Հազարամյակներ շարունակ քրիստոնեությունը եղել է հայկական ինքնության հիմնաքարը։ Պետական կրոն ընդունվելուց ի վեր՝ քրիստոնեությունն է, որ հայ ժողովրդին օգնել է տարածաշրջանում պահպանել իր ինքնությունը՝ չնայած դարավոր մարտահրավերներին և խոչընդոտներին՝ եկեղեցու և ժողովրդի միջև կապը դնելով խորը հիմքերի վրա։
Այդուհանդերձ, 20-րդ դարի սկզբին, երբ Հայաստանը հակակրոնական գաղափարախոսություն քարոզող Խորհրդային Միության մաս դարձավ, ստիպված եղավ հրաժարվել մասսայական պաշտամունքից և ինքնության այդ շերտը փորձեց թաքցնել։ Սակայն հավատքը երբեք մոռացության չմատնվեց։
Պետական մակարդակով պարտադրված, երկու սերունդ ձգվող յոթանասունամյա աթեիզմն ուղղակիորեն հակադրվում էր Հայաստանով մեկ սփռված հնագույն քրիստոնեական սրբավայրերի և խորհրդանիշների առկայությանը, որոնք անկոտրում հիշեցնում էին հայի կրոնական ժառանգության մասին:
1991 թվականին, երբ Հայաստանը վերականգնեց իր ինքնիշխանությունը, քրիստոնեության հանդեպ հետաքըրքրությունը կարծես արթնացավ պարտադրված խորը քնից և Հայ Առաքելական Եկեղեցին սկսեց աստիճանաբար վերականգնել խաթարված համբավը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ՝ վերջին 30 տարիներին ի հայտ եկավ հոգեվորականների նոր սերունդ, որն ուներ համապատասխան կրթություն և համահունչ աշխարհայացք։ Վերջիններս օգնում են ժողովրդին հավատի միջոցով ուժ ու մխիթարություն գտնել՝ հաղթահարելու վերջին շրջանում հայ ժողովրդի գլխին կուտակված դժվարությունների հոգեցունց ազդեցությունը։ Չնայած այս ճգնաժամերն ու դժվարությունները կարծես ավելի դիմացկուն են դարձրել ժողովրդին, սակայն փաստ է, որ զարկ են տվել նաև հոգևոր դրսևորումներին։
Այսօր եկեղեցիներն ու վանքերը կրկին հոգևոր և մշակութային վերածննդի կենտրոններ են, որոնք գրավում են ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ռազմական և հուզական բուռն ցնցումները մարդկանց էլ ավելի մոտեցրին քրիստոնեությանը։ Դժվարին օրերին եկեղեցիները լեփ-լեցուն էին մոմ վառող ու իրենց սրտի իղձերն առ Աստված հասցնել ցանկացող քաղաքացիներով։ Սրբավայրերը դարձան հույսի տաճարներ, ուր հազարավոր քաղաքացիներ աղոթում էին խաղաղության, պաշտպանության և ողորմության ակնկալիքով։ Իսկ հոգևորականներն իրենց հերթին օրհնում, քաջալերում և ուղղորդում էին ժողովրդին՝ հայ զինվորների և քաղաքացիական անձանց դեմ իրագործվող անմարդկային արարքների դեմ նրանց պայքարում:
2023 թ.-ին, երբ արցախահայերը բռնի կերպով տեղահանվեցին իրենց դարավոր հայրենիքից, շատերն էին հաճախ կրկնում, որ ողջ են մնացել Աստծո օգնությամբ՝ իրենց անսասան հավատի և սրտի խորքից բխող աղոթքների շնորհիվ: