայերի ընդհանուր շահի», - ասում է Ronak Press-ի համահիմնադիր Կառլոս Սուրութուսան, որը նախ Կիլիկեանին առաջարկել էր Գորիսում անցկացվելիք ծրագիրը, ապա ստանձնել տպագիր լրագրության բաղադրիչի ղեկավարումը: «Միևնույն ժամանակ այստեղ աշխատում էին պատերազմներում թրծված օտարերկրյա թղթակիցներ, որոնք, տեղում գտնվելով հանդերձ, անհրաժեշտ չափով չէին տիրապետում պատմական և մշակութային մանրամասներին, որպեսզի հակամարտությունը լուսաբանելիս տեղ չթողնեին կլիշեների համար: Հենց խնդրի մասին քաջատեղյակ, բայց միևնույն ժամանակ անկողմնակալ ձևով խոսելու ունակ հայ թղթակցի բացակայության հանգամանքը դրդեց ձեռնարկել «Սթորիթելինգը լրագրության մեջ» վերապատրաստումը», - պարզաբանում է բասկ լրագրողը, որի թղթակցություններն Իրաքի, Սիրիայի և այլ պատերազմներից՝ զբաղեցրել են Deutsche Welle, Al Jazeera և Middle East Eye պարբերականների գլխագրերը:

Աշխատաժողովը կազմակերպված էր երկու մասով. օրվա առաջին կեսը նվիրված էր տպագիր, ֆոտո և վիդեոլրագրության տեսությանը, այդ թվում՝ պատմությունները միջազգային մամուլին ներկայացնելու և լուսանկարչական կամ տեսանկարահանող խցիկից օգտվելու հարցերին: Երկրորդ հատվածում վերապատրաստվողները դուրս են եկել Գորիսի փողոցներ՝ «որսալու» պատմություններ տեղի համայնքի մասին, որը ստիպված է առերեսվել Ադրբեջանի ներկայությանն իր դարպասների մոտ՝ նախկինում հայկական հսկողության ներքո գտնվող Լաչինի շրջանի հանձնումից հետո: Այս վարժությունը հանդիսացավ ծրագրի ավարտական հանձնարարությունը մասնակիցների համար:

Երրորդ օրը նշանավորվեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի անակնկալ այցով, ով պատասխանեց հարցերի՝ կապված տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արցախ մուտք գործելու առնչությամբ լրագրողների մոտ առաջացող խնդիրների վերաբերյալ: Լրատվամիջոցների հետ կապված մասնակի սահմանափակումները նախարարը հիմնավորեց տեղեկատվական հոսքերի վտանգով, որոնք, ըստ նրա, կարող են է՛լ ավելի վտանգել տարածաշրջանի՝ առանց այն էլ փխրուն անվտանգությունը:

27-ամյա Անահիտ Մարգարյան-Անտոնյանը դոկտորանտ է, որը Իսպանիայի հարավում գտնվող Կադիսի և Գրանադայի համալսարաններում իսպանալեզու աղբյուրների օգնությամբ հետազոտում է ցեղասպանությանն առնչվող հարցեր: Իր թեզի համար Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվներն ուսումնասիրելու նպատակով Հայաստան այցելելու ընթացքում նա դիմել է վերապատրաստման ծրագրին, «որպեսզի սովորի, թե ինչպես կարող է արտաքին աշխարհին ներկայացնել Հայաստանի բազմաթիվ հետաքրքրական պատմությունները»՝ որպես տեղական լրագրի արտահաստիքային թղթակից: «Դասընթացն ինձ սովորեցրեց երկրիս պատուհասած խնդիրները դիտարկել նվազ հուզականությամբ և առավել օբյեկտիվ դիտանկյունից, որպեսզի դրանց լուսաբանումն առավել համապատասխան լինի միջազգային ընթերցողի չափորոշիչներին», - ասում է նա:

Արցախի հանրային հեռուստաընկերության 33-ամյա հաղորդավար Անուշ Ղավալյանին այդ ամենը շատ ավելի քիչ հավանական էր թվում: «Երբ սկզբից միացա ծրագրին, հավատս չէր գալիս, թե հայ լրագրողի կողմից պատրաստված արցախյան պատմությունը կարող է ներկայացվել օտարերկրյա լսարանին: Ես համոզված էի, որ դրանք կմերժվեն՝ որպես սուբյեկտիվ կարծիք՝ անկախ հակառակն ապացուցելու ուղղությամբ մեր գործադրած մեծագույն ջանքերից», - խոստովանեց նա:

Վերապատրաստման հինգերորդ օրը Ղավալյանը մտքի հեղափոխություն վերապրեց: «Նրանք օգնեցին ինձ հասկանալ, որ խնդիրը թղթակցի ազգային պատկանելության մեջ չէ, այլ ներկայացված աշխատանքի որակի», - ասում է նա: «Եվ մենք այստեղ ենք հենց դրան հասնելու համար», - հավելում է դասընթացի ժամանակ ֆոտոլրագրություն դասավանդող Անդոնի Լուբակին, ով 2016 թվականին Սուրութուսայի հետ համահիմնադրել է Ronak Press-ը, և որի աշխատանքները հայտնվել են Associated Press, Newsweek և The New York Times պարբերականների էջերին:

Հեռանկարի այդ փոփոխությունն առավել ակներև դարձավ բոլոր մասնակիցների համար, ըստ BBC-ի օպերատոր և պրոդյուսեր Ջուան Աբդիի, որը վարում էր վիդեոլրագրության վերաբերյալ դասընթացը: Նա նշեց, որ վերապատրաստման ավարտին սովորողների մեծ մասը ցուցաբերեց «աշխատելու և Հայաստանի լրատվական ասպարեզում ինչ-որ բան փոխելու տենչ»: «Ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց մեր վերապատրաստվողներից ոմանց անունները կտեսնենք խոշոր հրատարակությունների հեղինակային սյունակներում», - ասաց նա:

Ծրագիրն ավարտվեց հավաստագրերի շնորհման արարողությամբ, որին միացան ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն ու ԵԱ երևանյան խմբի ղեկավար Հայկազ Նահապետյանը, ովքեր մասնակցեցին նաև նույն երեկոյան կազմակերպված հրաժեշտի ընթրիքին: «ՀԲԸՄ-ն մշտապես ձգտել է գտնել գործուն միջոցներ հայկական սփյուռքին ներգրավելու Հայաստանի զարգացմանն ուղղված իր ծրագրերում: «Սթորիթելինգը լրագրության մեջ» ծրագիրը սփյուռքի՝ ի դեմս ԵԱ Մադրիդի խմբի, միավորման հիանալի օրինակ է, որն ապացուցում է, որ նրանք մշտապես փորձում են գտնել միջոցներ, իրենց գործունեության ասպարեզներում, նպաստելու երկրի բարելավմանը», - ասում է Յակուբյանը:

Հայաստանում այս փորձնական ծրագրի մասին դրական լուրն անկասկած կտարածվի տեղի լրագրողների շրջանում, որոնք համակարծիք են իրենց սփյուռքյան գործընկերների հետ այն հարցում, որ Հայաստանի և Արցախի մասին աշխարհին պատմելու հմտությունների կատարելագործումն ազգային առաջնահերթություն է: