Դեկտեմբեր 15, 2022
A- A+
read

ՀԲԸՄ-ն դատապարտում է Ադրբեջանի՝ Արցախը խեղդամահ անելու հանցագործ քաղաքականությունը

ՀԲԸՄ-ն խորապես մտահոգված է Արցախի ժողովրդի առջև ծառացող մարդասիրական աղետով և դատապարտում է Ադրբեջանի հակամարդկային գործողություններն ու միջազգային հանրության անտարբերությունը։

Բռնապետներին և պատերազմական հանցագործներին հատուկ մարտավարությամբ՝ Ալիևը և իր ռեժիմը Արցախի քաղաքացիական բնակչությանը զրկում են գոյատևման համար անհրաժեշտ էներգառեսուրսներից և տրանսպորտային ուղիներից՝ այդ կերպ Արցախի ժողովրդին մեկուսացնելով արտաքին աշխարհից։ Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը արգելափակելով և խափանելով դեպի Արցախ գազամատակարարումը՝ Ադրբեջանը 120,000 հայերի զրկել է ջեռուցման, լույսի, սննդի, վառելիքի և բուժօգնության հասանելիությունից։ Ավելին, մարդկանց և մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների, այդ թվում՝ ՀԲԸՄ-ի մուտքն ու ելքն Արցախ արգելափակված է, որի հետևանքով, արցախահայությունը փաստացի հայտնվել է Ադրբեջանի ստեղծած մահվան թակարդում:

Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքով անցնող միակ ճանապարհի ապօրինի արգելափակումը ուղղակիորեն խախտում է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրերը, ինչպես նաև հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում։ Շրջափակման և գազի մատակարարման դադարեցման երկարաձգումը կարող է հանգեցնել մարդկային կորուստների՝ հատկապես տարեցների և նորածինների շրջանում:

Շաբաթվա սկզբին հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը փաստեցին, որ ադրբեջանցի ենթադրյալ ցուցարարները ոչ թե շրջակա միջավայրով մտահոգված ակտիվիստներ են, այլ ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ, իսկ որոշները պատկանում են ռազմականացված, ծայրահեղ ազգայնական և նեոֆաշիստական «Գորշ գայլեր» շարժմանը։

2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո այս երբեմնի անվտանգ ճանապարհը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից։

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն Ադրբեջանի այսօրինակ դաժան վարքը բնութագրում է որպես հայերին Արցախից բնաջնջելու լկտի փորձ: «Աշխարհը բազմիցս ականատես է եղել այս նողկալի քաղաքականությանը, և մենք խնդրում ենք աշխարհի խոշոր քաղաքական ուժերին հստակ միջոցներ ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի ապօրինի գործողությունները, որոնք խախտում են եռակողմ համաձայնագիրը։ Համաշխարհային առաջնորդները չպետք է լուռ հետևեն այս ամենին, ինչպես արել են պատմության ընթացքում՝ աչք փակելով հայերի ողբերգության վրա։ Այժմ ևս, ինչպես 20-րդ դարի սկզբին, վտանգված են անմեղ կյանքեր»:

ՀԲԸՄ-ն երեք տասնամյակ շարունակ սատարում է Արցախին և կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը իրենց երկրների ղեկավարներին և ներկայացուցիչներին անհապաղ իրազեկել Արցախի ժողովրդի ծանր կացության մասին: Կարևոր է յուրաքանչյուր վայրկյանը։