Մարտ 12, 2020
A- A+
read

ՀԲԸՄ «ԿԱՆԱՅՔ ԿԱՏԱՐՅԱԼ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՆՊԱՍՏԵՑ ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ

  • Նկար
    From left: Suni Harford, President of UBS Asset Management,
    From left: Suni Harford, President of UBS Asset Management, Alexis Alexanian, independent producer and former president of New York Women in Film & Television, Mary Ellen Iskenderian, CEO of Women’s World Banking; and Carineh Martin, Co-Founder of RAD
  • Նկար
    Members of WSTW Conference Organizing Committee
    Members of WSTW Conference Organizing Committee
  • Նկար
    Arda Haratunian, AGBU Central Board Member and Co-Chair of A
    Arda Haratunian, AGBU Central Board Member and Co-Chair of AGBU Women’s Empowerment Initiative, announces launch of EmpowerHer
  • Նկար
    From left: Moderator Alexis Alexanian with panelists Carineh
    From left: Moderator Alexis Alexanian with panelists Carineh Martin and Mary Ellen Iskenderian
  • Նկար
    Lunch break and conversation at Convene meeting center in do
    Lunch break and conversation at Convene meeting center in downtown Manhattan
  • Նկար
    Law breakout session
    Law breakout session

Ի նշանավորումն 2020 թվականին Կանանց միջազգային օրվա և Ամերիկայում կանանց քվեարկության իրավունքի ճանաչման 100-ամյակի, տարածաշրջանից, ինչպես նաև Նոր Անգլիայից և Կալիֆորնիայից ժամանած ավելի քան 200 մասնակից այդ օրը անցկացրեցին օրինակելի կին առաջնորդների ընկերակցությամբ, ովքեր իրենց կարիերայի, բարեսիրական գործունեության և կամավորական աշխատանքի շնորհիվ խորքային փոփոխություններ են բերել:

2020թ. մարտի 7-ին Մանհեթենում անցկացված ՀԲԸՄ մեկնարկային «Կանայք կատարյալ են դարձնում աշխարհը» (Women Shaping the World կամ WSTW) համաժողովը, որի մասնակցության բոլոր տեղերն զբաղված էին, կազմակերպվել էր ականավոր կանանցից կազմված հանձնաժողովի կողմից՝ մտքում ունենալով հետևյալ երեք նպատակները. հարթակ տրամադրել սոցիալական և մասնագիտական ասպարեզում կանանց առջև ծառացող մարտահրավերների և առկա հնարավորությունների վերաբերյալ մտորումներ ու գաղափարներ ներկայացնելու համար, տարածք ձևավորել հայրենիքում ու արտերկրում գենդերային հավասարության և կանանց իրավունքների ուղղությամբ միահամուռ աշխատանքի համար և կանանց հարթակ տրամադրել՝ կապեր ձևավորելու և տարբեր ոլորտների մասնագետների ուղղորդմամբ կարիերայի զարգացման ռազմավարություններն ուսումնասիրելու համար:

Համաժողովի բազմազանությունն ու ծածկույթը գրավել էր համահովանավորների ամենատարբեր ոլորտներից, ներառյալ՝ Սեդա Նազարյանը և Englestad հիմնադրամը՝ որպես գլխավոր նվիրատուներ, ինչպես նաև համաշխարհային այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Citi® Private Banking, We Work®, և Loréal® Paris ընկերությունները, շքեղ արդուզարդի Congès և խմորեղենի Keremo ֆիրմաները:

Իր ողջույնի խոսքում խորհրդատվական հանձնաժողովի համանախագահ Կլաուդիա Նազարյանը ուրվագծեց երեք մասից բաղկացած օրակարգը՝ խոստանալով այնպիսի օր, որի ընթացքում «կհավաքվեն ցանկացած տարիքի կանայք և մի քանի խիզախ տղամարդիկ՝ ներկայացնելու իրենց պատմությունները և հեռանալու՝ լուսավորված, ոգեշնչված և ավելին անելու վճռականությամբ»: Նա հյուրերին հավաստիացրեց, որ համաժողովը առաջինն է, բայց բնավ ոչ վերջինը:

ՀԲԸՄ վաստակը կանանց հզորացման գործում

ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ Կանանց հզորացման գլոբալ նախաձեռնության համանախագահ Անի Մանուկյանը համառոտ ներկայացրեց ՀԲԸՄ-ի արդեն մեկդարյա հանձնառությունը՝ հասարակությունում հայ կանանց դերը բարձրացնելու գործում: Նա ընդգծեց, որ դեռևս 1917 թվականին ՀԲԸՄ համակիր կանայք տարբեր երկրներում կազմակերպեցին հագուստի հանգանակություն՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մանուկների համար: ՀԲԸՄ-ն նաև հիմնել է կանանց ապաստարաններ, մանկատներ և արհեստագործական ուսումնարաններ, ինչպես նաև ձեռնարկել առևանգված հայ կանանց թուրքերից ազատագրելու դժվարին գործը: 1940-ականներին կանայք ծառայում էին ՀԲԸՄ կենտրոնական վարչությունում: Վաղ 1990-ականներին՝ Հայաստանի անկախության վճռորոշ տարիներին, ՀԲԸՄ հինգերորդ նախագահը Լուիզ Մանուկյան-Սիմոնն էր: Անի Մանուկյանը նաև նշեց, որ այսօր ՀԲԸՄ աշխարհասփյուռ գրասենյակների ղեկավարների 40%-ը կանայք են, իսկ Երիտասարդ արհեստավարժների ծրագրի ղեկավարության պարագայում այդ թիվն ավելի բարձր է՝ 55%: Նա հիմնավոր ներկայացրեց, թե ինչու է հայ կանանց ձայնը կարևոր:

«Մենք կարող ենք հավասարակշռություն մտցնել մեր զրույցի մեջ. մենք մեր նպաստն ենք բերում արական սեռի մեր գործընկերների և հիմնադիրների միասնությանը: Մենք կարողանում ենք լսել, կարողանում ենք խնդիրներ լուծել, մենք համագործակիցներ ենք», - նշեց Մանուկյանը:

Իմաստնություն և ապագայի տեսլական

Հրավիրյալ բանախոսներին հատկացված հատվածի բացումը արվեց UBS Asset Management ընկերության նախագահ Սյունի Հարֆորդի ներածական խոսքով: Ֆինանսների և բիզնեսի ասպարեզում կին ղեկավարների շահերի պաշտպանությանն ուղղված իր գործունեությամբ վաղուց հայտնի Հարֆորդը նշեց, որ իր կարիերան հիմնականում եղել է ոչ թե ծրագրված գործողությունների, այլ հնարավորությունների շարք, որը շատերի առաջ է դռներ բացել: Նա ընդգծեց կանանց կարևորությունը՝ որպես փոփոխությունների շահառուներ և առաջատարներ՝ շեշտելով, որ իգական սեռի հզորացումը ընկած է ամեն ինչի հիմքում, և այդ շարժումը պետք է մշտապես ունենա տնտեսական բաղադրիչ:

Նա նաև ներկայացրեց իր «իմաստնության չորս գոհարները»՝ սկսելով ընկերության կառավարման կառուցվածքում Տեսանելիությունից, երբ ստանձնում են այնպիսի պաշտոններ կամ ներգրավվում այնպիսի ծրագրերում, որոնք թույլ են տալիս շփվել կազմակերպության հիմնական որոշում կայացնողների հետ: Հաջորդը Վաղաժամ հրաժարումն է, երբ մտադրվում են դուրս գալ աշխատանքի աշխարհից և ընտանիք կազմել: «Դուք գաղափար չունեք, թե ինչ է սպասվում առջևում, և չգիտեք, թե ինչ է լինելու ձեր ընկերությունների հետ», - նշեց նա: Նրա ցանկում երրորդը Ռիսկի գնալն է. ըստ նրա՝ «Ես հավատացած եմ, որ կանայք ունեն նույնքան հնարավորություններ, որքան տղամարդիկ, սակայն շատ մեծ թվով կանայք սպասում են այդ հնարավորություններին և այդ ռիսկն ստանձնելու հայտ չեն ներկայացնում»: Նրա խորհուրդներից չորրորդը Բարձրաձայնելն է՝ հիշելով այն ժամանակները, երբ, ի զարմանս իր գործընկերների, Տոկիոյում ղեկավար պաշտոն ստանձնելու դիմում էր ներկայացրել: «Որևէ մեկի մտքով չէր անցնում, թե ես երբևէ կցանկանամ ստանձնել այդ դերը, ու ես որևէ մեկին չէի էլ ասել, թե մտադիր եմ»: Թեև Հարթֆորդի մեծ առաջընթացը այդպես էլ իրականություն չդարձավ, նա վերհիշեց, որ սեփական շահերի պաշտպանությունը աշխատավայրում իր հետ լուրջ երկխոսության սկիզբ դրեց և իր կարիերայում չսպասված այլ դռներ բացեց:

Մեջբերելով հատվածներ Հարֆորդի ելույթից, լիագումար նիստը նախագահող անկախ պրոդյուսեր և New York Women in Film & Television ընկերության նախկին նախագահ Ալեքսիս Ալեքսանյանը քննարկում ծավալեց երկու զորեղ ամերիկահայ կանանց հետ, ովքեր իրենց օրինակով ցույց էին տվել «աշխարհը կատարյալ դարձնելու» գաղափարը. այդ կանայք են՝ միկրոֆինանսական հաստատությունների և բանկերի աշխարհում խոշորագույն ցանցի՝ Women’s World Banking-ի Նախագահ և Գլխավոր գործադիր տնօրեն Մարի Ելեն Իսկենդերյանը և լյուքս դասի առաջատար բրենդների գործադիր տնօրեն, RAD-ի համահիմնադիր Կարինե Մարտինը. ընկերություն, որը գործակցում է հանրահայտ տաղանդավոր մարդկանց և բրենդների հետ՝ հանդիսավոր արարողությունները օգտագործելով շահերի պաշտպանության և սոցիալական ուղղվածության ծրագրերի իրագործման համար:

Մասնագիտական հարթակները սոցիալական առաջընթացին ծառայեցնելու մասով Մարտինը փաստարկներով հիմնավորեց, որ լավ մարքեթինգը սոցիալական փոփոխության հասնելու հուսալի միջոց է. «Համբավն ու լավ դիզայնը այլևս բավարար չեն: Սոցիալական առաջընթացի հասնելու համար նշանակություն ունի, թե ով եք դուք և ինչի եք հավատում»:

Ուսանելի էին նաև Իսկենդերյանի խոհերը կանանց ֆինանսական հզորացման մասին. «Ֆինանսը ի զորու է փոփոխություն բերել: Երբ կանայք տիրապետում են ռեսուրսների, նրանք կենցաղում որոշում կայացնելու շատ ավելի մեծ դեր ունեն, և գումարը, միանշանակ, ծախսվում է խնայողաբար՝ նպատակներին հասնելու համար»: Նա նշեց, որ հետազոտությունները գնալով ավելի ու ավելի են հաստատում, որ աղքատությունը հաղթահարած և ֆինանսները տնօրինող կանայք շատ ավելի միջոցներ են հատկացնում իրենց երեխաների կրթության համար: Նա նաև կարևորեց ֆինանսական գրագիտությունը՝ բացատրելով, որ բանկային հաշիվ ունենալը, մինչև անգամ ապահովագրության պայմանագիր կնքելը կարող են նույնքան կարևոր լինել, որքան միկրովարկ ստանալը:

Այս թեմայի շուրջ բանախոսների միջև փոխհամաձայնություն ձեռք բերվեց առ այն, որ կրթությունը կարևորագույն նշանակություն ունի կանանց հզորացման գործում, և նրանցից յուրաքանչյուրը իրենց հաջողությունը մեծապես կապում էր կրթության հետ: Մարտինը նշեց, որ իգական դպրոց հաճախելը իրեն համոզել էր, որ կանայք կարող են անել այն, ինչ մտադիր են, քանի որ աղջիկ աշակերտներն ստանձնում էին դերեր, որոնք, այլ հանգամանքներում, կստանձնեին տղաները: Եվ նա այդպես կարծում էր այնքան ժամանակ, քանի դեռ չէր ընդունվել համալսարան, որտեղ հասկացավ, որ գենդերային անհավասարությունը իրական է:

Քննարկման մասնակիցներից յուրաքանչյուրը մեծ ոգևորությամբ էր խոսում իրենց մասնագիտական փորձի օգնությամբ այլ մարդկանց վարձահատույց լինելու առանձնաշնորհի մասին, որը նրանց ընձեռել էր ռեսուրսներ, գործիքներ, փորձառություն և հնարավորություն՝ սեփական ուղին հարթելու և այլոց ձեռք մեկնելու համար: «Մենք կարող ենք օգտվել մեր ձևավորած հարթակներից և դրանց միջոցով մարդկանց տեղեկացնել, թե ինչ է տեղի ունենում աշխարհում», - ասաց Մարտինը: «Մշակութային վերափոխումը կարևորագույն նշանակություն ունի փոփոխության հասնելու համար, և այն, թե ինչպես մենք միասին կաշխատենք փոքր-ինչ փոփոխել մշակույթը՝ ևս կարող է նշանակալի լինել»:

Այդ նոտայի վրա, հաշվի առնելով մեկ տեղում հավաքված հայ կանանց բազմությունը, Իսկենդերյանը բարձրաձայնեց մի ճշմարտություն, որին դահլիճում գտնվողներից շատերը գլխի շարժումով հավանություն տվեցին: «Այդ «յան» վերջնածանցը կարծես գաղտնագրված կապի միջոց լինի՝ ուր էլ լինենք: Դա մի աննկարագրելի բան է, որ հատուկ է բոլորիս»:

Ալեքսանյանը նկարագրեց, թե որքան տպավորված է բարձրացված հարցերի և խնդիրների բովանդակությամբ՝ ասելով. «Ես երբևէ մեկ դահլիճում չեմ գտնվել այսքան հայ կանանց հետ, և այդ առթիվ այսօր շատ հուզված եմ»: Ապա շարունակեց. «Նման համաժողովը բոլորիս էր հարկավոր, մենք պետք է խոսենք մեզ կաշկանդող բաների, մեր նմանությունների մասին, պետք է խոսենք նաև տարբերությունների մասին: Ահա այսպես ենք պատկերացնում մեր ցանցը»:

Զրույցը շարունակվեց ճաշի սեղանի շուրջ, որի ժամանակ մասնակիցները համախոհների հետ զրուցեցին նեղ մասնագիտական թեմաներով և նոր սոցիալական ու մասնագիտական շփումներ հաստատեցին: Մեկ ժամ անց նրանք կրկին զբաղեցրին իրենց տեղերը՝ պատրաստ ՀԲԸՄ EmpowerHer (Հզորացնելով կանանց) նախաձեռնության մեկնարկին, որը ներկայացրեց ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ կանանց հզորացման նախաձեռնության համանախագահ Արդա Հարաթունյանը:

ՀԲԸՄ EmpowerHer նախաձեռնության մեկնարկը

EmpowerHer-ը բազմաբովանդակ նախաձեռնություն է, որն ստեղծվել է՝ խթանելու համար գենդերային հավասարությունը Հայաստանի Հանրապետությունում. մի երկիր, որտեղ կանայք (ովքեր կազմում են երկրի բնակչության կեսից ավելին), դեռևս պայքարում են բիզնեսի, տնտեսության և քաղաքականության ասպարեզներում իրենց տեղն զբաղեցնելու համար: Եվ նրանք դեռևս մաքառում են հնացած մշակութային սովորույթների դեմ, որոնք նսեմացնում են կանանց դերը հասարակությունում և նրանց կենցաղային մակարդակում ենթարկում միջսերնդային ճնշման, որը խանգարում է նրանց անձնական աճին:

Սփյուռքի բոլոր հատվածները ներկայացնող դոնորների շուտափույթ աջակցության շնորհիվ ՀԲԸՄ EmpowerHer մոդելը ի զորու է մեկտեղել կրթությունը, վերապատրաստումը, ինստիտուցիոնալ աջակցությունը, մենթորությունը և աշխարհի տարբեր ծագերից ծրագրային գործընկերների և աշխատակիցների փորձը, ներառյալ՝ հղի կանանց համար նախատեսված AGBU «Հայ կին» կենտրոնները և Հայաստանում գործող Կանանց աջակցության կենտրոնը՝ նախատեսված ընտանեկան բռնության և չարաշահման զոհերի համար:

Հարաթունյանը ներկայացրեց այն տարբեր եղանակները, որոնցով EmpowerHer նախաձեռնությունը կարող է օգնել Հայաստանի կանանց՝ հասնելու սոցիալական և տնտեսական անկախության, այդ թվում՝ տիրապետելու աշխատանքի հիմնադրույթներին և ներգրավվելու վերապատրաստումների այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ ծրագրավորումը և տեղեկատվական տեխնոլոգիաները, ձեռներեցությունը և համայնքի կառավարումը՝ դրան գումարած շրջանավարտներին վերաբերող ծրագրերի միջոցով տրամադրվող տարաբնույթ աջակցությունը:

Նա մասնակիցներին կոչ արեց նաև ներգրավվել EmpowerHer նախաձեռնությունում՝ կամավորության, կապեր հաստատելու, մենթորինգի, միջոցների հայթայթման, նվիրատվության և այլ եղանակներով՝ օգնելով ամրապնդել հայ կանանց դերը բիզնեսում և հասարակությունում:

«Երբ փոխվում է կանանց կյանքը, դրանով փոխվում է նրանց համայնքների կյանքը, այն կազմակերպությունների կյանքը, որում աշխատում են, և այն ազգը, որին նրանք կյանք են տալիս: Դուք բավականաչափ հզոր եք՝ EmpowerHer-ի համար», - ասաց Հարաթունյանը:

Ոլորտային միջանկյալ նիստեր

Օրվա մնացած մասը նվիրված էր կապերի հաստատմանը և խորհրդատվությանը՝ ըստ գործունեության ոլորտների ձևավորված փոքր կլոր սեղանների շուրջ: Սեղաններից յուրաքանչյուրը ղեկավարվում էր տվյալ ոլորտի մասնագետի կողմից, այդ թվում՝ Մարի Ելեն Իսկենդերյանը (ֆինանսներ), Ալեքսիս Ալեքսանյանը (ֆիլմ և զվարճանք), Սարա Անջարգոլյանը (Հայաստանի ներկայիս դրությունը), Անի Այդինը (բժշկություն և առողջություն), Թամար Դոնիկյանը (իրավունք), Հուրի Գյոդելեկյանը (գենդերային և կանանց հիմնահարցեր), Արդա Հարաթունյանը (հաղորդակցություն և մարքեթինգ), Քրիս ՄըքԳերրին (ՀԿ-ներ/կրթություն) և Սեդա Նազարյանը (բարեգործություն և կամավորություն):

Այս նիստերը մասնակիցներին թույլ տվեցին արծարծել տվյալ ոլորտին բնորոշ խնդիրներ ու հարցեր: Օրինակ, ֆինանսների խումբը, որում ընդգրկված էին ձեռներեցներ, փոքր բիզնեսի սեփականատերեր և գլոբալ այնպիսի ընկերությունների ղեկավարներ, ինչպիսիք էին՝ PayPal-ը, PWC-ն, IBC-ն և Համաշխարհային բանկը, քննարկեցին հարցերի լայն շրջանակ՝ տղամարդկանց գերակայությամբ աչքի ընկնող ոլորտներում կանանց աջակցության ոչ ֆորմալ աջակցության համակարգերի ստեղծումից մինչև տղամարդկանց հետ հավասար հնարավորությունների և պարտականությունների պահանջ: «Ֆինանսական ստորաբաժանման կազմում աշխատող միակ կինը լինելը սովորական երևույթ էր», - ասաց Էլիզաբեթ Ակյանը: «Սակայն այժմ արդեն ունենք կանայք, ովքեր ղեկավարում են նման ստորաբաժանումներ, և այնքա՜ն ոգևորող է տեսնել, որ նրանք առաջ են գնում»: Այլ մասնակիցներ ևս նշեցին կին առաջնորդներ ունենալու կարևորությունը: «Մենք, որպես կանայք, օժտված ենք հարաբերություններ ձևավորելու ձիրքով», - ասաց Օրիոնա Նիկայը: «Դա երևում է այսօր, այստեղ, այս համաժողովում»:

Բժշկության և առողջության խմբում մտքեր փոխանակվեցին իրենց բնագավառում մենթորների դերի վերաբերյալ, ինչպես նաև այն հարցի շուրջ, թե ինչպես կարող են իրենց հմտությունները լավագույնս ծառայեցնել հայությանը՝ հաշվի առնելով EmpowerHer-ի նոր առողջապահական նախաձեռնությունը: Հայաստանի ներկայիս դրության խմբում մասնակիցներն իրենց համաձայնությունը հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Սառա Անջարգոլյանի այն խոսքերին, որ «ազգաստեղծ գործունեությունը մարզաձև է, որում հանդիսատես պետք է չլինի»: Նրանք քննարկեցին թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած փոփոխությունները, և այն, թե iGorts-ի պես աննախադեպ ծրագրերը, որի շրջանակներում սփյուռքահայ պրոֆեսիոնալներին հրավիրում են աշխատելու Հայաստանի պետական հաստատություններում, ինչպես են գրավում աշխարհասփյուռ հայ տաղանդներին:

Ֆիլմի, հեռուստատեսության և զվարճանքի բազմամարդ խմբում ուսումնասիրվեցին սոցիալական մեդիայում անձնական բրենդներ ու էջեր ստեղծելու կրեատիվ մոտեցումները՝ գիտակցելով իրենց աշխատանքի տեսանելիությունն ու դիտելիությունն ավելացնելու գործում թվային լրատվամիջոցների զորությունը: Այդ ընթացքում հաղորդակցության և մարքեթինգի խումբը քննարկում էր մենթորներ գտնելու և, առանց մերժվելու վախի, կայացած պրոֆեսիոնալներին ակտիվորեն դիմելու օգտակարությունը: Բարեգործության և կամավորության հարցերով նիստի ժամանակ ծանրութեթև արվեցին «զրոյից» շահույթ չհետապնդող կազմակերպություններ հիմնելու թեր և դեմ կողմերը՝ առավել կայացած կազմակերպությունների հետ գործակցելու համեմատ, քանի որ վերջին դեպքում ենթադրվում է որոշում կայացնելու իրավասության որոշակի զիջում:

Խոհեր և եզրահանգումներ

Նիստերի մասին դրական արձագանք ստացվեց բոլոր խմբերից: «Ես, իրոք, որոշ բան ստացա այսօրվա քննարկումից», - ասաց Կատյա Արիյանը: «Ես ընդլայնեցի առնչություններս իմ ոլորտում աշխատող հայերի հետ, կապեր հաստատեցի ու պարզեցի, թե ինչպես կարող եմ ավելի շատ նվիրվել այն գործին, ինչ ուզում եմ անել»:

Նրա տրամադրությունը հավասարապես պարուրել էր մասնակիցներին, բանախոսներին ու կազմակերպիչներին: «Նման միջոցառման մասնակցելով՝ զգում եմ, որ կարող եմ իմ հայկական աշխարհը մի քայլ առաջ մղել՝ այն դարձնելով կարիերայի համար ավելի նպաստավոր, ավելի պրոֆեսիոնալ և ոգեշնչող վայր», - ասաց համաժողովի մասնակիցներից Շուշան Սարգսյանը: «Ես ոգեշնչված եմ բոլոր այն ապշեցուցիչ բաներով, որ հայ կանայք անում են այստեղ, Հայաստանում և ողջ աշխարհում, և այդ ամենը ինձ բազմաթիվ գաղափարներ է տվել այն մասին, թե ինչպես կարող եմ մասնակցությունս բերել»: Մեկ այլ մասնակից՝ Լեռնիկ Եսային, միանալով զրույցին՝ ասաց. «Հենց այդ պատճառով է, որ մենք պետք է միմյանց հետ գոնե տարեկան մեկ անգամ կապ հաստատենք, ինքներս մեզ հիշեցնենք, թե հանուն ինչի ենք անում այն, ինչ անում ենք»:

Օրվա ավարտին Ալեքսանյանը մի խորհրդանշական դիտարկում արեց՝ ասելով. «Կարծում եմ՝ մենք պարզեցինք այն խումբը, որն ունի այսպիսի համաժողովների կարիքը՝ սեփական ուժն զգալու, միահամուռ դառնալու, իր համար ամեն հայկականի նշանակությունը պարզելու և ոգեշնչվելու համար: Դա այնքան ակնհայտ է: Շատ տպավորիչ էր՝ տեսնել, թե որքան շատ են նվիրյալ ու եռանդուն մարդիկ, որոնք ուզում են շփվել միմյանց հետ»:

Նիլա Ֆեստեկջյանը՝ այն կինը, ով շուրջ մեկ տարի առաջ հղացավ Կանանց միջազգային օրվա առթիվ համաժողով կազմակերպելու գաղափարը, միջոցառումը բնութագրեց որպես «անվերապահ հաջողություն» և մասնակիցներին կոչ արեց իրենց խոհերը, գաղափարներն ու առաջարկությունները էլեկտրոնային փոստով ուղարկել EmpowerHer@agbu.org հասցեով՝ հետագա համաժողովների ժամանակ հաշվի առնելու համար:

Please note that archived content may appear distorted as it has been stripped of formatting and original images.