Հոկտեմբեր 12, 2024
A- A+
read

Նախագահ Պերճ Սեդրակյանի հրաժեշտի խոսքը ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովին

Այսօր ձեր կողքին գտնվելն ինձ համար պատիվ է: Ընդհանուր ժողովն այն հարթակն է, որը մեր Կենտրոնական վարչությանը հնարավորություն է տալիս ներկայացնելու մեր անցած երկու տարիների ձեռքբերումները, գնահատելու կազմակերպության ներկայիս դրությունը և պլանավորելու մեր ապագան:  

Մեր անդամների և համայնքների հանդեպ  պատասխանատվության մեծ զգացումը  ՀԲԸՄ-ի մշակույթի հիմքում է ընկած: Դա մեր հավատամքի մի մասն է, որն աշխարհասփյուռ հայերի մոտ մեծ վստահություն է ձևավորել առ մեզ՝ որպես հուսալի հաստատություն: Այդ վստահության և հավատի շնորհիվ՝ ՀԲԸՄ-ն ամուր կանգնած է հողին՝ համաշխարհային մասշտաբով 50 միլիոն դոլար տարեկան բյուջեով և մոտ մեկ միլիարդ ակտիվներով: Մեր Հոգաբարձուների խորհուրդն ամենայն զգուշությամբ է տնօրինում մեր ծրագրերը, նախագծերն ու ֆինանսները, որպեսզի կատարվեն պատասխանատու ներդրումներ և, անհրաժեշտության դեպքում, ընդունվեն համարձակ որոշումներ՝ բարեկեցիկ ապագա երաշխավորելու համար: 

Իմ նախագահության 22 տարիների ընթացքում Կենտրոնական վարչությունը, հավատարիմ մնալով իր նախորդների ավանդույթին, ձեզ է ներկայացրել մաքուր և թափանցիկ ֆինանսական հաշվետվություն: 

Հայացք գցելով մեր մեծ կազմակերպության պատմությանը՝ պետք է նշեմ, որ ավելի քան մեկ դար մենք աշխարհի տարբեր անկյուններից ներգրավել ենք տաղանդավոր և նվիրված առաջնորդների. անհատների, ովքեր հաջողակ են իրենց բնագավառներում, չեն մոռացել իրենց արմատները և պատրաստակամ են աջակցելու իրենց համայնքներին: Հայկականության նկատմամբ այս հավատարմությունն է, որ մեր ժողովրդին դարձնում է առանձնահատուկ: 

Այնուամենայնիվ, ՀԲԸՄ-ում մենք պատրաստակամ ենք ընդունել յուրաքանչյուրին, ով կիսում է մեր կազմակերպության արժեքները և ցանկանում է մասնակցություն կամ առաջնորդություն ցուցաբերել իր տեղական համայնքում:Մենք չենք սահմանափակվում միայն հայի ավանդական սահմանմամբ։  

Դրա շնորհիվ է, որ այժմ մինչև Հարավային Կորեա և Ավստրալիա ձգվող համաշխարհային ցանց ունենք՝ ներկայություն ապահովելով ընդհանուր առմամբ 33 երկրում և 72 քաղաքում՝ չհաշված 98 երկրում հաստատված ավելի քան 50,000 հայերի համար մեր թվային և առցանց հասանելիությունը: Այս անձանց շարքում կան բավականին շատ նոր դեմքեր և երիտասարդ մասնագետներ, ովքեր պատրաստ են միավորվել և ապագան միասին կառուցել: ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների ցանցի ընդլայնումը, թերևս, վերջին տարիների մեր ամենամեծ ձեռքբերումներից է: Ես վստահություն ունեմ նրանց արժեհամակարգի հանդեպ։ Նրանք հայ ազգի ապագայի վերաբերյալ իրենց անձնական մղումն ու տեսլականն ունեն: 

Լուսահոգի Ալեք Մանուկյանը 1989 թ.-ին ՀԲԸՄ-ի նախագահի պաշտոնը թողնելիս իր հրաժեշտի խոսքում լավագույնս արտահայտվեց ՀԲԸՄ-ի մասին։ Նա ասաց. «Երբ ես դարձա նախագահ (1953 թ.), այդ ժամանակ ասում էին, որ արևը Բրիտանական կայսրությունում երբեք մայր չի մտնում և, թույլ տվեք ասել, միգուցե դա արդեն ճիշտ չէ բրիտանացիների համար, բայց այսօր արևը երբեք մայր չի մտնում ՀԲԸՄ կայսրությունում»: 

Այսօր ես ինքս եմ հրաժեշտի խոսք ասում, քանի որ սա վերջին անգամն է, որ գլխավորում եմ ՀԲԸՄ-ի Ընդհանուր ժողովը որպես նախագահ: Հետևաբար, ես ցանկանում եմ կիսել ձեզ հետ ՀԲԸՄ-ի ներկայիս դրության վերաբերյալ իմ տեսակետը՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակն ու դրա ազդեցությունը աշխարհասփյուռ հայության վրա: Վերջին 22 տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել սփյուռքի և Հայաստանի հայերի վրա մեծ ազդեցություն թողած զարգացումների, որոնց համապատասխան արձագանք ենք տվել: 

Աշխարհում տեխնոլոգիական զարգացումների հնարավորություններից, անշուշտ, անմասն չի մնացել նաև ՀԲԸՄ-ն: Այսօր, համացանցի և վիրտուալ իրականության հասանելիությամբ պայմանավորված՝ մենք հնարավորություն ունենք գործելու որպես համաշխարհային կազմակերպություն և ծառայելու աշխարհասփյուռ հայությանը: Իհարկե, ես միշտ պնդում եմ, որ սա չի կարող փոխարինել անձնական շփումներին, և հենց այդ պատճառով համաշխարհային հավաքները, ինչպիսիք են՝ Ընդհանուր ժողովը կամ տարածաշրջանային կոնֆերանսները, առանցքային դեր ունեն մեր ցանցի համախմբվածությունն ու միասնությունը պահելու գործում: 

 2023 թվականի համակարգված ներխուժումն Արցախ և տեղի ողջ բնակչության՝ 120,000 հայերի բռնի տեղահանումը վերջին երկու տարիների ամենաողբերգական իրադարձությունն էր, որը ցնցեց ողջ հայությանը: Նրանց տեղահանումն աննախադեպ մարդասիրական ճգնաժամի առջև կանգնեցրեց Հայաստանին: 

ՀԲԸՄ-ի արձագանքն այս հուսալքված և խորը տրավմայի ենթարկված համայնքին կարելի է հերոսական կոչել: Մեր ՀԲԸՄ Գլոբալ օգնության ֆոնդին նվիրատվությունների կտրուկ աճը, որը մենք հատուկ հիմնել էինք ճգնաժամերին պատրաստ լինելու նպատակով, մեզ անհապաղ գործելու հնարավորություն տվեց: 

Այս աղետալի իրադարձությունից ընդհամենը մեկ տարի անց զավթիչներն արդեն խեղաթյուրել և (կամ) ոչնչացրել են հայկական պատմամշակութային հուշարձանները, դարերի պատմություն ունեցող հայկական եկեղեցիները, վանքերը և սրբատեղիները, և էթնիկ զտումներ իրականացրել մեր վաղ քրիստոնեական հարուստ ժառանգության օրինական տերերի նկատմամբ: 

Արցախն այն եզակի տարածքն է, որը դարեր շարունակ բնակեցված է եղել մեծամասամբ բնիկ հայերով: Մեզնից քանիսի՞ նախնիներն են Ղարաբաղից։ Ավելի շատերինը, քան մեզնից ոմանք կարող են պատկերացնել։ 

Սակայն, համաշխարհային ուժերը, որոնք ի զորու էին կանգնեցնել այս միջազգային աղետաբեր հանցագործությունը, նախընտրեցին խուսանավել: Մեկ դար անց սա դարձավ մեզ համար 1915-ի դեժավյուն: 

Ինչպես գիտենք, արտագաղթի բազմաթիվ հոսքերով պայմանավորված՝ Հայաստանի բնակչությունն անկախությունից ի վեր նվազել է արդեն բնակչության մեկ երրորդի չափով: Սա մտահոգիչ է, քանի որ առանց բնակչության երկիրն իր հարևանների հավակնությունների զոհն է դառնում: Այսօր Հայաստանի պետականությունը գոյաբանական խնդրի առջև է կանգնած: Եվ ոչ մի հայ չպետք է անտարբեր մնա՝ արդարանալով, թե աշխարհաքաղաքականությունը չափազանց բարդ է, հնարավոր ելքերը չափազանց աղոտ են, իսկ ապագան՝ չափազանց անորոշ: 

Հուսահատության ու հիասթափության մեջ ընկնելու փոխարեն՝ սփյուռքը պետք է վերականգնի ուժերն ու վերանայի իր դիրքորոշումը՝ աջակցելու իր հայրենիքին, որին ՀԲԸՄ-ն նվիրված է հիմնադրումից ի վեր: 

Մեր ՀԲԸՄ ղեկավարությունը շարունակում է առաջընթաց գրանցել հայրենիքում, նույն վճռականությամբ, ինչ մեր նախորդները: Անկախ պետության առջև ծառացած մարտահրավերներից` ՀԲԸՄ-ն կշարունակի ներդրումներ կատարել՝ երաշխավորելու Հայաստանի ժողովրդի բարգավաճման հնարավորությունը։ 

Ինչ վերաբերում է առհասարակ սփյուռքին՝ Մերձավոր Արևելքի եռուն երկրների հայ բնակչության թիվը զգալիորեն նվազել է, որոնց մեծ մասը հիմնականում վերահաստատվել են ԱՄՆ-ում, հատկապես՝ Հարավային Կալիֆոռնիայում: Դա Արևմտյան սփյուռքի ամենամեծ համայնքն է՝ իր բազմաթիվ դպրոցներով, կենտրոններով, եկեղեցիներով և ակտիվ ու գործունյա բնակչությամբ: 

Հայաստանը լքաց բազմաթիվ հայեր նույնպես նոր համայնքներ են ստեղծել ինչպես այս տարածաշրջանում, այնպես էլ Եվրոպայում՝ մասնավորապես Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում և Արևմուտքի այլ երկրներում: 

Այս արտագաղթերի արդյունքում տարբեր համայնքներում մեկտեղված մշակութային դրսևորումներն անկասկած նոր երանգ են հաղորդում հայկական ինքնության քննարկումներին: Այնուամենայնիվ, ՀԲԸՄ-ն իր մասնաճյուղերի միջոցով շարունակում է կապ հաստատել նորեկների հետ և ներգրավել նրանց մեր համաշխարհային ընտանիքում՝ որպես դրա անդամներ և ընկերներ: 

1977 թ.-ին, երբ ես միացա Կենտրոնական վարչությանը, հայկական իրականությունն այլ էր: Հայաստանը պաշտպանված էր իր թշնամիներից, և, ինչպես սփյուռքը, ապրում էր մշակութային վերածնունդ: Մեր համայնքներն ամբողջ աշխարհում ցուցաբերում էին ներգրավվածություն և միավորված էին ցեղասպանության ճանաչման և ժխտողներին պատասխանատվության ենթարկելու նպատակի շուրջ: 

Հայաստանի անկախացումն ու սփյուռքի ժողովրդագրական փոփոխությունները փոխեցին պատկերը։ Մեր համայնքները, ամբողջությամբ ինտեգրվելով գերակա հասարակություններին, կանգնած են ձուլման և հայկական ինքնությունից կտրվելու մարտահրավերների առջև: Այսօր տեսնում ենք, որ հայոց լեզուն քիչ է օգտագործվում: 

Ավելին, կրոնական սովորույթներին հետևելն աստիճանաբար ավելի է թուլանում բոլոր քրիստոնեական ուղղություններում, և Հայ Առաքելական Եկեղեցին բացառություն չէ: Նոր սերունդն այսօր իր հայկական ինքնությունն ընդունելու կամ մերժելու հնարավորություն ունի։ 

Հայ ազգն այժմ կանգնած է խաչմերուկի առաջ։ Այն գրեթե հավասարապես բաժանված է հայրենիքի, ռուսական և արևմտյան սփյուռքի միջև։ Յուրաքանչյուր համայնք յուրովի է արտահայտում իր ազգային ինքնությունը։ Այս պարագայում մենք և՛ տարբեր ենք, և՛ նույնն ենք։ Մենք պետք է ամուր կամուրջներ կառուցենք՝ պահպանելու մեր աշխարհասփյուռ ազգի միասնականությունը։ Պետությունը, ինչպես և սփյուռքը, դա միայնակ անել չեն կարող։ 

Այնքան ժամանակ, որքան ես ներգրավված եմ եղել ՀԲԸՄ-ի կառավարման գործում, մենք միշտ փորձել ենք բացերը լրացնել մեր համաշխարհային ցանցի միջոցով։ Կարծում եմ՝ մեր կազմակերպությունը փայլուն օրինակ է, որ, անկախ մշակութային նրբերանգներից և ազգային տարբեր փորձառություններից, հնարավոր է միասնական լինել։ 

Սա առավել ակնհայտ է դառնում, երբ հայերը աշխարհի մի որևէ անկյունում առերեսվում են ճգնաժամի։ Տպավորիչ է տեսնել, թե ինչպես են մեր ՀԲԸՄ-ի մասնաճյուղերը, տարածաշրջանային գրասենյակները, տեղի կամավորները և Երիտասարդ արհեստավարժները համախմբվում՝ աջակցելու իրենց հայրենակիցներին։ Եվ ես վստահեցնում եմ, մարդիկ զգում են այն հոգատարությունը, աջակցությունն ու կարեկցանքը, որը տալիս ենք նրանց։ Մենք հենց սա նկատի ունենք, երբ ասում ենք՝ «Միությունը զօրություն է»։ 

Հայկական ինքնությունը բազմիցս ենթարկվել է փորձությունների և մարտահրավերների։ 20-րդ դարի սկզբին՝ Արևմտյան Հայաստանի կորուստը։ 21-րդ դարում՝ Արցախի կորուստը։ Այսօր հայոց պետականությունը նույնպես վտանգված է, իսկ ազգային ինքնությունը զարգանում է արտաքին ազդեցությունների և փոփոխվող աշխարհաքաղաքականության պայմաններում։ 

Մեր առջև ծառացած խնդիրները հատուկ են բազմաթիվ այլ փոքր ազգերի։ Հարցն այն է, թե ինչպես է պետք վարվել այս փոփոխությունների հետ, որոնց ենթարկվում է հասարակությունը և որոնք ողջ քաղաքակրթությանը կանգնեցրել են անորոշ ապագայի առջև։ 

Այսպիսի հանգամանքներում մեր երազող ու տեսլական ունեցող անհատների դերն առավել կարևոր է դառնում՝ մեզ առաջնորդելու գործում։ Մենք պետք է բաց լինենք աշխարհի առջև, քանի որ չենք կարող գոյատևել մեկուսացման մեջ։ Մենք պետք է լիակատար ինտեգրվենք և ակտիվ լինենք այն հասարակություններում, որոնցում ապրում ենք, սակայն երբեք չուրանանք մեր նախնիների ավանդն ու ժառանգությունը, ինչպես նաև դասեր քաղենք նրանց անցած ճանապարհից։ Նրանց պատմությունները լուսավորում են մեր մտքերն ու օգնում երբեք չհանձնվել։ 

Մեկ այլ համախմբող ուժ, որն օգնել է հայկական մշակույթը համընդհանուր կերպով անեղծ պահել, Հայոց Եկեղեցին է։ Դա մի կառույց է, որտեղ մեր արժեքները, ավանդույթները, պատմությունը և հավատը կարծես անտեսել են աշխարհագրական և ժամանակային սահմաններն ու անաղարտ մնացել: 

ՀԲԸՄ-ն իր հիմնադրումից ի վեր սերտ համագործակցությամբ աշխատել է Հայ Առաքելական Եկեղեցու հետ՝ իրականացնելով  ծրագրեր և օգնելով բազմաթիվ անհատների։ 

Եվ հենց Հայոց Եկեղեցին է, որ սնուցում է հայի ոգին։ Սոցիալական, ֆինանսական և քաղաքական այս անկայուն ժամանակներում, որտեղ ընտանեկան ավանդական արժեքները, գործարար էթիկան և բարեկրթությունը վտանգված են, մենք հոգևոր ոգեկոչման և եկեղեցու աջակցության կարիքն ունենք՝ աշխարհի հետ հոգևոր կապ ստեղծելու և դրական փոփոխություններին նպաստելու համար։ 

Ուստի, մենք ապավինում ենք մեր Եկեղեցու առաջնորդներին` բացահայտելու և կրթելու տաղանդավոր նվիրյալների նոր սերունդ, որոնք նորովի կմատուցեն եկեղեցու առաքելությունն ու կծառայեն մեր համայնքներին։ Մեր ապագա հոգևորականների բարձրագույն կրթությունն առաջնահերթություն է։ Մեր ազգային եկեղեցին կշարունակի մնալ մեր մշակութային ինքնության ամրոցը, եթե անհատական մոտեցմամբ սերտորեն աշխատի մեր համայնքների հետ։ Որպեսզի յուրաքանչյուր հայ, ով կձգտի հավատացյալ համայնքի հետ կապ հաստատել կամ պարզապես պատասխաններ ստանալ, կարողանա հույսը դնել ծխական առաջնորդների ուշադրության, առաջնորդության և ուսուցման վրա։ 

Ինչպես ցույց ենք տվել մեր պատմության ընթացքում, ՀԲԸՄ-ն մի անուն է, որին աշխարհասփյուռ հայերը ապավինում են՝ ադապտացվելու փոփոխություններին, պատրաստ լինելու ճգնաժամերին կամ օգտվելու նոր հնարավորություններից։ Եվ այդ ամենը մենք իրականացնում ենք մեր մշտակայուն արժեքներին և առաքելությանը հավատարիմ մնալով։ 

Նախքան ավարտելը, ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր հայերին, ովքեր վստահել և աջակցել են այս եզակի կազմակերպությանը։ Նախագահությամբ ինձ հաջորդող իմ ընկերոջ՝ ՀԲԸՄ-ի ութերորդ նախագահ Սեմ Սիմոնյանի նախագահությանն ընդառաջ ակնկալում ենք ընդլայնել առանցքային կարևորություն ունեցող նորարարական ծրագրերը։ Սեմը բարձր որակավորումների տեր անձնավորություն է և վճռական է տրամադրված կազմակերպությունը հասցնել նոր բարձունքների։ 

Վերջին 22 տարիներն անմոռանալի փորձառություն էին ինձ համար որպես ձեր նախագահ։ Դա բազմաթիվ ոլորաններ, վերելքներ ու վայրէջքներ ունեցող մի երկար ուղի էր։ Սակայն այն վստահությունն ու բարեկամությունը, որ ինձ առաջարկել է ձեզնից յուրաքանչյուրը, օգնել են ինձ միշտ մոտիվացված մնալ՝ առաջ տանելու այս կազմակերպությունը։ 

Առանց որևէ ակնկալիքի և լոկ ազգի զորեղացման, փոխակերպման ու կյանքեր վերափոխելու բավարարվածությամբ, և սերունդների մեջ հայի հպարտություն և նպատակ սերմանելու միջոցով մեր աշխարհասփյուռ ազգին ծառայելը կոչում է ինձ համար։ Հուսով եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն ունի ՀԲԸՄ-ի միջոցով դրական փոփոխության նպաստելու այդ մղումը: 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին՝ Վարչության և Խորհրդի ներկա և նախկին անդամներին, մեր տարածաշրջանների և մասնաճյուղերի նախագահներին, ամբողջ աշխարհում մեր անդամներին, մեր աշխատակիցներին, ովքեր անձնվիրաբար ծառայում են այս կազմակերպությանը, բարերարներին և ընկերներին, և, հատկապես, մեր Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Վաչե Մանուկյանին իր անմնացորդ աջակցության համար։ Ես նաև երախտապարտ եմ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին։ Նա այս ճանապարհի ամեն քայլափոխին ինձ համար եղել է անձնական ոգեշնչման աղբյուր։ Նա եղել է իմ ընկերը, խորհրդատուն և ՀԲԸՄ առաքելության ամենամեծ աջակիցը՝ Միության առաքելության նկատմամբ իր հավատով և վստահությամբ։ Անկախությունից հետո մեզ համար ամենադժվար իրավիճակում նա եկեղեցական առաջնորդությունը հասցրեց բարձր մակարդակի։  

Եվ վերջում ցանկանում եմ երախտիքս հայտնել այս անհավատալի ճանապարհորդության իմ անբաժան ուղեկցին՝ իմ սիրելի Վերային։ Նա օժտված է հայ կնոջը հատուկ համբերությամբ, իմաստությամբ ու արդար դատողությամբ։ Նրա կարեկցանքը և դիմացինի հանդեպ պատասխանատվության զգացումը, ինչպես նաև հավատն առ ՀԲԸՄ առաքելություն ինձ շարունակաբար առաջ են մղել։ Եվ ես գոհ եմ, որ մեր դուստրերը՝ Անին և Լարան, հետևում են նրա օրինակին։ 

Թող Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ 

Թող Աստված օրհնի ՀԲԸՄ-ն։ 

Թող Աստված օրհնի հայոց ազգը։ 

Եվ թող Աստված պահպանի մեր հայրենիքը։ 

 

Watch the address in the video below: