March 17, 2022

ՀԲԸՄ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԵՎ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ ՎԵԲԻՆԱՐՆԵՐԸ

17 մարտ, 2022թ.

Ենթակա է անհապաղ հրապարակման

2022 թ.-ի Կանանց միջազգային օրվան ընդառաջ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լիբանանի և Կանադայի մասնաճյուղերը կանանց խնդիրների գծով փորձագետների մասնակցությամբ առցանց քննարկումներ կազմակերպեցին և խոսեցին գենդերային ու տնտեսական հավասարության ճանապարհին խոչընդոտ հանդիսացող գլխավոր գործոնների մասին։ Թեև միջոցառումները կազմակերպվել էին աշխարհի տարբեր անկյուններում և շոշափել զանազան տեսակետներ ու փորձառություններ, ակնհայտ է` ամբողջ աշխարհում կանայք և աղջիկները դեռ շարունակում են պայքարել կյանքի բազմաթիվ ոլորտներում առկա մարտահրավերների դեմ և պետք է ձգտեն գտնել նոր ուղիներ իրենց ֆիզիկական անվտանգությունն ու, առհասարակ, բարեկեցություն ապահովելու համար:   

Բեյրութ, Լիբանան

2022 թ․-ի մարտի 7-ին ՀԲԸՄ Լիբանանի մասնաճյուղը Arab Institute for Women (AiW)-ի և Լիբանանի ամերիկյան համալսարանի (LAU) հետ համատեղ անցկացրին «Գենդերային հավասարության և կլիմայի փոփոխության շուրջ սերունդների միջև երկխոսության և գործընկերության զորեղացում» թեմայով վեբինար։ Վեբինարին մասնակցեց աշխարհի տարբեր երկրներից շուրջ 80 մարդ։

ՀԲԸՄ Լիբանանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Արին Ղազարյանն իր բացման խոսքում ընդգծեց ՀԲԸՄ-ի՝ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) սկզբունքներին աջակից լինելու փաստը, որոնք, ի թիվս այլ սկզբունքների, ներառում են մարդու իրավունքները, կրթությունը, շրջակա միջավայրն ու կայունությունը։ Հաջորդիվ, AiW-ն ներկայացնող Միրիամ Սֆեիրը խոսեց իրենց ինստիտուտի ջանքերի մասին, որոնք ուղղված են խթանելու կանանց ներգրավվածությունը քաղաքականության և որոշումներ ընդունելու մեջ։ Վեբինարի մոդերատոր, Լիբանանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար և կլիմայական փոփոխության գծով խորհրդատու Վահագն Քաբաքյանը խոսեց գենդերի և կլիմայի փոփոխության հարաբերակցության մասին՝ ներկայացնելով օրինակներ Միջին Արևելքից և Հայաստանից։

«Գենդերային հավասարությունն այսօր՝ կայուն վաղվա համար» թեմայով առաջին պանելային քննարկման ընթացքում Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի (CSIS) Միջին Արևելքի ծրագրի ավագ գիտաշխատող Նատաշա Հալլը ներկայացրեց առողջ միջավայր ստեղծելու ուղիներ, որոնք կիրառելի կլինեն այնպիսի խոցելի երկրներում և հասարակություններում, որտեղ գերակշռում է հակամարտության ու անկայունության մթնոլորտը: Նա ընդգծեց, որ ջրի մեծ խնդիր ունեցող 17 երկրից 12-ը գտնվում են Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ 

  
ԼԱՀ-ի Արվեստի և գիտության ֆակուլտետի դեկան դր․ Կաթիա Ջենայնատին հավաստեց, որ գենդեր հասկացությունը դրսևորվում է կյանքի բոլոր ոլորտներում, և ժամանակի ընթացքում միայն մարդիկ սկսեցին հասկանալ, որ իրողություններն ավելի խրթին ու բազմաշերտ են, քան թվում է։

«Կլիմայի փոփոխության և գենդերի հարաբերակցությունը․ օրինակներ տարածաշրջանից» երկրորդ պանելային քննարկման ժամանակ դր․ Նադիմ Ֆարաջալլան՝ Բեյրութի ամերիկյան համալսարանի Իսսամ Ֆարես ինստիտուտի կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի ծրագրի տնօրենը, խոսեց գենդերային հավասարության և կլիմայի փոփոխության հակադարձ հարաբերակցության մասին՝ նշելով, որ կլիմայի փոփոխության արագացման և շրջակա միջավայրի վտանգների ուժգնացման արդյունքում կանայք և երեխաներն աստիճանաբար դառնում են ավելի խոցելի։

Շարունակելով ներկայացնել օրինակներ տարածաշրջանից՝ դր․ Մայա Նեհմեն՝ Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնություն (LRI) կազմակերպության տնօրենը, ներկայացրեց Լիբանանում կլիմայի ներկայիս վիճակն ու ցույց տվեց, թե ինչպես են կանայք օգնում նվազեցնել դրա ազդեցությունը։ Լիբանանում կլիմայի փոփոխությունը կարճաժամկետ հեռանկարում կարող է խտացված տեղումների, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ երաշտների պատճառ հանդիսանալ՝ էլ ավելի մեծ վտանգ ներկայացնելով կանանց և երեխաների համար։ 

Կլիմայի փոփոխության ոլորտում խորհրդատու և Swedish Iraqi Studies Network-ում Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության համաշխարհային ֆորումի նախագահ դր․ Էման Աբդելազեմը առանձնակի ուշադրությամբ շեշտեց Եգիպտոսի գյուղաբնակ կանանց օրինակը՝ նշելով, որ նրանք խորապես տուժում են կլիմայի փոփոխությունից, քանի որ նրանց մեծ մասն օգնում է տղամարդկանց գյուղատնտեսական աշխատանքներում։ Ծայրահեղ ջերմաստիճանային տատանումները մեծապես վտանգում են այս ոլորտը։ Եգիպտոսի եղանակը բազմազան է, որի արդյունքում յուրաքանչյուր շրջան պահանջում է յուրովի մոտեցում։ Դր․ Աբդելազեմը առաջարկեց տնտեսական զարգացում խթանելիս հաշվի առնել գենդերին հատուկ սկզբունքները։

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հանրային կապերի և հաղորդակցության փորձագետ Գայանե Իգիթյանը Հայաստանի կլիմայական զարգացումների վերաբերյալ քանակական տվյալներ ներկայացրեց։ Նա նկատեց, որ կանայք Հայաստանում բավականաչափ ներգրավված չեն կառավարության կամ հանրային գործերին։ Հետևաբար, չնայած կլիմայի փոփոխության դեմ պայքարելու տարատեսակ ջանքերին, կանանց ձայնն ընդհանուր առմամբ լսելի չէ։ 

Վերջում Հորդանանում գործող Չոր տարածքներում գյուղատնտեսական հետազոտությունների միջազգային կենտրոնի (ICARDA) գիտաշխատող Միրա Հադդադը ներկայացրեց Հորդանանի ագրոկլիմայական գոտիները՝ ընդգծելով, որ երկրի կլիման կախված է տեղումների քանակից և յուրաքանյուր գոտում ջրի հասանելիությունից։ ICARDA-ն վերականգնում և ուժեղացնում է չոր էկոհամակարգի դիմակայունությունն ու արտադրողականությունը, ինչպես նաև ռեսուրսները ղեկավարում է համապարփակ մոտեցումներով։ Սա հիմնականում իրականանում է կանանց շնորհիվ, ովքեր զբաղվում են չվճարվող գյուղատնտեսական աշխատանքով։ 

Վեբինարի ամբողջական ձայնագրությունը դիտեք այստեղ։

Տորոնտո, Կանադա 

Մարտի 8-ին Տորոնտոյի ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժներ (ԵԱ) Հայաստանի մտքի առաջնորդների հետ առցանց զրույց ունեցան և կանանց զորեղացման և առաջնորդության վերաբերյալ իրենց տեսակետները փոխանակեցին։ 

Պանելային քննարկումը վարում էր Տորոնտոյի ՀԲԸՄ ԵԱ-ներից Սարին Քարդջյանը՝ հյուրընկալելով CTV News-ի դիտորդների աճի և զարգացման գծով գործադիր պրոդյուսեր Մարի Ներսեսսյան-Սաղարյանին։ 2021 թ․-ին նա աշխարհի մի շարք կանանց կողմից առաջադրվեց մասնակցելու Առցանց լուրերի ասոցիացիայի Women Leadership Accelerator-ին։ Քննարկման խոսնակներն էին Համբեր քոլեջի Կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետի վերջին կուրսի ուսանողուհի Շանել Թոսսունյանը, ում «Վե՛ր նայիրր» (Look Up) վավերագրական ֆիլմը ցուցադրվել է Նյու Յորքի երկու փառատոններում (ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թ․-ի դեկտեմբերին), և Թալին Ռոզմարի Երեմյանը՝ X-energy ՍՊԸ-ի կորպորատիվ ռազմավարության և միջազգային բիզնեսի զարգացման փոխնախագահը, ում` վերջերս հրատարակված «Քայլ առաջ. տղամարդկանց բիզնես աշխարհում հաջողության հասնելու բանալին» գիրքը Կանադայում և ԱՄՆ-ում մի շարք մասնագիտական կազմակերպությունների կողմից արժանացել է մասնագիտական գնահատանքի։

Վեբինարի ընթացքում արծարծված խնդիրներն ու ընկալումները ծավալուն էին․ հայ կանանց դիմացկունությունն ու հմտությունները պատվելուց մինչև այնպիսի մարտահրավերների շուրջ համերաշխության զգացում ստեղծելը, ինչպիսիք են՝ ներգաղթյալների երեխաներ լինելը, տղամարդկանց կողմից դոմինացված բիզնեսներում աշխատելը և ընտանեկան կյանքի ու հզոր կարիերա ստեղծելու միջև ներդաշնակության հասնելը։ 

ՀԲԸՄ Տորոնտոյի գործադիր տնօրեն Սալբի Տեր-Ղազարյանն ավելի ուշ մեկնաբանեց դիտորդների խանդավառ արձագանքը։ Նա նկատեց, որ առցանց միջոցառումը «շատ ոգեշնչող էր և արդիական տարբեր սերունդների ներկայացուցիչների համար»: Որպես համակարգող՝ Քարդջյանը հավելեց․ «Նման բովանդակալից և խորաթափանց զրույցներ ունենալը և, միևնույն ժամանակ, կանանց ուժը, նվիրվածությունն ու վճռականությունն ընդգծելն ուղղակի սքանչելի էր»:

Միջոցառման տեսագրությունը հասանելի է AGBU_YP ինստագրամյան էջում։