Մարտ 15, 2022

ՀԲԸՄ-ն հարգանքի տուրք է մատուցում հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Գառնիկ Եագուպեանին

  • Նկար
    Karnig Yacoubian

Գառնիկ Եագուպեանի մահը մեծ կորուստ է ոչ միայն իր ընտանիքի անդամների, ընկերների և գործընկերների, այլ նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ղեկավարության և ողջ հայ ազգի համար։ Պարոն Եագուպեանը եղել է ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչության  և Հոգաբարձուների խորհրդի անդամ։ Հայաստանի, Սիրիայի, Լիբանանի և Կանադայի հայ համայնքներում մինչ օրս տեսանելի են նրա թողած խորը հետքն ու ազդեցությունը։ 

Բեյրութի ամերիկյան համալսարանի շրջանավարտ, մասնագիտությամբ քաղաքացիական ճարտարագետ, Սիրիայում ծնված հայազգի Եագուպեանին կարելի է բնութագրել որպես արարող, բարերար և, առաջին հերթին, անասելի եռանդուն և նվիրված անձ: Բոլոր նրանց, ում բախտ է վիճակվել ճանապարհ անցնել պարոն Եագուպեանի հետ, հմայվել են նրա մտքով և անհատականությամբ, ինչպես նաև ոգեշնչվել ընտանիքի հանդեպ ունեցած նրա նվիրվածությամբ:

ՀԲԸՄ-ին մեծ նվիրում և աջակցություն ցուցաբերած նշանավոր հայ ընտանիքի զավակը և նրա կինը՝ Անահիտը, եղբոր՝ Լևոնի և իրենց ընտանիքների հետ միասին, մշտապես քայլել են կազմակերպության առաքելությանը համընթաց: 

Վաղ տարիքից լինելով ՀԲԸՄ-ի ակտիվ անդամ՝ պարոն Եագուպեանը զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ՝ ՀԲԸՄ Դամասկոսի մասնաճյուղի ատենապետից մինչև Կենտրոնական վարչության անդամ (1994-2006 թթ.): 2006-2017 թվականներին եղել է ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ մինչ մահը՝ ՀԲԸՄ պատվավոր չորս հոգաբարձուներից մեկը:

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշում է, որ պարոն Եագուպեանը դասվում է եռանդուն առաջնորդների այն շրջանակին, որոնք նվաճել են մասնագիտական բարձունքներ, ունեցել են ազդեցիկ դեր և արժանացել առաջատար ընկերությունների և պետության առաջնորդների հարգանքին։ Նա կրոնական և ազգային առաջնորդների կողմից երկրին և համայնքին մատուցած ծառայությունների համար արժանացել է բազմաթիվ շքանշանների, մեդալների և մրցանակների, այդ թվում՝ «Հորդանանի աստղ» շքանշանի: Սակայն նրա կապը հայկական ինքնությանը և հայ եկեղեցուն թերևս ամենաուժգինն էր, որի համար պարգևատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով, «Մխիթար Հերացի» մեդալով և «Կիլիկեան Իշխան» շքանշանով։

Գառնիկ Եագուպեանի կամավորական աշխատանքն այդքան արժևորելու սկզբունքը լիովին համահունչ էր իր որդեգրած մարդասիրական գործունեությանը,  որը տեսանելի է բազմաթիվ համայնքային ծրագրերին՝ իր և կնոջ ցուցաբերած ֆինանսական աջակցությամբ, ինչպիսիք են՝ Սիրիայի Քամիշլի քաղաքում ՀԲԸՄ համայնքային կենտրոնի հիմնումը, Մոնրեալի ՀԲԸՄ կենտրոնի գրասենյակների և Կանադայի հայոց թեմի կենտրոնական գրասենյակի վերանորոգումը: Նրանք նաև ֆինանսավորել են Հայաստանի հանրապետական գիտաբժշկական գրադարանում ուսումնական կենտրոնի հիմնադրումը, ինչպես նաև՝ Սևանի Վազգենյան դպրանոցի կառուցումն ու վերանորոգումը: Լիբանանում Հայկական եկեղեցու հանդեպ մեծ նվիրումով ոգեշնչված՝ Եագուպեան ընտանիքը ֆինանսավորել է Բիքֆայայում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանքի և Անթիլիասում հոգևոր ճեմարանի հիմնումը: Բոլորովին վերջերս նրանք ֆինանսավորել են նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում նոր մոմավառության մատուռի և կաթողիկոսական դամբարանի կառուցումը, որի ավարտը նախատեսված է 2022 թվականին: Եագուպեանները աչքի են ընկել նաև բարձրագույն կրթության ոլորտում մշտական աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությամբ՝ կայուն և առատաձեռն աջակցություն ցուցաբերելով Հայաստանի ամերիկյան համալսարանին (ՀԱՀ): 

Անդրադառնալով Գառնիկ Եագուպեանի հետ տարիների սերտ համագործակցությանը և ընտանեկան բարեկամությանը՝ Պերճ Սեդրակյանը հավելեց. «ՀԲԸՄ ողջ համայնքն ու աշխարհասփյուռ հայությունը կկարոտեն Գառնիկ Եագուպեանին՝ հատկապես ես և Վերան, քանի որ մենք խորապես արժևորել ենք մեր բարեկամությունը նրա և Անիի հետ: Շնորհիվ հայ ժողովրդի և հավատի հանդեպ ունեցած իր անմնացորդ նվիրումի՝ բազմաթիվ կյանքեր են բարեփոխվել։ Անշուշտ, իր կյանքի շուրջ 92 տարիների ընթացքում նա հասցրեց բազմիցս հասնել իր առջև դրված նպատակներին»։