Ինքնության շերտեր

Ինքնության դրսևորման ներկապնակը Հայաստանում


Հայաստանի Հանրապետության բնակչությունը բաղկացած է 98 տոկոս էթնիկ հայերից: Եվ չնայած այս միատարրությանը՝ ՀՀ-ում ապրում են շուրջ երեք միլիոն անհատներ՝ իրենց ուրույն պատմություններով և անհատականությամբ՝ պայմանավորված տարիքային, գաղափարական, տարածաշրջանային և մշակութային գործոններով։

Այս անհատներից յուրաքանչյուրը յուրովի է կապված հայկականի հետ և ինքնատիպ է արտահայտում իր ազգային ինքնությունը։ Այս խճանկարն համալրում են թե՛ անհատներ, ովքեր ապրել են Խորհրդային Հայաստանում և այդ մշակույթի ու գաղափարախոսության կրողն են, թե՛ անկախության սերունդը և թե՛ ներկայիս երիտասարդությունը՝ իրենց առաջադիմական մոտեցումներով։ Յուրահատուկ գույներ են հաղորդում նաև հայրենադարձված հայերը, մասնավորապես` սիրիահայկական մեծ համայնքը։

Բացի մարդկանց բազմազանությունից՝ որոշ իրադարձություններ, մասնավորապես՝ Սպիտակի երկրաշարժը, Արցախյան պատերազմները, հեղափոխությունը, Արցախի էթնիկ զտումն ու համավարակը իրենց ազդեցությունն են ունեցել հանրության ընկալումների և ազգ ու ժողովուրդ հասկացությունները վերասահմանելու հարցում։

Հաջորդող էջերում չորս անհատի անձնական պատմություններով ականատես կլինենք, թե ինչպես են տարբեր կյանքի ընթացք ու փորձառություն ունեցող մարդիկ դրսևորում իրենց ազգային ինքնությունը։ Նրանցից յուրաքանչյուրն յուրովի է կապվում իր հայկական ինքնության հետ և ցույց տալիս, որ Հայաստանը, չնայած իր առջև ծառացած բոլոր փորձություններին և մարտահրավերներին, շատերի համար մնում է մի վայր, որտեղ կարելի է գտնել ոգեշնչում, իմաստ և նպատակ։

Հաջորդող էջերում չորս անհատի անձնական պատմություններով ականատես կլինենք, թե ինչպես են տարբեր կյանքի ընթացք ու փորձառություն ունեցող հայեր դրսևորում իրենց ազգային ինքնությունը։

 

Հող ու ջուր

Տիգրան Բաղիշջանյանի՝ հողին կպած ինքնությունը

Հեղինակ՝ Լուսինե Մինասյան

Նկար
Tigran Baghishjanyan riding his horse in forests near Lake Sevan.

Tigran Baghishjanyan riding his horse in forests near Lake Sevan.
Caption
Տիգրան Բաղիշջանյանը ձիավարության ընթացքում Սևանա լճի հարակից անտառներում:

Դեռ վաղ հասակից հայկական դյուցազներգություններն ու ավանդապատումները երեխաների ու դեռահասների մոտ ձևավորում են ազգային հերոսների ու հերոսապատումների մասին առաջին պատկերացումները։ Տիգրան Բաղիշջանյանի համար դա եղավ վեց տարեկանում, երբ առաջին անգամ թերթեց պատկերազարդ «Սասնա ծռեր» էպոսը։ «Երբ ես թերթում էի էջերը, Դավթի ձիու՝ Քուռկիկ Ջալալիի նկարազարդումը անմիջապես գրավեց ինձ: Այն իմ մեջ ազատության անսահման զգացում առաջացրեց, ու սկսեցի մեծ հպարտություն զգալ։ Այդ պատկերն ու արիության պատգամը հավերժ դաջվեցին իմ՝ հային սահմանելու պատկերացումներում»:

Այս դրվագը մանկության այն հուշերից չէր, որ խամրում ու մոռացության են մատնվում։ Արդեն պատանի Բաղիշջանյանը մեկ անգամ չէ, որ տան մառանից թաքուն վերցնում էր մեկ շիշ տնական օղի ու սիրաշահում ձիապաններին, որպեսզի իրեն թողնեին մեկ ժամ ձի վարեր։ Այդ զբոսանքների արդյունքում Բաղիշջանյանը ոչ միայն ամրապնդեց իր սերը ձիերի, այլ նաև հայրենի հողի ու լեռների հանդեպ։

1998 թվականին՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը ռազմագիտության դիպլոմով ավարտելուց հետո, Բաղիշջանյանն սկսում է ռազմագիտություն դասավանդել Մարտունու թիվ 1 հանրակրթական դպրոցում։ Դա իր համար շատ լավ հնարավորություն էր՝ իր աշակերտներին փոխանցելու ազգային հպարտության զգացումը։ Նա նաև աշխատում էր մարզային հեռուստատեսությունում՝ վարելով «Բարի երեկո, Մարտունի» հաղորդումը, որի միջոցով կրկին անդրադառնում էր ուսուցողական նյութերի:

Այս ամենին զուգահեռ՝ 2004 թվականին իր ուժերն է փորձում զբոսաշրջության ոլորտում և կազմակերպում ձիավարության արշավներ Սևանա լճի երկայնքով ձգվող գեղատեսիլ լեռներով և անտառներով: Այս էքսկուրսիաներն զբոսաշըրջիկներին հնարավորություն էին տալիս տեսնելու այն գողտրիկ ու ծածուկ ան-կյունները, որ նա բացահայտել էր պատանեկության տարիներին ձիավարելիս։ «Ես ցանկանում էի, որ այցելուները Հայաստանը զգային մեր լեռների ու վանքերի միջոցով և գնահատեին Հայաստանի բնական և պատմական հարստությունները»,- բացատրում է նա: «Ամեն անգամ, երբ ցույց եմ տալիս մեր Սուրբ Հովհաննես մատուռն ու ասում, որ այն  գտնվում է 3,330 մետր բարձրության վրա, անսահման հպարտություն եմ զգում, հատկապես, երբ դա ուղեկցվում է օտարազգի զբոսաշրջիկների հիացմունքով, թե ինչպես ենք կարողացել այդ բարձունքում մատուռ կառուցել»:

 

Նկար
David of Sassoun illustrated by Hakob Kojoyan

David of Sassoun illustrated by Hakob Kojoyan
Caption
Հակոբ Կոջոյանի՝ «Սասունցի Դավիթ» նկարազարդումը

Հետագա տարիների ընթացքում Բաղիշջանյանի հետաքրքրությունը ձիավարության նկատմամբ երբեք չկորցրեց իր ուժը։ Սակայն 2021 թվականին, առողջության վատթարացմանը զուգահեռ, ստիպված եղավ դադարեցնել գործունեությունը:

Ապաքինման ընթացքում էլ իրեն չկտրեց ձիերից. սկսեց ուսումնասիրել հայկական ձիու ցեղատեսակն ու դրա առանձնահատկությունները, և թե ինչպես կարելի է վերականգնել և բուծել ոսկեղենիկ ձիու այդ տեսակը, որը, Բաղիշջանյանի պնդմամբ, դարերի ընթացքում ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում և հարմարվել շրջակա միջավայրին։ «Ժամանակին այդ ձիու տեսակը պատկանում էր Արցախի մելիքներին, սակայն, ենթադրվում է, որ այս տեսակի վերջին ձին Անգլիայի թագուհուն նվիրել է Խրուշչովը Կարիբյան ճգնաժամի ժամանակ: Հետո այն վերացել է»,- ասում է նա։

Ընտանիքի և ընկերների հետ միասին մանրամասն ուսումնասիրություն կատարելուց հետո վստահ է, որ այժմ տիրապետում է ցեղատեսակի վերականգնման համար անհրաժեշտ գիտելիքներին։ «Այս բնիկ ցեղատեսակի վերականգնման համար այժմ ես ունեմ բոլոր կենսաբանական նախադրյալները »,- ասում է նա:

Բաղիշջանյանի նվիրումն այս գործին ճանաչվեց ոլորտի փորձագետների կողմից: Բացի այդ՝ 2020 թվականին նա ստացավ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը, և ՀՀ կառավարությունը նրա ձիարշավարանի համար տարածք հատկացրեց Մարտունիում։

 

Նկար
Situated at an altitude of 3,330, St. Hovhannes Chapel brings Baghishjanyan great pride.

Situated at an altitude of 3,330, St. Hovhannes Chapel brings Baghishjanyan great pride.
Caption
Situated at an altitude of 3,330, St. Hovhannes Chapel brings Baghishjanyan great pride.

Սակայն սկսվեց չարաբաստիկ պատերազմը, և Բաղիշջանյանն առաջին իսկ օրերից գնաց առաջնագիծ։ «Իմ մասնագիտական պատրաստվածությունն ու բնական հակումները պարտավորեցրին ինձ լինել հենց առաջնագծում՝ կռվողների շարքում»,- նշում է նա՝ հավելելով, որ ծառայության ներկայանալուց մի քանի օր անց նույնը խրախուսել է անել նաև որդուն՝ Գագիկին։

Հետպատերազմյան մարտահրավերները, որոնց գումարվեց նաև համավարակը, Բաղիշջանյանին ստիպում են դժվարին որոշման առջև կանգնել՝ վաճառել ձիերի մեծ մասը։ Սակայն այսօր դա նրան չի անհանգստացնում, և վստահ է, որ եթե ոչ ինքը, ապա որդին ու թոռները հայկական ձիու ցեղատեսակը վերականգնված կկարողանան տեսնել։

Երբ ես թերթում էի էջերը, Դավթի ձիու՝ Քուռկիկ Ջալալիի նկարազարդումը անմիջապես գրավեց ինձ: Այն իմ մեջ ազատության անսահման զգացում առաջացրեց, ու սկսեցի մեծ հպարտություն զգալ։ Այդ պատկերն ու արիության պատգամը հավերժ դաջվեցին իմ՝ հային սահմանելու պատկերացումներում:

Բաղիշջանյանն այժմ մեկ այլ նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Դպրոցահասակ երեխաների համար կազմակերպում է մեկշաբաթյա ճամբար՝ նրանց մեջ ամրապնդելու բնության ու հայրենի հողի հանդեպ սերն ու կապը: Ձիավարությունն այս ճամբարից էլ անմասն չի մնում։ Ասում է, որ ճամբարում երեխաներին ձիավարել սովորեցնելով նրանց մեջ բնավորություն է ձևավորում և օգնում հաղթահարել վախերը։ «Երբ ազատվում են ձի քշելու վախից, այդ ազատության զգացումը տարածվում է այլ մարտահրավերների վրա ևս և օգնում հաղթահարել դժվարությունները»,- ընդգծում է Բաղիշջանյանը, հետո հավելում. «Ես իսկապես հավատացած եմ, որ յուրաքանչյուրս յուրովի կարող ենք նպաստել մեր հայրենիքի զարգացմանը: Ես դա անում եմ ձիերի միջոցով՝ որպես անձնական ազատության մեծ խորհրդանիշ: Այս մտածելակերպը սերմանելը մեզ համար կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով 2020 թվականի Արցախյան պատերազմի ելքը»։

Հայտնի է, որ պատերազմի ավարտից հետո Գեղարքունիքի երկայնքով Ադրբեջանի հետ սահմանն ընդլայնվել է, և Ադրբեջանի կողմից հայկական կողմի վրա պարբերաբար կրկնվող կրակոցներն ու սահմանային լարվածությունն իրենց ազդեցությունն են ունենում Բաղիշջանյանի զբոսաշրջային գործունեության վրա: «Սահմանին նույնիսկ մեկ ժամ կրակոցի պատճառով այցելուներն իրենց անապահով են զգում և չեղարկում նախապես ամրագրած արշավները»,- նշում է նա։ Այդուհանդերձ, Բաղիշջանյանը ոչնչից չի կոտրվում և, ինչպես ինքն է նշում, ցանկացած դժվարին պահի ապավինում է հային բնորոշ դիմացկունությանը։ 

 

Շիրակի Բազեն

Արսեն Վարդանյանն արթնացնում է Գյումրին խորը թմբիրից 

Հեղինակ՝ Լուսինե Մինասյան

Նկար
Arsen Vardanyan, the founder of Gyumri is Our Home NGO.

Arsen Vardanyan, the founder of Gyumri is Our Home NGO.
Caption
Արսեն Վարդանյան, «Գյումրին մեր տունն է» ՀԿ-ի հիմնադիր:

Գյումրին՝ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքն ու մշակութային մայրաքաղաքը, տաղանդավոր արվեստագետների, արհեստավորների և մարզիկների ծննդավայրն է: Նրանց անուններն անգամ ազգային հպարտության զգացում են առաջացնում թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհասփյուռ հայության շրջանում։ Սակայն քաղաքի մասին հավաքական զգացողություններն հակասական են՝ պայմանավորված 1988-ի Սպիտակի երկրաշարժի ցավագին հիշողություններով։

Երեսուներեքամյա Արսեն Վարդանյանը ծնվել է երկրաշարժից հետո, սակայն  երկար տարիներ սեփական մաշկի վրա զգացել է դրա հետևանքները՝ իր ընտանիքի հետ ապրելով տնակում՝ ծանր ու ծայրահեղ դժվարին պայմաններում: Անշուշտ, աղետն իր հետևանքներն ունեցել է Վարդանյանի աշխարհայացքի ձևավորման և կայացրած որոշումների վրա։ Սակայն Գյումրիում համալսարանն ավարտելուց և Հայաստանի զինված ուժերում ծառայելուց հետո նա որոշեց հրաժարվել մռայլ անցյալի բեռից՝ փորձելով փոխարենը օգնել, որ քաղաքը նորից վերածնվի:

Տասներկու տարի առաջ նա հիմնադրեց «Գյումրին մեր տունն է» ՀԿ-ն, որը շուտով դարձավ երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հավաքատեղի՝ կոչված ակտիվացնելու տեղի համայնքը և փոխելու տիրող մտածելակերպը: Նրանց առաջին մեծ նախագիծը քաղաքի կենտրոնում սահադաշտ բացելն էր, ինչը, կարծես հեգնանք, համընկավ երկրաշարժի 25-րդ տարելիցի հետ։

Այդ ժամանակ միջոցները զրոյական էին, աջակցությունն էլ չնչին, և սկսեցին, դռներ թակելով, քաղաքացիներին ներ-գրավելով, հատ առ հատ հավաքել ան-հրաժեշտ իրերն ու միջոցները՝ սահադաշտը բացելու համար։ Նրանց դա հաջողվեց։

Քաղաքապետարանն անմիջապես տրամադրեց ջուր և լուսավորություն ունեցող տարածք, իսկ Հայաստանի ու դրսի ընկերներն օգնեցին գնել չմուշկներ և այլ անհրաժեշտ պարագաներ:

Առաջին իսկ օրերից երիտասարդները սահադաշտ էին գալիս նույնիսկ Գյումրիի ծայրամասերից, իրենց հետ վերցնում էին տաք թեյ ու սնունդ, ընթացքում հյուրասիրում մյուս այցելուներին։ Մոտակայքում գտնվող սրճարանների տերերը սահադաշտ եկողներին թույլ էին տալիս ժամանակ առ ժամանակ մտնել սրճարան, տաքանալ։ Ներգրավվել էին նույնիսկ ավագ սերնդի ներկայացուցիչները. երեկոյան սահադաշտում հոկեյի մրցումներ էին անցկացնում։ «Մենք հասկացանք, որ քաղաքը կյանքի նոր ռիթմ է ուզում, պարզապես մարդիկ մինչ այդ չունեին համապատասխան պայմաններ ու միջավայր»,- հիշում է Վարդանյանը։

Ժամանակի ընթացքում ՀԿ-ում կամավորների թիվն աճեց, ինչպես նաև ընդլայնվեցին նրանց նախաձեռնությունների մասշտաբները: Վարդանյանը սկսեց զբաղվել քաղաքացիական լրագրությամբ՝ միաժամանակ ստեղծելով բլոգ, որտեղ խոսում էր քաղաքի խնդիրներից՝ սկսած ենթակառուցվածքներից մինչև քաղաքացիների վնասակար սովորությունները: «Բայց հետո հասկացա, որ բողոքել բոլորն էլ կարող են։ Արդյունք ստանալու համար պետք է ցույց տանք ինչ-որ մի բան անելու ճիշտ ճանապարհը»:

Շրջակա միջավայրը աղտոտումից պաշտպանելու նպատակով «Գյումրին մեր տունն է» ՀԿ-ն սկսեց պլաստիկ շշերի կափարիչներից խճանկարներ և որմնանկարներ պատրաստելու նախաձեռնությունը։ Արդյունքում, Գյումրին ողողվեց աշխարհահռչակ անհատների պատկերներով, ինչպես նաև հայկական մշակույթը ներկայացնող գործերով, ինչպես օրինակ՝ հայկական գորգերի խճանկարները, որոնք փակցվում էին բնակելի շենքերի ճակատներին և  նոր գույներ հաղորդում Գյումրիին: «Այն ժամանակ Գյումրիի կենտրոնն այնքան վերանորոգված չէր, որքան այսօր, և որմնանկարները հատուկ շունչ էին տալիս քաղաքին»,- նկատում է Վարդանյանը։ Կազմակերպությունը միջազգային ճանաչում ստացավ, երբ 2018 թվականին «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում հրավիրվեց Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» փառատոնին:

Մինչ օրս գյումրեցի երիտասարդների աջակցությամբ պատրաստվել է ավելի քան 50 խճանկար: Վարդանյանը նշում է, որ ամռան ամիսներին նրա արվեստանոցը դառնում է տարբեր տարիքի մարդկանց հավաքատեղի. «Տատիկներն իրենց թոռների հետ գալիս են ու կափարիչները խմբավորում ըստ գույնի և չափսի՝ միաժամանակ շփվում են մյուսների հետ, կիսվում գաղափարներով և փորձառությամբ»։

Քաղաքի անվանումների մեջ մտածելակերպի ու գաղափարական տարբերություններ դնելով՝ Վարդանյանը նշում է, որ ինքը ծնվել է Լենինականում, ոչ անկախ Հայաստանում, բայց իրեն միանշանակ գյումրեցի է զգում՝ իր ժողովրդին բնորոշ բոլոր հատկանիշներով։ Կարծում է, որ մյուս մարզերի իր հայրենակիցներից գյումրեցիներն առանձնանում են իրենց հումորով: ՀԿ-ն ինքնության այս բաղադրիչին էլ նվիրված նախաձեռնություն ունի։ Գյումրիի ամենահայտնի անեկդոտները կարելի է գտնել «Հումորի պատ»-ի վրա, որը երեք լեզվով քաղաքի էությունը փոխանցում է այցելուներին և զբոսաշրջիկներին: «Պատմության մեջ բոլոր «պատերը» բացասական իմաստ ունեն. Բեռլինի պատ, Չինական պատ։ Մենք ուզեցինք, որ մեր «պատը» ուրախ լինի», - ասում է Վարդանյանը։

Նա համաձայն չէ, որ վաղվա օրն է երիտասարդներինը. «Մենք հաճախ ենք նշում մեր պատմական հարուստ ժառանգությունը, բայց այսօր մենք պետք է աշխատենք վաղվա Հայաստանի ժառանգությունը ստեղծելու համար։ Մենք այսօր պետք է գնահատենք մեր շրջապատում գտնվող մարդկանց և ճանաչենք նրանց գործունեությունը, հենց իրենց կենդանության օրոք, այլ ոչ դրանից հետո»:

Այս առումով, նա տարիներ առաջ նախագծեց նաև մի եռալեզու առցանց քարտեզ, որտեղ ներկայացված էին Շիրակի մարզի արվեստագետների ու արհեստավորների՝ նկարիչների, դարբինների, թոնրագործների և այլոց արվեստանոցները, ուր մարդիկ կարող էին այցելել տարբեր գյուղերով անցնելիս: Այս նախաձեռնությունը նաև խթանեց մոտակա համայնքների արվեստագետների ծանոթությունն ու շփումը միմյանց հետ՝ նրանց համագործակցելու հնարավորություն տալով:

«Գյումրիում մեծ պատիվ է, երբ մեկին մականուն են տալիս։ Այդ մականունը պետք է վաստակել։ Ընկերներս մի քանի տարի առաջ իմը կնքեցին «Շիրակի բազե»: Քանի որ ես շատ էի շրջում Շիրակով ու միշտ մի բան նկատում էի, որ անտեսված էր, բայց իրենից արժեք էր ներկայացնում,  ընկերներս այդ «սուր աչքի» համար ինձ այդ մականունը տվեցին»։

Շիրակի զբոսաշրջությանն աջակցելու նպատակով Վարդանյանը կազմակերպում է նաև կայակով և ոտքով արշավներ, որոնք ներառում են այցելություններ պատմամշակութային հուշարձաններ։ Միայն 2023 թվականին արշավներին միացել է ավելի քան 36,000 զբոսաշրջիկ՝ հիմնականում Հայաստանից և Վրաստանից։

Ամեն ինչ չէ, որ խոստումնալից է թվում նրան ներկայի ու ապագայի մասին մտածելիս։ Վարդանյանը կարծում է, որ հասարակության որոշ շերտերում դեռ տիրում է հետերկրաշարժյան զոհի կերպարը, բայց ժամանակն է, որ մարդիկ բաց թողնեն այդ մտածելակերպը: «Երբեմն ինձ թվում է, թե Գյումրին անցյալի կոմայի մեջ է: Ես անհարմար եմ զգում, երբ դրսից մարդիկ Գյումրին դեռ դիտարկում են որպես դրամական նվիրատվությունների, սննդի կամ հագուստի կարիք ունեցող քաղաք: Գյումրին նոր քաղաքային ռազմավարություն, քաղաքի ապագա տեսլական գծելու կարիք ունի: Մենք պետք է արթնացնենք քաղաքի իրական ոգին»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Վարդանյանը կարծում է, որ մենք գիտությունը մեր օրակարգից գրեթե ամբողջովին հանել ենք։ «Մեկ րոպեում ես կարող եմ նշել երեսուն երիտասարդ երգչի անուն, բայց ոչ մի գյուտարարի կամ գիտնականի՝ չնայած մեր ունեցած ներուժին»,- ափսոսանքով հավելում է նա: Այնուամենայնիվ, եզրափակում է: «Մարդիկ հաճախ շնորհակալություն են հայտնում ինձ իմ արածների համար, բայց զուտ գնահատանքի խոսքերն ինձ հաճույք չեն պատճառում։ Ես կզգամ, որ իսկապես գնահատված եմ, եթե շնորհակալության փոխարեն մարդիկ պարտավորվեն ամեն օր գոնե մեկ լավ բան անել հայերի ու Հայաստանի համար։ Դա է ինձ համար ընդունելի շնորհակալության միակ ձևը»:

 

Մրցակցային առավելություն

Ակադեմիկոս Ալբերտ Ղուլյանի մտորումներն անցյալի ու ներկայի շուրջ

Հեղինակ՝ Լուսինե Մինասյան  

Նկար
Dr. Albert Ghulyan stands before a radio telescope of the Institute of Radiophysics and Electronics, Ashtarak, Armenia.

Dr. Albert Ghulyan stands before a radio telescope of the Institute of Radiophysics and Electronics, Ashtarak, Armenia.
Caption
Դր. Ալբերտ Ղուլյանը Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ռադիոդիտակի դիմաց, Աշտարակ, Հայաստան։

Հայաստանն իր երկրորդ հանրապետության շրջանում շուրջ 70 տարի որդեգրեց ազգային ինքնությունից իրեն կտրել փորձող պետական մի գաղափարախոսություն, որտեղ որպես բարձրագույն արժեք գովերգվում էին սոցիալիզմն ու պրոլետարական ոգին։ Չնայած խորը արմատացած ինքնության տարրերը երբեք ջնջել չստացվեց՝ այն որոշակիորեն իր ազդեցությունն ունեցավ այն ժամանակվա սերնդի՝ մշակույթի ու կրոնի վերաբերյալ հայացքների ձևավորման վրա։

Չնայած այս ամենին՝ Խորհրդային Միության ժամանակաշրջանում Հայաստանը աշխարհին տվեց անվանի դեմքեր, մասնավորապես, ի դեմս գիտնականների և երաժիշտների։ Անշուշտ, դրան նպաստում էին պետական քաղաքականության որոշ տարրեր, որոնք էլ հաճախ, մինչ օրս, ակնածանք են առաջացնում ավագ սերնդի մոտ, երբ հայացք են գցում անցյալի գիրկն անցած բեղուն տարիներին։

Հայաստանում անվանի գիտնական, ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ղուլյանն իր կարիերայում ծաղկում է ապրել խորհրդային տարիներին: Իր հարուստ փորձառությամբ նա կարծում է, որ, թե՛  խորհրդային տարիներին և թե՛  անկախությունից հետո ընկած ժամանակահատվածում եղել են վերելքներ ու վայրէջքներ, սակայն մեր օրերում անկումները կարծես գերակշռում են:

Պրոֆեսոր Ղուլյանը ծնվել է Խորհըրդային Ադրբեջանի հայաբնակ Ղարաչինար գյուղում, ուսուցիչների ընտանիքում: 1955 թվականին տեղափոխվել է Երևան՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտում ուսումը շարունակելու: Չնայած Խորհըրդային Միության՝ ազգայինը ետին պլան մղելու ջանքերին՝ պրոֆեսոր Ղուլյանը նշում է. «Ծնողներս ամուր հայկականություն ունեին։ Թերևս դա է պատճառը, որ անկախ իշխանությունից, ես միշտ առաջնահերթություն եմ տվել իմ հայ լինելու հանգամանքին»:

«Այն ժամանակ ես հավասար հնարավորություններ ունեի ուսումս Բաքվում շարունակելու, բայց մայրս պնդեց, որ գնամ Երևան, քանի որ մտահոգվում էր, որ կարող եմ ոչ հայ աղջկա հանդիպել»,- ժպտալով հիշում է նա։

Իր բնագավառի անթերի մասնագետ պրոֆեսոր Ղուլյանն իր ժամանակներում կերտեց տպավորիչ կարիերա՝ շնորհիվ ժամանակաշրջանի՝ գիտության ոլորտի փայլուն երիտասարդներին խթանելու խորհրդային մոտեցման։ Նա ականավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի ուսանողն է եղել և մինչ օրս հիշում է, թե ինչպես էին հաճախ լսարանում հավասարը հավասարի պես քննարկումներ անցկացնում նոր հրատարակված գիտական հոդվածների շուրջ։ Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական բաժինն ավարտելուց անմիջապես հետո Համբարձումյանը նրան, կուրսի մեծամասնության հետ միասին, աշխատանքի ընդունեց Բյուրականի աստղադիտարանում։ Այնտեղ պրոֆեսոր Ղուլյանը հանդիպեց իր ապագա տիկնոջը՝ այն ժամանակ պրակտիկանտ Ռոզա Կիրակոսյանին: Շուտով ամուսնացան և հենց այդ ժամանակվանից էլ միասին ուղի հարթեցին իրենց ակադեմիական կարիերայի համար:

Անկախ Հայաստանում գիտությունն այդպես էլ չարժանացավ այնպիսի ուշադրության, ինչպիսին խորհրդային տարիներին էր, և դա ցավալի է:

1961 թվականին ամուսինները միացան Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտին, որտեղ պրոֆեսոր Ղուլյանը հետագայում ստանձնեց Կիրառական աստղաֆիզիկայի (ներկայում՝ Կիրառական ռադիոֆիզիկա) լաբորատորիայի վարիչի պաշտոնը։ Այս ամենին հատկապես նպաստեց հատուկ նշանակության տիեզերական ալեհավաքների ոլորտում ունեցած նրա մասնագիտացումը, քանի որ վերջինս գտնվում էր խորհրդային կառավարության ուշադրության կենտրոնում:

Պրոֆեսոր Ղուլյանը նշում է, որ Ռադիոֆիզիկայի ինստիտուտը զգալի հարգանք էր վայելում խորհրդային իշխանությունների կողմից՝ որակյալ հետազոտությունների և գիտության ոլորտում ներդրումների շնորհիվ: Ինստիտուտն առնվազն երեք անգամ ստացել է Խորհրդային Միության նախարարների խորհրդի մրցանակ և ծառայել որպես Խորհրդային Միության շրջանում բազմաթիվ գիտաժողովների անցկացման հիմնական վայր:

Գիտնականը նաև ճանապարհորդելու հնարավորություն է ունեցել խորհրդային գրեթե բոլոր հանրապետություններում՝ գիտաժողովների մասնակցության նպատակով։ Նա հիշում է, որ հայ գիտնականներին յուրահատուկ ակնածանքով էին վերաբերվում։

«Գիտեք, որպես ազգ մենք ունենք հիացմունքի արժանի երկու հատկանիշ. մենք խելացի ենք և հյուրընկալ: Եվ այդ հատկանիշները միշտ աչքի են ընկել գիտաժողովներ անցկացնելիս»,- նշում է նա: «1990-ականների սկզբին գիտաժողովներից մեկի ժամանակ ինձ մոտեցավ ռուս ընկերներիցս մեկը և ռուսերեն ասաց, թե ինչ հարգանքով են հիշում մեզ մոտ անցկացված գիտաժողովները։ Նրանց միշտ յուրօրինակ կերպով տպավորում էին թե՛ մեր ներկայացրած նյութերը, թե՛ հյուրընկալությունը»։

Ժամանակին ծաղկուն գիտահետազոտական կենտրոնն այսօր ընդամենը երեք աշխատակից ունի: «Անկախ Հայաստանում գիտությունն այդպես էլ չարժանացավ այնպիսի ուշադրության, ինչպիսին խորհրդային տարիներին էր, և դա ցավալի է»:

Ինստիտուտում իր ակադեմիական գործունեությանը զուգահեռ՝ պրոֆեսոր Ղուլյանը 1970 թվականից դասավանդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Դասախոսական ավելի քան հիսունամյա գործունեության ընթացքում պրոֆեսոր Ղուլյանն ականատես է եղել Հայաստանի կրթական համակարգում կատարված բազում փոփոխությունների: Այժմ նա քայլում է գրեթե դատարկ միջանցքներով, մինչդեռ իր ուսանողության տարիներին դժվար էր անցնել այդ նույն միջանցքով առանց ակամա միմյանց հրելու։

Ըստ պրոֆեսորի՝ պատճառներից մեկն այն է, որ ուսանողներին հաճախ անհրաժեշտ է լինում լրիվ դրույքով աշխատել իրենց ուսումը ֆինանսավորելու համար և, ի վերջո, բացակայում են դասերից: Հետո հավելում է, որ դա երբևէ խնդրի առարկա չի եղել խորհրդային տարիներին՝ Խորհրդային Միության անվճար կրթական քաղաքականության շնորհիվ։ «Կառավարման մի շարք տարրեր իներցիայով շարունակվեցին անկախության առաջին տարիներին, ներառյալ՝ անվճար կրթությունը։ Հետո պատկերը փոխվեց»։

Սակայն, վստահեցնում է, որ անկախ ամեն ինչից, չի փոխվել խելացի ուսանողների թիվը համալսարանում. «Յուրաքանչյուր սերնդի մեջ ունեցել եմ շատ խելացի և եռանդուն ուսանողներ, ինչպես և հիմա: Բայց ցավով եմ նայում, թե նրանցից շատերը ինչպես են հեռանում Հայաստանից՝ արտերկրում գիտության ոլորտում կարիերա կերտելու նպատակով»:

Պրոֆեսոր Ղուլյանն օբյեկտիվորեն նշում է, որ մեր օրերն էլ ունեն բազմաթիվ դրական կողմեր։ Իր կարծիքով, մասնավոր ուսումնական հաստատությունների կրթական որակը չի զիջում խորհրդային տարիների կրթությանը: «Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ դա այդպես է»: Սակայն նաև նշում է, որ մասնավոր հաստատությունները հասանելի են միայն բնակչության մի հատվածին, և մեծամասնությունը զրկված է որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություններից։

Ըստ նրա՝ գիտությունն է այն ոլորտը, որը պետք է սահմանի հային և ընդգծի նրա արժանիքները, սակայն ապագայի հանդեպ թերահավատությամբ է լցված։ «Ես հիմա ապրում եմ Երևանում, և առաջին հայացքից քաղաքը ծաղկում է, սպասարկման և զբոսաշրջության ոլորտներն օրեցօր բարելավվում. ինչը լավ է: Բայց, չգիտես ինչու, որպես ազգ մեր երկու հատկանիշներից այսօր մենք նախընտրում ենք շեշտը դնել հյուրընկալության վրա: Խելացի և գիտական մեծ ներուժ ունեցող ազգից առավել այսօր մենք մեզ ներկայացնում ենք որպես որակյալ սպասարկում առաջարկող ազգ: Այդ իսկ պատճառով ես թերահավատությամբ եմ լցված ապագայի հանդեպ, քանի որ գիտությունն է, որ ազգին առաջ է մղում»,- եզրափակում է պրոֆեսորը:  

 

Հավատք և ընտանիք

Հայերի միասնականության «բաղադրատոմսն» ըստ սիրիահայ Շաղիկ Տեր-Վարդանյանի

Հեղինակ՝ Արաքս Կասյան

Նկար
Der-Vartanian in the kitchen of her eponymous restaurant in the heart of Yerevan

Der-Vartanian in the kitchen of her eponymous restaurant in the heart of Yerevan
Caption
Շաղիկը՝ Երևանի սրտում գտնվող իր համանուն ռեստորանի խոհանոցում։

Երևանի աղմկոտ փողոցներում սիրիահայ Շաղիկ Տեր-Վարդանյանը հայտնվել է ինքնության խաչմերուկում։ Նրա պատմությունն անցյալին նայելով առաջ շարժվելու մասին է՝ ոդիսական, որը բնորոշ է օտար երկրներում հայտնված շատ ներգաղթյալների։ Միայն թե Շաղիկի դեպքում տեղափոխությունը հարազատ տուն համարվող Սիրիայից դեպի համայն հայության հայրենիք՝ Հայաստան է եղել։ Պատահական չէ, որ նրա ամենասիրելի հուշարձանը «Մայր Հայաստանն» է։ «Այն երևում է իմ պատշգամբից ու մշտապես ինչ-որ անբացատրելի ուժ է ինձ փոխանցում»,- խոստովանում է Շաղիկը։

Շատ սիրիահայերի նման 2000-ականների սկզբին Շաղիկն ու ամուսինը Հալեպը լքելու որոշում կայացրին. քաղաք, որը փրկություն էր դարձել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած նախնիների համար։ Նրանք հաստատվեցին հայրենիքում, որտեղ էլ ծնվեցին նրանց երկու դուստրերն ու որդին։

«Թեպետ իմ նախնիները Ցեղասպանությունից հետո հաստատվել էին Հալեպում, սակայն իմ պապը հողակտոր էր գնել Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին բնակավայրում, որտեղ հեկտարներով ձիթապտղի ծառեր էր տնկել և ձիթապտղի յուղ էր արտադրում։ Նա մահացավ՝ չպատկերացնելով անգամ, որ իր այդքան սիրելի հողերը մի օր գրավված կլինեն թուրքերի կողմից։ Ինձ համար այդ հողերում տնկված ամեն մի ծառ հատուկ նշանակություն ունի»,- կարոտով պատմում է Շաղիկը։

Մեծ հետաքրքրությամբ էի լցված՝ ծանոթանալու, սովորելու տեղի հայերի մտածելակերպն ու աշխարհընկալումը, փորձելու հասկանալ մեր միջև եղած մշակութային տարբերությունները։ Եվ ես ինձ համար բացահայտեցի այն արժեքները, որոնք ընդհանուր են մեզ համար, մասնավորապես՝ սերն ընտանիքի հանդեպ և մեր հավատը։

Հայտնի շեֆ-խոհարար, խոհարարական փորձագետ, այժմ նաև՝ ռեստորատոր Շաղիկն իր ամուր դիրքերն է հաստատել Երևանի սրտում։ Վերջերս քաղաքի կենտրոնում նա բացել է մի ռեստորան, որտեղ տեղացիներն ու զբոսաշրջիկները կարող են համտեսել ավանդական արևմտահայկական խոհանոցին բնորոշ համերն ու կերակրատեսակները։ «Մենք՝ հայերս, շատ բացառիկ ուտեստներ և կերակրատեսակներ ունենք, որոնք մեր ինքնության անբաժան մասն են կազմում, սակայն հաճախ մոռանում ենք դրա մասին և այդ ժառանգությունը պատշաճ կերպով չենք փոխանցում սերնդեսերունդ։ Կարծում եմ՝ մի փոքր թերանում ենք այդ պարտականության մեջ»,- նշում է Շաղիկը, ով հաստատակամ տրամադրված է, որ դա փոխելու է։

Հարցին, թե հատկապես ի՞նչ փոփոխություններ է տեսնում տեղացի հայերի և սփյուռքահայերի միջև, Շաղիկը պատասխանում է. «Տարիներ առաջ, հատկապես խորհրդային ժամանակներում, սիրիահայերի նկատմամբ վերաբերմունքն այլ էր։ Տեղացիները նրանց «ախպար» էին անվանում և դժվարությամբ էին ինտեգրում իրենց կյանք»։

Սակայն իր անձնական փորձառությունն արդեն հետխորհրդային Հայաստանում այլ է։ Նա երկրում ջերմ ու բարեկամական վերաբերմունք է տեսել, թեպետ նկատում է՝ Հայաստանում մարդիկ շատ չեն ժպտում։ «Որևէ դժվարություն չեմ ունեցել այստեղ։ Հակառակը, մեծ հետաքրքրությամբ էի լցված՝ ծանոթանալու, սովորելու տեղի հայերի մտածելակերպն ու աշխարհընկալումը, փորձելու հասկանալ մեր միջև եղած մշակութային տարբերությունները։ Եվ ես ինձ համար բացահայտեցի այն արժեքները, որոնք ընդհանուր են մեզ համար, մասնավորապես՝ սերն ընտանիքի հանդեպ և մեր հավատը»։

Շաղիկը հավատացած է՝ պատճառներից մեկը, որով տեղացի հայերն այդքան հիանում են սիրիահայերով, վերջիններիս շրջանում հայկական ինքնության՝ ամուր հիմքերի վրա դրված լինելու փաստն է։ Նա ընդգծում է, որ իրենց ինքնությունն ավելի արտահայտված է եղել Սիրիայում ձուլվելու մտավախությունից ելնելով, ու դրա համար է, որ բոլորը հաստատակամորեն կառչած են մնացել իրենց արմատներից ու մեծացել որպես իսկական հայեր։ «Սիրիահայկական համայնքում կրոնի և լեզվի պահպանությունը մշտապես ամուր հիմքերի վրա է եղել։ Օրինակ՝ հայրս միշտ բարկանում էր, երբ տանը որևէ բառ հայերեն չէի օգտագործում։ Շնորհիվ ընտանիքիս՝ ես մեծացա մաքուր հայերեն խոսելով ու գրելով։ Անգամ իմ անունը՝ Շաղիկ, որը «շաղ» բառից է, մաքուր հայկական է։ Ինձ համար միայն իմ անունն անգամ լավագույնս է ներկայացնում ինձ ու իմ ինքնությունը։ Կարծում եմ՝ Հայաստանում տեղացիները գնահատում են մեր իսկական հայկական տեսակը և չեն ընկալում մեզ որպես օտարի»,- ասում է նա։

Նկար
Der-Vartanian in front of her eponymous restaurant in the heart of Yerevan

Der-Vartanian in front of her eponymous restaurant in the heart of Yerevan
Caption
Շաղիկ Տեր-Վարդանյանը

Այսօր Շաղիկը հայկական կրոնական ու մշակութային ավանդույթները փորձում է լավագույնս փոխանցել իր երեխաներին։ «Մենք մեր երեխաների մեջ սերմանում ենք հայրենիքի հանդեպ սեր, սովորեցնում ենք եկեղեցու ու կրոնի կարևորությունը։ Ասում ենք, որ պետք է մշտապես երախտապարտ լինել Աստծուն և լինել աստվածավախ։ Մեր պատմությունը շատ դաժան է եղել, սակայն մենք հայ ենք մնացել, պահպանել ենք մեր ինքնությունը»,- շեշտում է նա՝ շարունակելով. - «Ժամանակակից կյանքն ու սոցիալական մեդիան հաճախ մարդկանց կտրում են իրականությունից, արհեստականորեն ստեղծում են զբաղվածության պատրանք, ու մարդիկ հաճախ մոռանում են պարզ, բայց կարևոր բաների մասին։ Հատկապես վերջին տարիների դեպքերը ցույց տվեցին, թե ինչպես ենք մենք դժվարին պահերին միավորվում։ Մինչդեռ մենք պետք է միշտ միասնական լինենք։ Պատկերացրեք, եթե հոգ տանեք սեփական մարմնի մասին ամսվա մեջ միայն մեկ օր։ Դա որևէ արդյունք չի տա, քանի որ պետք է ամենօրյա ռեժիմով առողջ ապրելակերպ վարել։ Նույնն է նաև երկրի, հայրենիքի պարագայում։ Պետք է ամեն օր հոգ տանել հայրենիքի մասին»։

Շաղիկն իր այս մտածելակերպը լավագույնս ի ցույց դրեց 2023 թվականի սեպտեմբերին, երբ սկսեց տասնյակ հազարավոր տեղահանված հայերի ապահովել տաք սնունդով։ «Այդ դժվարին օրերին ես փորձեցի մարդկանց սեր տալ»,- ասում է նա։ Շաղիկի կարծիքով՝ մեր ազգային ինքնության անբաժան մասը պետք է դառնա պատրաստակամությունը՝ օգնելու կարիքի մեջ գտնվող անձանց։ «Պետք է իրար օգնելով կարողանանք բարձրացնել ու ինքներս էլ բարձրանալ»,- ավելացնում է նա։

Շաղիկն իր ամուսնու և երեխաների հետ հաճախ այցելում է Հայոց ցեղասպանության հուշահամալիր. «Ամեն անգամ, երբ գնում ենք այնտեղ, պատմական հայկական քաղաքների անունները կրող պատի կողքով անցնելիս երեխաներին պատմում ենք մեր ընտանիքի ու ազգի պատմությունը։ Մենք պատմում ու հիշեցնում ենք նրանց, որ, ի հեճուկս այն ամենի, ինչի միջով անցել ենք, մենք դեռ կանք»։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է June 2024 ​issue of AGBU Magazine. end character

About the AGBU Magazine

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։