Նժդեհի հետնորդները

Լեգենդար ռազմական գործչի ազդեցությունը հայկական ազատագրական ինքնության վրա


Ներկա անվտանգային մարտահրավերների և հետագա ավելի լայնածավալ հակամարտության հավանականության պայմաններում՝ 2020 թվականին հաջորդած իրադարձություններն ավելի ու ավելի մեծացրին հետաքրքրությունը Սյունիքի նկատմամբ։ Դա միակ ցամաքային կապն է Իրանի, ժամանակին՝ նաև Արցախի հետ։ Սյունիքն առանցքային ռազմավարական կարևորություն ունի երկրի ու ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում և մեծ նշանակություն ունի արդյունաբերական տեսանկյունից՝ շնորհիվ մեծաթիվ հանքերի։

2021 թվականի աշնանը Սյունիքի երկու խոշոր քաղաքներում՝ Կապանում և Գորիսում ու դրանց շրջակայքում իրականացված հարցումները լույս սփռեցին մարզի պատմության և աշխարհագրության վերաբերյալ տեղական ընկալումների վրա։

«Հայաստանի մյուս մարզերը չպետք է «տխրեն», սակայն Սյունիքը երկրի ամենակարևոր մարզն է», - պնդում է մարզի բնակիչներից մեկը։ Մյուսը կարծում է. «Սյունիքը սուպեր մարզի կարգավիճակ ունի»։ Տեղացիները սիրում են կրկնել՝ «Սյունիքը երկրի ողնաշարն է». խոսույթ, որն առհասարակ լայնորեն կիրառվում է Հայաստանում։ Այն ենթադրում է, որ երկիրը չի կարող գոյություն ունենալ առանց Սյունիքի։ «Կա՞ մեկը, ով վստահորեն կկարողանա կանգնել իր ոտքերի վրա առանց ողնաշարի, առավել ևս կա՞ արդյոք նման երկիր կամ ժողովուրդ». այս փաստարկը հատկապես տարածված է, քանի որ այն ասոցացվում է նախորդ դարի առանցքային կերպարի՝ Գարեգին Նժդեհի (1886-1955) հետ։

Սյունիքը (նաև Արցախը) մշտապես ընկալվել է որպես մեր ժամանակներում հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումների ակունք։ Հանուն Հայաստանի ազատագրման՝ արտաքին միջամտության ամենաառաջին կողմնակիցներից մեկն Իսրայել Օրին (1658-1711) էր։ Նա Սյունիքի Սիսիանի շրջանից էր։ Ճամփորդություններն ու արշավները նրան հասցրին Եվրոպայի տարբեր հատվածներ և, ի վերջո, Ռուսաստան։ Ավելի ուշ՝ 1720-ականներին, մի կարճ ժամանակահատված, Սյունիքը ղեկավարում էին Դավիթ Բեկն ու նրա զորավար Մխիթար Սպարապետը։ Նրանք առաջնորդում էին տեղական ուժերն ընդդեմ արտաքին ներխուժումների, և Պարսից շահը, ով կառավարում էր այդ տարածաշրջանը, նրանց կարճատև ինքնավարության իրավունք տվեց։

Զրուցակիցներից մեկը նշեց, որ Գարեգին Նժդեհը Սյունիքի ինքնապաշտպանությունն սկսել էր՝ Դավիթ Բեկի անունով երդում տալով։

Սյունեցիներն իրենց համարում են հստակ ժառանգության կրողներ, ինչպես ոմանք են անվանում՝ պետականամետ ու պետականակենտրոն կամ, այլ կերպ ասած, ինքնիշխան պետականությունն ու անկախությունն արժևորող մարդիկ։

Նկար
Opened in 2003, Garegin Nzhdeh’s memorial in Kapan, Syunik. Photo Credit / Credit_Armine Aghayan CC BY-SA 3.0

Opened in 2003, Garegin Nzhdeh’s memorial in Kapan, Syunik. Photo Credit / Credit_Armine Aghayan CC BY-SA 3.0
Caption
Գարեգին Նժդեհի հուշարձանը Կապանում։ Լուսանկարը՝ Արմինե Աղայանի

Սյունեցիների համար, ինչպես նաև առհասարակ տարածված հայկական պատմական պատումներում, Գարեգին Նժդեհը և նրա աշխարհազորայիններն առանցքային դերակատարում ունեցան տարածաշրջանն անկախ երկիր հռչակելու գործում։ Այն 1921 թվականին կոչվեց Լեռնահայաստան և մի քանի ամսվա կյանք ունեցավ։ Այս պատմության մեջ տարածված է պնդումն այն մասին, որ միայն Նժդեհի շնորհիվ էր, որ Սյունիքը չունեցավ այն ճակատագիրը, ինչ Արցախի կամ Նախիջևանի դեպքում էր։ Սակայն ավելի լուրջ պատմական հետազոտություններում պատմական մանրամասները խոսում են տեղական ու արտաքին ուժերի փոխգործակցության, տեղում իրողությունների ու կտրուկ, երբեմն անգամ կամայական քաղաքականության մասին, որն առաջ էին տանում նոր բոլշևիկ կառավարիչները, ովքեր պարզապես ցանկանում էին կառավարել Կովկասում ծագած բազմաթիվ հակամարտությունները։

Պատահական չէ, որ այս պատմություններն ի հայտ են գալիս հետպատերազմական սպառնալից սցենարի համատեքստում։ 2021 թվականի մայիսից ի վեր ադրբեջանական ուժերը տարբեր դիրքերից ներխուժեցին Հայաստանի արևելյան սահմանների ողջ երկայնքով։ Դրա հետևանքով Սյունիքով անցնող և Իրանի հետ կապող հիմնական մայրուղին արգելափակվեց, ինչից հետո Հայաստանի կառավարությունը ստիպված էր նոր՝ այլընտրանքային ճանապարհ կառուցել։

Նույն կերպ ադրբեջանական բանակի կողմից երկու գյուղ կտրվեց Հայաստանից։ Բաքուն պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանները երբեք չեն հստակեցվել, և որ ԽՍՀՄ-ի վարչական բաժանումները թույլ են տալիս իրենց պահել այն տարածքները, որոնց  նկատմամբ այժմ հսկողություն են հաստատել. փաստարկ, որը Երևանը խստորեն վիճարկում է։ Ադրբեջանցիները նաև ուժի միջոցով մարտավարական բարձունքներ են գրավել և պարբերաբար կրակոցներ են հնչեցնում Հայաստանի ուղղությամբ։

Քաղաքացիական անձինք ու զինվորականներ են առևանգվել։ Արձանագրված փաստ է անասունների հափշտակումը։ Գյուղական համայնքները խուսափում են հողագործությամբ զբաղվել սահմանամերձ շրջանների դաշտերում կամ իրենց կովերին ու ոչխարներին արածեցնել ադրբեջանական զորամասերի մոտ։ Սա ազդում է նրանց ապրուստի վրա, ինչպես նաև խաթարում է անվտանգության զգացումը։ Այդուհանդերձ, այս ամենի ամենախոշոր դրսևորումները եղել են Հայաստանի դեմ ուղիղ հարձակումները 2021 թվականի նոյեմբերին Սյունիքի, իսկ արդեն 2022 թվականի սեպտեմբերին Սյունիքի ու արևելյան սահմանամերձ մյուս շրջանների, մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ։

Սյունիքում տարածված մյուս պատմություններն ընդգծում են մարզի հնությունը և դրա պատմական հայկական ժառանգությունը։ Այն հին ու միջնադարյան ժամանակներում ունեցել է իր սեփական իշխանությունը, համարվել մեծ ու ազդեցիկ ֆեոդալական գավառ։

«Սյունիք» և «Զանգեզուր» եզրույթների միջև տարբերակումը հետաքրքիր պատկերացում է տալիս մարզի մասին։ Հարցված հայերի գերակշիռ մեծամասնությունը հավասարապես երկուսն էլ իրենն է համարում։ Եվ իսկապես, Սյունիքով անցնող հիմնական լեռնաշղթան կոչվում է Զանգեզուրի լեռնաշղթա։ Կապանի տեղական հեռարձակողներից մեկը, ինչպես նաև հիմնական հանքարդյունաբերական ընկերությունը նույն այդ անվանումն ունեն։

Միայն ավելի երիտասարդ սերնդի շրջանում է, որ «Զանգեզուր» կիրառումն ավելի քիչ է, քան «Սյունիք»-ը։ Տեղացի հայերը պնդում են, որ իրենց ընդհանրապես չի հուզում, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունն ինստրումենտալիզացնում «Զանգեզուր» եզրույթը։ Մարզի հայ բնակչության կարծիքով՝ թե՛ Սյունիքը, թե՛ Զանգեզուրը քիչ, թե շատ նույն տարածքն են ենթադրում։

Սյունիքը (նաև Արցախը) մշտապես ընկալվել է որպես մեր ժամանակներում հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումների ակունք։

Սյունիքի շարքային քաղաքացին պետք է դիմակայի անմիջապես հորիզոնում հանկարծակի հայտնված ադրբեջանական դրոշներին և զինվորականներին, ինչն անհանգստացնող է։ Ու այս պայմաններում Դավիթ Բեկի ու Գարեգին Նժդեհի մասին պատմությունները մեծ արձագանք են ստանում ներկայիս բարդ հանգամանքներում, որում հայտնվել է Սյունիքը։ Սյունիքի անցյալի հարուստ ժառանգությունը ծառայում է իբրև դժվարությունները հաղթահարելու մեխանիզմ։ Այն նաև ոգեշնչման աղբյուր է Սյունիքի հայերի համար, ովքեր պետք է դիմացկուն լինեն, մինչ տարածաշրջանի ու համաշխարհային ուժերը շարունակում են քննարկումները Հարավային Կովկասի ապագայի շուրջ։

Քաղաքականությունն ու աշխարհաքաղաքականությունը, տնտեսությունն ու առևտուրը, ինչպես նաև Սյունիքի շուրջ տեղի ունեցող ռազմավարական զարգացումները շարունակում են կարևոր լինել 2024 թվականին։ Այս առումով ուշագրավ է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին միացնելու գաղափարը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին հայտարարության կետերից մեկը Ռուսաստանի վերահսկողության ներքո նման կապի ապահովումն էր, թեպետ դրա մասին բացահայտ ձևակերպում փաստաթղթում չկար։ Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարությանը, ապա այն ծրագրում է բացել բոլոր սահմանները, կառուցել մայրուղիներ ու երկաթուղիներ, վերականգնել և բարելավել հաղորդակցությունը Հարավային Կովկասում և ավելի լայն՝ Մերձավոր Արևելքում։

Այդուհանդերձ, Ադրբեջանի կառավարությունը կտրուկ ակնարկներ է արել այն մասին, որ իրենք ակնկալում են ինքնիշխան ճանապարհ ունենալ, որը կանցնի Հայաստանի տարածքով՝ ըստ էության արգելափակելով Իրանի հետ սահմանը. ծրագիր, որն Ադրբեջանը կարող է առաջ տանել ուժի միջոցով։

Հատկապես խոսուն է Սյունիքում հարցազրույցի ժամանակ ներկաներից մեկի մեջբերումը, որում, հիշատակելով 1921 թվականին Գարեգին Նժդեհի հռչակած անկախության կարճ ժամանակահատվածը, նա ասաց. «Նախկինում մարզի բնակիչները զանգեզուրցի էին, այսօր՝ սյունեցի են, իսկ ապագայում լինելու են լեռնահայաստանցի»։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է June 2024 ​issue of AGBU Magazine. end character

About the AGBU Magazine

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։