«Հմտությունների լաբ»-ի նպատակն է կազմակերպել տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած անհատների հետ մոտիվացիոն զրույցների շարք։ Հանդիպումներին կմասնակցեն այն արցախցիները, որոնք տվյալ ոլորտում սկսում կամ սկսել են գործունեություն և ունեն հարցեր ոլորտում կողմնորոշվելու, ՀՀ-ում տվյալ բիզնեսը սկսելու առանձնահատկությունների մասին։ Հրավիրյալ մենթորները կկիսվեն իրենց փորձով, կպատմեն իրենց անցած ճանապարհի, հաղթահարած դժվարությունների մասին, կպատասխանեն մասնակիցների հարցերին։ Հանդիպումները նախատեսվում են ամիսը երկու անգամ, 2 ժամ, Tumanyan’s Art-ի սրահում։
«Հմտությունների լաբ»․ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան հետ
Առաջին հանդիպումը Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ էր։ Արցախցիներին մտահոգող հիմնական խնդիրները վերաբերում էին իրենց զբաղվածությանը, ՀՀ շուկայում ներգրավվածությանը և համայնքային արժեքների պահպանմանը։ «Կյանքն ու կարիերան զրոյից սկսելը հեշտ գործ չէ, դա մեծ աշխատանք ու նվիրվածություն է պահանջում անձից։ Բայց այսօրվա արագ փոփոխվող աշխարհում դա ծայրահեղ անհրաժեշտ հմտություն է բոլորի համար։ Այդ բարդ գործը հեշտացնելու համար այսօր կան շատ թվային գործիքներ, որոնք կարող են բազմապատկել ցանկացած գործողության արդյունավետությունը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել հյուրին, խոսեցին Հայաստանում գործատու-աշխատակից հարաբերությունների առանձնահատկությունների մասին։Հանդիպումը դիտե՛ք այստեղ:
«Հմտությունների լաբ»․ Ֆինանսական գրագիտություն Արաքս Մանուչարյանի հետ
Ֆինանսները ճիշտ կառավարելու, փողերը պլանավորելու, այսօրվա ֆինանսական թակարդներին դիմակայելու, խարդախություններին զոհ չդառնալու մասին հանդիպումը կայացավ։
ՀՀ ԿԲ Ֆինանսական կրթության փորձագետ Արաքս Մանուչարյանը հանդիպեց արցախցիների հետ։ Նա հանդիպման եկել էր արցախցիների խնդիրների մասին տեղեկատվությամբ զինված և զրույցը պլանավորել էր հենց մասնակիցների կարիքները նկատի ունենալով։
Դինամիկ, առարկայական ու պրակտիկ զրույցի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց խնդիրներով, ստացան խորհրդատվություն բանկային, ֆինանսական համակարգից գրագետ օգտվելու վերաբերյալ։ Իսկ հարցերին ճիշտ պատասխան տված մասնակիցներից մեկը ստացավ նվեր՝ Արաքս Մանուչարյանից մեկ ամիս անվճար ֆինանսական խորհրդատվություն։
Ամեն ինչ հաղորդակցություն է․ հաղորդակցությունն ամեն ինչ է․․․Շուշան Հարությունյան
ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի «Հմտությունների լաբ»-ում կայացավ AxelMondrian հաղորդակցական ընկերության հիմնադիր Շուշան Հարությունյանի հանդիպումն արցախցիների հետ «Բիզնեսի առաջխաղացումը մրցունակ շուկաներում» թեմայով։
Շուշան Հարությունյանը ներկայացրեց այսօրվա բիզնես միջավայրը, ճիշտ հաղորդակցության կանոնները, մարքեթինգի և հանրային կապերի առանձնահատկությունները։
Մասնակիցների հարցերն հիմնված էին սեփական փորձի, ՀՀ-ում՝ նոր իրականության մեջ, գործելու նրբություններին ու դժվարություններին։
Որոշիր բիզնեսմեն ես ուզում դառնալ, թե բզբզմեն․ Նարեկ Ալեքսանյան
ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի «Հմտությունների լաբ»-ում արցախցիների հետ հանդիպման ժամանակ միջազգային բիզնես փորձագետ Նարեկ Ալեքսանյանն էր խորհրդատվությամբ՝ ինչպես կառավարել բիզնեսը, ինչպես երկարատև հարաբերություններ կառուցել հաճախորդի հետ, ինչպես անել, որ ոչ թե բզբզաս, այլ բիզնեսդ կառավարես ու զարգացնես։
Գործարարության, կոմերցիայի, գումար վաստակելու նրբությունների մասին անձնական փորձի, միջազգային կանոնների, ՀՀ առանձնահատկությունների մասին Նարեկ Ալեքսանյանի հետ զրույցը երկար էր, բուռն ու արդյունավետ, քանի հիմնված էր նաև մասնակիցների բիզնես գաղափարների, գործող բիզնեսների սխալների ու առավելությունների օրինակների վրա։
«Հմտությունների լաբ»․ Քարոզչության ոլորտի փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ
«Հմտությունների լաբ»-ում արդեն ձևավորվել է մի ջերմ միջավայր, որտեղ արցախցիներն ազատ են, անկաշկանդ՝ արտահայտելու իրենց մտահոգությունները, խոսելու իրենց գաղափարների մասին։ Իսկ բանախոսները միշտ պատրաստակամ են պատասխանել ցանկացած հարցի՝ անկախ նրանից՝ օրվա թեմային առնչվում է, թե ոչ։ Կարեն Վրթանեսյանի հանդիպումն էլ էր այդպիսին, թեման ատելության խոսքն էր մեդիայում ու առօրյայում։ Ցավոք, ներկաները գիտեին, թե դա ինչ է, բայց և պատրաստ են դիմակայելու, խոսելու դիմացինի հետ, ու առաջ են նայում։ Կարեն Վրթանեսյանի համոզմամբ ուղղորդված քարոզչություն կա, որի դեմ պայքարում անելիք ունեն նաև հասարարական կազմակերպությունները։ Քարոզչության ոլորտի հետազոտողի հետ զրույցի թեմաները շատ էին․ ՀՀ անձնագիր ստանալու խնդիրներից մինչև պետական ատյաններում ու կենցաղում հանդիպող խնդիրներ։