Փոստային նամականիշները վաղուց են գրավել կոլեկցիոներների և մասնագետների ուշադրությունը, և դա ինքնանպատակ չէ։ Առաջին հայացքից փոքրիկ, անկարևոր թվացող և փոստային ծառայությունների մեջ զուտ դրամական միավորի դեր կատարող այս պատկերներն, իրականում, մեզ ակնթարթորեն տվյալ երկիր տեղափոխելու և նրանց մշակույթին, ազգային ու պետական արժեքներին ծանոթացնելու ուժ ունեն։ Նամականիշներին հաճախ են տալիս «ազգային դեսպաններ» անվանումը, քանի որ նրանցում պատկերված դեմքերը, վայրերն ու խորհրդանիշներն արտացոլում են պետական ու ազգային մտածողությունը, արժեքներն ու, ինչու ոչ, նաև շահերը։ Այս տեսանկյունից, փոստային նամականիշները, ի տարբերություն մետաղադրամների և թղթադրամների, թարմացվում են ամեն տարի, որի շնորհիվ դրանց վրա հաճախ արտացոլվում են հասարակական ու պետական օրակարգի առաջնահերթությունները:
Հայաստանն ունի շուրջ մեկդարյա փոստային պատմություն: Սկզբում՝ 1858 թվականից մինչև 1910-ականների վերջը, ցարական Ռուսաստանի փոստային նամականիշներն էին շրջանառվում տարածաշրջանում։ 1919 թվականին նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը նախագծեց հայկական թեմատիկայով առաջին երեք նամականիշները, որոնցում պատկերված էին իլիկով կինը, Արարատ լեռը և արծիվը՝ մեր խորհրդանշական թռչունը:
Սակայն մինչ վերոնշյալ նամականիշները տպագրվում էին Ֆրանսիայում, Հայաստանի առաջին հանրապետությունը լուծարվեց, և դրանք այդպես էլ չմտան շրջանառության մեջ։ Փոխարենը, հետագայում այդ նմուշները մեծ արժեք ներկայացրին ֆիլատելիստների համար։
Հետագայում Խորհրդային Հայաստանում շրջանառության մեջ դրվեցին պետական գաղափարախոսությանը համապատասխանող հայկական թեմատիկայով մի շարք նամականիշներ։ Այդուհանդերձ, միայն անկախությունից հետո Հայաստանը կարողացավ ամբողջական վերահսկողություն ստանձնել փոստային նամականիշների թեմաների ընտրության հարցում և դրանց հաղորդել հնարավորինս ազգային բնույթ։ Անկախությունից ի վեր թողարկվել են բազմաթիվ նամականիշներ, որոնք արտացոլում են հայոց պատմությունը, կրոնը, մշակույթը, բնությունն ու հարուստ ժառանգությունը:

2008 թվականից «Հայփոստ» ազգային փոստային օպերատորը ստացավ ՀՀ նամականիշներ թողարկելու բացառիկ իրավունք՝ դադարեցնելով մասնավոր ընկերությունների թողարկումները:
Նամականիշների թեմատիկայի մասին խոսելիս «Հայփոստ»-ի ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը նշում է, որ մոտ 95 %-ը ազգային բնույթ ունեն։ Մնացածը թողարկվում են՝ արտացոլելով միջազգային միտումներ, ինչպիսիք են՝ սպորտը, տրանսպորտը, բուսական և կենդանական աշխարհը: Նա ավելացնում է. «Այնուամենայնիվ, հնարավորության դեպքում մենք այս միտումներն էլ ենք փորձում ազգային տեսանկյունից մատուցել»: Օրինակ՝ վերջերս Հայաստան-Ռումինիա համատեղ թողարկման մեջ ներկայացրել են ծագումով հայ հայտնի ռումինացի բժիշկ Աննա Ասլանին:
Համատեղ թողարկումը ընդունված միջազգային պրակտիկա է, որը հնարավորություն է տալիս երկու ազգային փոստային ծառայություններին համագործակցելու և միավորելու երկու երկրների ֆիլատելիստներին: Նման դեպքերում համագործակցությունը հաստատվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից հավանության արժանանալու դեպքում` դիվանագիտական նկատառումներից ելնելով:
Որպես միջազգային մեկ այլ միտում՝ սպորտը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Հայփոստ»-ի տարեկան պլանավորման մեջ։ Բացի օլիմպիական խաղերից կամ այլ կարևոր սպորտային իրադարձություններից՝ Հայաստանն առանձնացնում է սպորտի իր ազգային գործիչներին, օրինակ՝ շախմատի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանին՝ «Երկաթե Տիգրան» մականունով, որը նրան շնորհվել է իր՝ գրեթե անհաղթահարելի պաշտպանողական խաղաոճի համար:

Ավելին, հայկական ժառանգությունն աշխարհին հասանելի դարձնելու համար Հայաստանը մասնակցում է նամականիշների մի քանի մրցույթների, որոնցից ամենանշանավորը ՄԱԿ-ի կողմից ճանաչված Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «ԵՎՐՈՊԱ» ամենամյա միջազգային մրցույթն է: Փոստը առաջադրում է տարեկան թեմաներ, դիտարկում հայտերը և հայտարարում հաղթողներին հիսունհինգ անդամ-երկրների քվեարկության արդյունքներով: Հայաստանը «ՓոստԵվրոպա»-ին միացել է 2001 թվականին, իսկ 2019 և 2020 թվականներին արժանացել առաջին և երկրորդ մրցանակների։
Այս խոսուն պատկերները նաև ծառայում են որպես ազգային օրակարգը ներկայացնելու միջոց։ Վերջին երեք տարիներին թողարկվել է «Մշակութային ոճիր» նամականիշների շարքը, որը պատկերում է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) ռմբակոծությունը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Նախիջևանի խաչքարերի ոչնչացումը։ Դիվանագիտական այցերի ժամանակ հայկական կոնյակի և այլ հուշանվերների հետ մեկտեղ այս թողարկումներից շատերը նվիրում են Հայաստան այցելող պետական այրերին:
«Ազգային հարցերը խթանելը կարևոր է, բայց նույնքան կարևոր է, որ դրանք համապատասխանեն միջազգային չափանիշներին, որպեսզի խուսափենք բռնությունը խրախուսելուց կամ մարդու իրավունքների ոտնահարումից, ինչպես դա եղավ 2020 թվականին Ադրբեջանի դեպքում: Համավարակից կարճ ժամանակ անց նրանք ներկայացրին նամականիշի նախագիծ, որի վրա պատկերված էր ախտահանման փորձագետ, ով կանգնած էր Ադրբեջանի քարտեզի վերևում և կարծես «ախտահանում էր» Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը: Ի պատասխան՝ Հայաստանը դիմեց Միջազգային փոստային կոմիտե և կանխեց էթնիկ զտում խորհրդանշող նամականիշի թողարկումը»,- հիշում է Ալեքսանյանը։

Ազգային փոստային օպերատորը գործում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հովանու ներքո։ Նոր նամականիշների պլանավորման ժամանակ նախարարությունը հայտեր է ընդունում մշակութային հաստատությունների և այլ նախարարությունների կողմից, որոնք առաջադրում են իրենց ոլորտներին առնչվող նշանակալի հոբելյանական իրադարձություններ և անձանց:
Թեմաները հաստատվում են Հայաստանի փոստային նամականիշների խորհրդի կողմից՝ միջազգային և տեղական չափորոշիչներին համաձայն։ Այնուհետև, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաստատում է «Հայփոստ»-ի կողմից առաջարկված դիզայններից մեկը, որն էլ հետո տպագրվում է Կանադայի և Ֆրանսիայի տպարաններում՝ հետագայում կեղծելու ռիսկը նվազագույնի հասցնելու համար: Այս առումով, տպագրությունից հետո տպարանը «Հայփոստ»-ին տրամադրում է ոչնչացման վկայական՝ հաստատելու, որ տպագրությունից անմիջապես հետո ֆայլերը ջնջվել են։
Նամականիշները թողարկվում են սահմանափակ քանակությամբ և սովորաբար չեն վերատպվում: Մեծ մասը դրվում է շրջանառության մեջ, իսկ մի մասը պահվում է ֆիլատելիստների համար։ Դրանց սահմանափակ քանակն աստիճանաբար բարձրացնում է նամականիշների արժեքը: Որքան քիչ է մնում, այնքան գինը բարձրանում է: Սովորաբար, երբ միայն մի քանի նամականիշ է մնում, դրանք աճուրդի են հանվում:
Հետաքրքիր է, որ սխալ տպված նամականիշները մեծ պահանջարկ ունեն։ Նմանօրինակ թողարկումներից է Կարեն Դեմիրճյանին և Վազգեն Սարգսյանին նվիրված անվանական նամականիշը։ Սահմանափակ տպաքանակում նրանց անունները հակառակ էին տպվել, ինչը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ֆիլատելիստների մոտ:
Ազգային հարցերը խթանելը կարևոր է, բայց նույնքան կարևոր է, որ դրանք համապատասխանեն միջազգային չափանիշներին, որպեսզի խուսափենք բռնությունը խրախուսելուց կամ մարդու իրավունքների ոտնահարումից, ինչպես դա եղավ 2020 թվականին Ադրբեջանի դեպքում:
Տեխնոլոգիաների և հաղորդակցության առաջընթացի հետ մեկտեղ՝ նամականիշների արդյունաբերության առջև արդիական մնալու խնդիր է դրված։ Ալեքսանյանն ընդգծում է Հայաստանում ֆիլատելիայի «երիտասարդացման» կարևորությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ երկրի մոտ 300 ֆիլատելիստների մեծ մասը պատկանում է 60-ից բարձր տարիքային խմբին։ Այս նպատակին հասնելու համար մի քանի տարի առաջ Հայաստանում ներդրվեց մեկ այլ միջազգային միտում՝ «Մանկական ֆիլատելիա»-ն։ Դրա շրջանակներում թողարկվում են հայ մանուկներին հետաքրքրող ու հարազատ թեմաներով նամականիշներ, ինչպես օրինակ՝ հայկական մուլտերի հերոսները:

Ի լրումն՝ վերջերս թողարկվեց նաև նամականիշների մասին պատմող մանկական պատկերագիրք։ Ալեքսանյանը կարծում է, որ երեխաների մոտ ֆիլատելիայի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը նպաստում է այլ կարևոր արժեքների զարգացմանը, ինչպիսիք են՝ կարգապահությունը և ուշադրությունը, քանի որ միայն կազմակերպված մարդը կարող է հավաքել նամականիշներ և համալրել հավաքածուն:
«Հայփոստ»-ի մեկ այլ արդիական մոտեցում է լրացված իրականության (Augmented Reality) լուծումներով նամականիշի թողարկումը։ Օրինակ՝ հայ կոմպոզիտորներին նվիրված նամականիշների շարքում ARLOOPA հավելվածի միջոցով հնարավոր է սքանավորել նամականիշը և լսել տվյալ կոմպոզիտորի երաժշտությունը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ:
AR լուծումների հետ մեկտեղ, «Հայ-փոստ»-ն ուսումնասիրում է կրիպտո նամականիշների թողարկման գաղափարը: Չնայած դեռևս թվով քիչ պետություններ են մտել կրիպտո նամականիշների աշխարհ՝ Հայաստանն արդեն դիտարկում է դրանց շարքերը համալրելու հավանականությունը:
Հայկական ժառանգությունը նամականիշներով
Հայ ժողովրդի հազարամյա պատմությունը, մշակույթն ու ավանդույթները մեծ դեր են ունեցել հայկական ինքնության ձևավորման գործում։ Երկրի ներսում ինքնության այս տարրերն ամենուր են՝ արտացոլված ճարտարապետության, բնության, փողոցների անվանումերի և, նույնիսկ, դպրոցներում դասավանդվող առարկաների մեջ:
Անկախությունից հետո թողարկված նամականիշները թույլ են տալիս համապարփակ կարծիք կազմել, թե Հայաստանի Հանրապետությունն ինչն է ամենից շատ արժևորում իր մշակույթի, պատմության և պետականության տեսանկյունից:
Հայկական ավանդույթներ
Մեծ տարածում ունեն հայկական ժողովրդական մշակույթն ու սովորույթները ներկայացնող նամականիշները, որոնցում պատկերված են արհեստներ, տարազներ, Հայաստանին բնորոշ արտադրանքներ և հայկական խոհանոցը։
Դրանցից մեկը՝ ազգային տարազը, առանձնահատուկ ավանդական նմուշ է։ Այն ձևավորվել է պատմության, աշխարհագրության, տարածաշրջանի կլիմայի և սոցիալական շերտավորման գործոնների ազդեցությամբ: Մինչ այժմ նամականիշների վրա պատկերվել են պատմական և ժամանակակից Հայաստանի գավառները ներկայացնող մեկ տասնյակից ավելի, այդ թվում՝ Երևանի, Սյունիքի, Վասպուրականի, Սասունի, Տարոնի, Ջավախքի և Արցախի տարազները։
Հայկական ազգային տոնախմբություններից Համբարձման տոնը և Տյառնընդառաջը նույնպես արժանացել են նամականիշների թողարկումների:
2018 թվականին թողարկվել է Կոմիտասի «Հով արեք» պարը պատկերող նամականիշը՝ ի պատիվ թե՛ հայկական պարարվեստի, թե՛ անվանի վարդապետի:
«Հայկական ավանդական խոհանոց» նամականիշների շարքը ներկայացնում է այնպիսի ազգային ուտեստներ, ինչպիսիք են՝ պասուց տոլման, գաթան, ղափաման, թելբաց կուբաթին և հարիսան: Լավաշը պատկերվել է մեկ նամականիշով գեղաթերթիկի վրա՝ նվիրված «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ» թեմային:
Հատուկ շեշտ է դրվում նաև ազգային արհեստների վրա, ինչպիսիք են՝ պղնձագործությունը, խեցեգործությունը և ատաղձագործությունը:
2017 թ.-ին նամականիշ է թողարկվել՝ գովերգելու ներկայիս Թուրքիայում գտնվող Կուտինա քաղաքի 19-րդ դարի հայկական խեցեգործությունը։ Օսմանյան կայսրությունում Կուտինան խեցեգործության կենտրոն էր, որտեղ մեծամասամբ աշխատում էին հայ արհեստավորներ:
Գորգագործությունը նույնպես առանձնահատուկ նշանակություն ունի, ինչի մասին վկայում է հայկական վիշապագորգի նամականիշը: Թեև գորգի այս տեսակը բնորոշ է Արցախի ու Սյունիքի գորգագործական կենտրոններին, սակայն Ադրբեջանը ապօրինի յուրացրել է այն և ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ 2022 թվականին թողարկվել է Հայաստանի առաջին ասեղնագործ նամականիշը, որի վրա պատկերված է «Խնձորեսկ» տեսակի գորգերում օգտագործվող նախշից մի հատված:

Հայոց պատմություն
Պատմական թեմաներով հայկական նամականիշները մեծ ընդգրկում ունեն՝ սկսած հնագիտական պեղումների գտածոներից, ինչպիսիք են՝ Վիշապաքարերը և Արենիում հայտնաբերված ամենահին կոշիկը, մինչև պետականությունը խորհրդանշող ժամանակակից իրադարձություններ, այդ թվում՝ Հայաստանի անկախությունը, հայկական բանակի ստեղծումը, ազգային արժույթը, հայկական եռագույնը և այլն:
Հնագույն և միջնադարյան ժամանակաշրջանները ներկայացվել են Վանի (Արարատյան) և Կիլիկյան հայկական թագավորությունների միջոցով։ Պատկերվել են նաև պատմական մայրաքաղաքները։
Հայոց պատմությանն անդրադարձ կատարվել է նաև Մայիսյան հերոսամարտերի, Արցախյան ազատամարտի և այլ ազատագրական շարժումների միջոցով։
Այն փաստը, որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն է, չէր կարող ուշադրությունից դուրս մնալ: «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկը, որտեղ պատկերված է Հովհաննես Պողոս II Պապը ձախից, իսկ Ֆրանցիսկոս Պապը՝ աջից, սրա վառ վկայությունն է, ի լրումն Էջմիածնի մասունքների և գանձերի, ինչպես օրինակ՝ «Սբ. Թադևոս առաքյալի աջը» նամականիշը՝ թողարկված Քրիստոնյա Հայաստանի 1700-ամյակի կապակցությամբ:
Հայկական ճարտարապետական ժառանգությունը, եկեղեցիներն ու վանքերը արժեքավոր լրացում են այս շարքին: Վերջերս թողարկված կրոնական և կրթական կենտրոնների պատկերներով նամականիշներում ներառված են Ամարասն ու Գանձասարը:
Օսմանյան կայսրության վայրագությունները դատապարտվել են նաև նամականիշների միջոցով, որոնք ընդգծում են հայ և օտարազգի հերոս անհատներին, ովքեր կյանքեր են փրկել Հայոց ցեղասպանության ժամանակ։ Նրանց թվում է «հայ որբերի դանիացի մայր» մականունը կրող Կարեն Եփփեն։ Նամականիշների մեկ այլ շարք պատկերում է ԱՄՆ-ում, Փարիզում և Ուրուգվայում ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները:

Հայ կինո
2023 թվականին Հայաստանը նշեց հայկական կինոյի հարյուրամյակը։ Այս առթիվ 2022-23 թվականներին թողարկվել են «Սարոյան եղբայրներ» և «Հարսնացու հյուսիսից» ֆիլմերի նամականիշները։
Լեգենդար կինոռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի, Հրաչյա Ներսիսյանի, Անրի Վեռնոյի, Համո Բեկնազարյանի և ամերիկահայ Ռուբեն Մամուլյանի պատվին ևս թողարկվել են հոբելյանական նամականիշներ։
Թատրոնի անվանի դերասաններից պատկերվել են Հրաչյա Ղափլանյանը և Վահրամ Փափազյանը։ Նրանց թվում է նաև հայ անվանի դերասան և ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, «Ծիծաղի արքա» Կարպ Խաչվանքյանը, ով առավել հայտնի է իր կատակերգական դերերով, ինչպես Կնյազը «Տաքսի-տաքսի» հեռուստաթատրոնից։
Պարադոքսալ արտիստը՝ «տխուր աչքերով ծաղրածու» Լեոնիդ Ենգիբարյանը հեղափոխեց ծաղրածուի դերի մասին ընկալումները՝ այն համեմելով քնարական տարրերով, որոնք հանդիսատեսին խրախուսում էին պարզապես ծիծաղելու փոխարեն նաև խորհել տարբեր հարցերի շուրջ: Հայաստանի ժողովրդական արտիստին հարգանքի տուրք են մատուցել 2010 թվականին թողարկված նամականիշով։

Հայկական բնաշխարհ
Մեկ այլ միջազգային միտում է երկրի բնաշխարհը ներկայացնելը։ Հայաստանը հաճախ է թողարկում նամականիշներ՝ պատկերելով Կարմիր գրքում գրանցված բույսերը, ծաղիկները, թռչուններն ու կենդանիները, ինչպես նաև ազգային այգիներն ու արգելոցները:
2019 թվականի «ԵՎՐՈՊԱ» ամենամյա միջազգային մրցույթում, «Ազգային թռչուններ» թեմայի շրջանակներում, Հայաստանը «Գյուղական ծիծեռնակ» նամականիշով զբաղեցրեց առաջին տեղը: Եվս մեկ նամականիշ 2020 թվականին երկրորդ տեղը զբաղեցրեց՝ Գյումրին ճանաչելով որպես հնագույն փոստային երթուղիներից մեկը։
Բացի այդ՝ հայկական ծիրանն իր ինը տարատեսակներով, հայկական Ոսկեհատ խաղողը, որն աճում է Արարատյան դաշտավայրում ու հարակից տարածքներում և օգտագործվում գինիների, շամպայնի և կոնյակի պատրաստման համար, որպես ազգային խորհրդանիշներ պատկերվել են նամականիշների վրա։
Նմանապես թողարկվել են նաև գարեջրի, գինու և կոնյակի վերաբերյալ նամականիշներ, ինչպես նաև, հատուկ թողարկմամբ հարգանքի տուրք է մատուցվել հայկական կոնյակի արտադրության ոլորտում առաջամարտիկ Մարգար Սեդրակյանին։

Հայ գրականություն
Հայոց լեզուն հայ մշակույթի և ինքնության հիմնաքարերից մեկն է։ Հայերենի պատվին թողարկվել են Հայոց այբուբեն թեմայով, ինչպես նաև 2005 թվականին հայ գրչության 1600-ամյակին նվիրված նամականիշներ։
Մեկ այլ թողարկում նվիրված է Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794 թ.-ին հիմնադրված առաջին հայկական պարբերականին՝ «Ազդարար»-ին։ Պարբերականը Հնդկաստանի առաջին ոչ անգլիալեզու հրատարակությունն է եղել: Բացի այդ՝ թողարկվել է նամականիշ 1668 թվականին Ամստերդամում Ոսկան Երևանցու հրատարակած առաջին հայերեն տպագիր Աստվածաշնչի 350-ամյակի կապակցությամբ։ Վերջինս եղել է առաջին հայ գրահրատարակիչներից մեկը, և այս Աստվածաշունչը համարվում է հին հայկական տպագրության լավագույն նմուշներից մեկը։
Հայ գրականության նորագույն շրջանի անվանի հեղինակները տարիներ շարունակ պատկերվել են հոբելյանական առիթներով։ Նրանց թվում են՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Վահան Տերյանը, Պերճ Պռոշյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Աթաբեկ Խնկոյանը և այլք։
Հայ գրականության մեջ լայն անդրադարձ է կատարվել Համիդյան ջարդերին, Հայոց ցեղասպանությանը, ազգային գաղափարախոսություններին ու ազատագրական շարժումներին: Այս գրական ուղղությունը ներկայացնող նշանավոր դեմքեր Միքայել Նալբանդյանը, Սիամանթոն (Ատոմ Յարջանյան) և Ռուբեն Սևակը պատկերվել են նամականիշների վրա: Ռեալիստ գրող Արշակ Չոպանյանի 150-ամյակի կապակցությամբ թողարկվել է նամականիշ։ Նա իր ժամանակաշրջանում Ֆրանսիայում բացահայտ դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը՝ ֆրանսիացի մտավորականների հետ ունեցած կապերի շնորհիվ։
Սոցիալական և քաղաքական հարցերին յուրօրինակ մոտեցում էր ցույց տալիս Երվանդ Օտյանը՝ անկախ Հայաստանում 1992 թվականին նամականիշի վրա պատկերված առաջին գրական գործիչը։ Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրած գրող՝ նա յուրահատուկ երգիծական ոճ էր օգտագործում՝ քննադատելու իր դարաշրջանի ոճրագործությունները։ Օտյանի պատմական դետեկտիվները, այդ թվում՝ «Աբդուլ Համիդ և Շերլոք Հոլմս»-ը, յուրահատուկ դեր ունեն հայ գեղարվեստական գրականության մեջ։
Առաջին հայ կին վիպասան և ֆեմինիստ գրող Սրբուհի Տյուսաբը 19-րդ դարի վերջին անդրադարձել է կանանց հիմնախնդիրներին։ Նա գրել է էսսեներ կանանց կրթության, աշխատանքի և կանանց առջև ծառացած մարտահրավերների մասին, ինչպիսիք են՝ ֆինանսական կախվածությունը և ազատության բացակայությունը: Նրա 175-ամյակի առթիվ թողարկվել է նամականիշ։
Անվանի այլ հայ գրողների թվում են արձակագիրներ Մուրացանը, Րաֆֆին և Ծերենցը, ֆրանսիահայ բանաստեղծ և կոմունիստական գործիչ Միսաք Մանուշյանը, հայրենասիրական թեմաներով առաջատար գրող Ռաֆայել Պատկանյանը, որսորդական պատմություններով և Հայաստանի բնաշխարհի վառ նկարագրությամբ հայտնի Վախթանգ Անանյանը և ամերիկահայ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը։

Գիտությունը Հայաստանում
Հայ գիտնականների նվաճումները նշանակալի ներդրում են եղել տարբեր ոլորտների համար, ինչպիսիք են՝ աստղաֆիզիկան և աստղագիտությունը: Բյուրականի աստղադիտարանում Վիկտոր Համբարձումյանի (նամականիշը՝ 100-ամյակի առթիվ) պես հայտնի գիտնականները շրջադարձային հետազոտություններ են կատարել գալակտիկաների կառուցվածքի և էվոլյուցիայի վերաբերյալ: Մի քանի աստղաֆիզիկոսների պատվին ևս նամականիշներ են թողարկվել, այդ թվում՝ Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի անդամ Սերգեյ Համբարձումյանի, Լյուդվիկ Միրզոյանի, ով Վիկտոր Համբարձումյանի հետ վճռորոշ դեր է ունեցել Բյուրականի աստղադիտարանի ստեղծման և ընդլայնման գործում, և Բենիամին Մարգարյանի, ով հայտնաբերել է հատուկ դասի մի շարք գալակտիկաներ, որոնք ի վերջո իր անունով կոչվել են «Մարգարյանի գալակտիկաներ»:
Պատկերվել են նաև գիտական օբյեկտներ և իրադարձություններ, այդ թվում՝ տիեզերական «Օրիոն 1» և «Օրիոն 2» աստղադիտարանները, որոնք նշանակալի դեր են խաղացել տիեզերական ճառագայթների հետազոտության մեջ: Այս եզակի աստղադիտարանները մշակվել են աստղագետ և տիեզերական աստղագիտության առաջամարտիկ Գրիգոր Գյուրզադյանի կողմից (նամականիշը՝ 2022 թվականի) և գործել են Արագած լեռան լանջին։
Բացի այդ՝ երկրաֆիզիկայի 50-ամյակի առթիվ, 2007 թվականը հայտարարվել է արևային ֆիզիկայի տարի, որի ընթացքում աշխարհի ֆիզիկոսները նոր չափիչ սարքերով միջազգային ցանցեր են ստեղծել։ Տարվա միջոցառումներում Հայաստանն ակտիվ դեր է խաղացել մասնիկները գրանցող սարքերի Սևանի ցանցով, որն արժանացել է նույն թվականին թողարկված նամականիշի:
Աստղաֆիզիկան այն բազմաթիվ ոլորտներից է, որտեղ հայերը զգալի հաջողություններ են գրանցել։ Այլ բնագավառների շարքում են կենսաբանությունը, նյարդաբանությունը, մաթեմատիկան և կենսաքիմիան: Այս ոլորտի նամականիշների ամենավերջին լրացումը նվիրված է կենսաբան, նյարդաբան և Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին:
Նամականիշներում կենսաքիմիան ներկայացվել է յուրահատուկ դեղամիջոցների շնորհիվ: Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի անվան գիտահետազոտական ինստիտուտում ստեղծվել և կլինիկական փորձարկումների է ենթարկվել մոտ 30 տեսակի նոր դեղամիջոց, որոնց մեծ մասը մեր օրերում լայնորեն կիրառվում է պրակտիկ բժշկության մեջ։
Ի պատիվ մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի (Ֆիզմաթ դպրոց) հիմնադիր Արտաշես Շահինյանի և կենսաքիմիկոս Նորայր Սիսակյանի, ով նախագահել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 13-րդ նստաշրջանը՝ հոբելյանական նամականիշներ են թողարկվել անկախ Հայաստանում։

Հայկական երաժշտություն
Հայկական երաժշտության լեգենդները, ինչպիսիք են՝ Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը և Առնո Բաբաջանյանը, բազմիցս հայտնվել են նամականիշների վրա։ Այդ պատվին են արժանացել նաև Գուսան Շերամը և Գուսան Հավասին, ովքեր հայտնի են իրենց աշուղական բանաստեղծություններով, եղանակավոր երգերով ու երգախառն հեքիաթներով: Նամականիշներին պատկերված հայտնի դիրիժորների և երաժիշտների թվում են Էդվարդ Միրզոյանը, Լազար Սարյանը, Ալեքսանդր Հարությունյանը և այլք։
Խորհրդային շրջանի օպերային երգչուհի Տաթևիկ Սազանդարյանը՝ հայտնի Ալեքսանդր Սպենդիարյանի համանուն օպերայում Ալմաստի դերակատարմամբ, և Լուսինե Զաքարյանը, ով առավել հայտնի է շարականների անթերի կատարմամբ, պատկերվել են նամականիշների վրա։ «Հայփոստ»-ն անդրադարձել է նաև ազգային նվագարաններին՝ 2008 թվականից ի վեր նամականիշների վրա մի քանի անգամ պատկերվել են դհոլը, դուդուկը, քնարը, քամանչան։

Հայկական գեղարվեստ
Նամականիշները պատկերում են Հայաստանի ազգային պատկերասրահի հայկական գեղարվեստական գանձերը՝ ցուցադրելով ճանաչված նկարիչների գործերը, ինչպիսիք են՝ Հովհաննես Այվազովսկին, Արշիլ Գորկին և Երվանդ Քոչարը, ինչպես նաև՝ 19-20-րդ դարերի հայ գեղանկարչության և քանդակագործության հիմնադիր և նշանավոր դեմքերին:
Արվեստի թեմայով առաջին նամականիշը նվիրված է Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» կտավին։ Չնայած աստվածաշնչյան կերպար լինելուն՝ Սուրենյանցի «Սալոմեն» ոգեշնչված է Օսկար Ուայլդի համանուն վեպից, որտեղ Սալոմեի կերպարը կտրուկ հակադրված է իր աստվածաշնչյան կերպարին: Հակոբ Գյուրջյանի համանուն քանդակի պատկերով նույնպես թողարկվել է նամականիշ։ Նրա ձեռքին են պատկանում ավելի քան 300, այդ թվում՝ Վահան Տերյանի և Մարտիրոս Սարյանի քանդակները:
Հաջորդը «Թիֆլիսյան Ռաֆայել» մականունով Հակոբ Հովնաթանյանն է, ով նկարազարդել ու վերանորոգել է Թիֆլիսի եկեղեցիների ներքին հարդարանքը։ Ներկայացվել է նաև հայկական բնա-նկարի և դիմանկարի վարպետ, Կոմիտասի ամենահայտնի դիմանկարի հեղինակ, նկարիչ Եղիշե Թադևոսյանը։
Էդգար Շահինը և Հովսեփ Փուշմանը նկարիչներ են, ովքեր հաճախ իրենց ստեղծագործություններում ներառել են հայկական թեմաներ: Շահինն իր աշխատանքների համար բազմիցս արժանացել է ոսկե մեդալների։ Սակայն իր գործերից շատերը, ցավոք, ոչնչացել են 1926 թվականին նրա ստուդիայում բռնկված հրդեհի, իսկ ավելի ուշ՝ հեղեղի պատճառով: Իր խոսքերով՝ նա «ուսումնասիրում էր փողոցները»։ 2002 թվականին նրա հայտնի «Լիլի» կտավը պատկերվեց նամականիշի վրա՝ հարգանքի տուրք մատուցելու նրա թողած ժառանգությանը:
Փուշմանի աշխատանքները՝ ոգեշընչված հայկական մագաղաթե ձեռագրերով, թալիսմաններով, խնկամաններով, այժմ ցուցադրված են Հայաստանի ազգային պատկերասրահում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և Փարիզի Փոքր պալատում։
Նամականիշների արժանացած այլ նկարիչների թվում են Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, ում հաճախ կոչում են հայազգի Ֆրիդա Կալո, և նրա հայրը` խորհրդային տարիների նկարիչ և քանդակագործ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը: Լավինիան հայտնի է իր հոգեբանական- ռեալիստական դիմանկարներով, որոնք պատկերում են հայ աշխատավոր կանանց ոգին։
