January 01, 2022

Հետադարձ հայացք 2021 թվականին

Հ.Բ.Ը.Մ.ի Նախագահ Պերճ Սեդրակյանի Խօսքը Նոր Տարուան Ընդառաջ

Նոր տարվա նախաշեմին մենք հետադարձ հայացք ենք ձգում 2021 թվականին. այն համարձակ փորձարարությունների ու գործողությունների տարի էր: Մինչ վերջին երկու տարիների ճգնաժամերը  շարունակում էին մարտահրավերներ նետել ողջ աշխարհին, և մասնավորապես հայությանը, ՀԲԸՄ-ն, հավատարիմ իր հանձնառությանը, շարունակում էր հոգալ աշխարհասփյուռ հայերի կարիքները: 

Երբ աշխարհը սկսեց դանդաղ վերաբացել դռները, օգտվելով առիթից՝ ես այցելեցի մի շարք խոցելի համայնքներ Հայաստանում, Արցախում և Մերձավոր Արևելքում: Չափազանց կարևոր էր տեղում ծանոթանալ մեր առջև ծառացած խնդիրներին. պատերազմից հետո վերափոխված սահմանների պատճառով իրենց նախնիների տներից վտարված ընտանիքներ, տնտեսական խառնաշփոթ, որը հանգեցրեց վառելիքի, պարենի և եկամտի ճգնաժամի, անհետ կորած որդիներին ու դուստրերին սպասող ծնողներ, ինչպես նաև համավարակ, որի ազդեցությունը մեր կյանքի վրա նվազելու միտում դեռևս չունի:  Մի խոսքով, առաջընթացի թվացյալ անէացում:

Այդուհանդերձ, չնայած այս մարտահրավերներին, մենք դասեր ենք քաղել անցյալից և աշխարհի տարբեր ծայրերից ռեսուրսներ հայթայթել ապագային միտված նոր գաղափարների մշակման և իրականացման համար: Այս տարին մի կողմից գործելու, մյուս կողմից ապագայի ռազմավարական պլանավորման համար մի պահ դադար վերցնելու տարի էր: Մեր ղեկավարությունը հանձնառու և պատրաստակամ է համագործակցել մեր աշխարհասփյուռ համայնքների և համախոհ կազմակերպությունների հետ՝ ողջ հայության շահերից բխող ռազմավարությունների և ծրագրերի մշակման գործում:

ՀԲԸՄ-ն ևս մեկ անգամ ինքնադրսևորվեց որպես հարմարվողականությամբ և հեռանկարային մտածողությամբ օժտված ուժ, որը նոր ուղղություններ է հաղորդում իր բարեսիրական օգնության և օժանդակության յուրօրինակ մեթոդներին: Նման մի օրինակ է՝ այս տարվա ընթացքում հոգեբանական տրավմաների և մտավոր առողջության խորհրդատվական ծրագրերի մշակումը, որը կարևորագույն ամոքիչ գործոն էր շատերի համար, մասնավորապես՝ Հայաստանում, Արցախում և Լիբանանում:

Ողջ տարվա ընթացքում մենք շարունակեցինք մարդասիրական օգնության մեր հիմնական ծրագրերը՝ սննդի տրամադրում, տների ու դպրոցների վերակառուցում և բազմաթիվ այլ նախաձեռնություններ: Հաշվի առնելով սոսկալի իրավիճակներում հայտնված մարդկանց քանակը՝ մենք համախմբեցինք մեր միջազգային կամավորական ուժերը՝ առավելագույնս ապահովելու պատերազմից տուժածների և նրանց ընտանիքների կարիքները: ՀԲԸՄ-ի նոր «Հայեր, համախմբվեք» (Armenians Come Together – ACT) ծրագիրը, ինչպես նաև երկար տարիներ գործող «Հայաստան. կյանքի երկիր» (Arménie, Terre de Vie) և «Բացահայտիր Հայաստանը» (Discover Armenia) ծրագրերն այժմ էլ ավելի խորը և հեռահար նպատակներ են դրել իրենց առջև՝ հաջորդ տարի աջակցելու հազարավոր մարդկանց: Չափազանց կարևոր է աշխարհասփյուռ մեր համայնքներին ուղղորդել դեպի հայրենիքում իրականացվող նախաձեռնություններ, և մենք կոչ ենք անում մեր  բոլոր մասնաճյուղերին, շրջանակային հանձնախմբերին, դպրոցներին ու Երիտասարդ արհեստավարժների խմբերին միանալ մեզ գալիք  տարում՝ համատեղ ուժերով արդյունքներն առավելագույնի հասցնելու նպատակով:

Մենք նաև բազմապատկում ենք սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում մեր նախորդ նվաճումները՝ առաջարկելով մասնագիտական վերապատրաստումներ և մենթորություն՝ միաժամանակ գործի դնելով աջակիցների մեր  ընդարձակ ցանցը: Մեր կամավորներն ու անձնակազմը կարողացել են այս նոր գլոբալ համայնապատկերում գտնել ճիշտ ուղին և ստեղծել ապագայի կայուն հարթակներ:  Նույնիսկ ՀԲԸՄ Ընդհանուր ժողովը, օգտվելով ժամանակի ընձեռած հնարավորություններից, առաջին անգամ իր պատմության մեջ գումարվեց առցանց՝ ապահովելով վերջին տասնամյակների ամենաբազմազան ներկայությունը: Ես վստահ եմ, որ 2022 թվականին մենք ականատես կլինենք առցանց և առերես շարունակական փոխգործակցության, որի ընթացքում հայերը կկարողանան մոտիվացնել և աջակցել միմյանց:

Անշուշտ, մենք համակ ուշադրությամբ հետևելու ենք աշխարհաքաղաքական այն լուծումներին, որոնց հետամուտ է Հայաստանի կառավարությունը պատերազմից հետո հարևան երկրների հետ բանակցային գործընթացներում: Արցախի անվտանգությունից մինչև Հայաստանի սահմանների դեմարկացիա. ահա այն թեմաները, որոնք ահռելի ներգործություն ունեն երկրի անվտանգության, սոցիալ-տնտեսական բարօրության և համայն հայության բարեկեցության հարցերում:

Գալիք տարվան ընդառաջ, ես քաջալերում եմ բոլորիս՝ որոնելու նոր ուղիներ մեր կարևոր գործունեության ազդեցությունն ընդլայնելու համար: Ամեն ինչ այլևս այնպես չէ, ինչպես նախկինում: ՀԲԸՄ-ն շարունակում է նոր ուղիներ փնտրել  կրթության և մշակույթի զարգացման և կապերի ընդլայնման համար, և ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում միանալ մեզ: Մենք պետք է շարունակենք այս ուղին և մնանք հավատարիմ ու նվիրված մեր սփյուռքին և հայրենիքին:

ՀԲԸՄ-ն ապացուցել է այն հինավուրց փիլիսոփայության ճշմարտացիությունը, որ մեծ ճգնաժամերը ստեղծում են մեծ հնարավորություններ:  Այդ հին ասացվածքի ոգին կուղեկցի մեզ նոր տարում, քանի դեռ մենք  պատրաստվում ենք այն ամենին, ինչ աշխարհը հրամցնելու է մեզ: Անշուշտ, սա հնարավոր կլինի միայն մեր պատրաստակամ կամավորների, անձնակազմի, առատաձեռն նվիրատուների և հուսալի գործընկերների համառ աջակցության շնորհիվ:

Լավագույն մաղթանքներս՝ առողջ և բարեկեցիկ Նոր տարում: 

Թարգմանված է անգլերենից