Թագուհիների «արքայազնը»

Կինոռեժիսոր Փիրի Մասիհին իր «Թագակիրները» ֆիլմի մասին


Իրանահայ կինոպրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ Արմեն Փիրի Մասիհին Իրանից Հայաստան տեղափոխվելու որոշումը կայացրեց երիտասարդ տարիքում, երբ դեռ բակալավրիատի ուսանող էր: 2011 թվականին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ավարտելուց հետո կարիերայի առաջին քայլերը սկսեց ֆիլմարտադրության ոլորտում:

Նա հայագիտության վերաբերյալ մի շարք էպիզոդներ է նկարահանել Հայաստանի հանրային հեռուստեսության համար, ինչպես նաև հանդիսանում է տասը մասից բաղկացած «Թագակիրները» փաստագրական ֆիլմաշարի հեղինակը: Ֆիլմաշարի հիմքում ընկած են միջնադարյան հայոց թագուհիների և ազնվականների մասին պատմող պատմությունները, որտեղ հեղինակը թագուհիներին ներկայացնում է բոլորովին նոր տեսանկյունից՝ բացահայտելով նրանց տաղանդն ու ուժեղ կողմերը:

Փաստագրական ֆիլմաշարը ստեղծելու շարժառիթի մասին հարցին պատասխանելիս Փիրի Մասիհին բացատրում է. «Նախ, որպես բնիկ թեհրանցի՝ ինձ համար կարևոր է իմանալ, թե ով եմ ես որպես հայ: Ինձ միշտ ասել են, որ ես պետք է հպարտ լինեմ հայ ծնված լինելու համար: Իհարկե, հպարտ էի առանց գիտակցելու, մինչև այն պահը, երբ սկսեցի ուսումնասիրել մեր պատմությունը: Ծանոթացա մեր ազգային մտածելակերպին ու արժեքներին և, այդպիսով, օր-օրի սկսեցի ավելի գնահատել այն, ինչը մերն է: Որպես երիտասարդ ռեժիսոր, տեսնելով տարբեր ազգերի մշակույթը, երգերը, պարերը, գույները, հանդերձանքները, ոգեշնչվում եմ և հասկանում՝ որքան յուրահատուկ են բոլոր ազգային մշակույթներն իրենց գեղեցկությամբ և բազմազանությամբ: Հայաստանը փոքր երկիր է, սակայն իր հզոր պատմությամբ և մշակութային արժեքներով մրցում է աշխարհի մյուս հնագույն երկրների հետ: Ուստի, ես ցանկանում էի մեր պատմական ժառանգության գեղեցկությամբ կիսվել նաև մյուսների հետ։ Նրանց կորովն ինձ միշտ տպավորել ու ոգեշնչել է, սակայն միայն երկար տարիների հետազոտական աշխատանքներից հետո սկսեցի իսկապես գնահատել պատմության ընթացքում տարբեր հարցերի շուրջ նրանց մղած պայքարը։

Մի օր կինոթատրոն գնացի՝ դիտելու «Շոտլանդացիների Մերի թագուհին» ֆիլմը։ Դահլիճից դուրս գալիս սկսեցի մտածել մեր հայոց թագուհիների մասին, և որ մենք նույնպես շատ հզոր կին գործիչներ ենք ունեցել մեր պատմության ընթացքում, թեև երբեք նրանց արժանին չենք մատուցել մեր պատումներում: Այս զարմանահրաշ կանանց միջոցով, որոնք իրենց ավանդն են ունեցել մեր ազգային ինքնության և ժառանգության կերտման մեջ, պարտավորված եմ զգում ցույց տալու, թե ովքեր են հայերը որպես հին ժողովուրդ»:

Փիրի Մասիհին օր ու գիշեր համագործակցել է պատմաբանների, հնէաբանների, արվեստի քննադատների և ազգագրագետների հետ՝ փորձելով յուրաքանչյուր թագուհու մասին հավաքել հնարավորինս շատ տեղեկություն. անհավանական մի մարտահրավեր՝ պատերազմների և գաղթերի ժամանակ կորսված անթիվ արժեքավոր նյութերով: Փիրի Մասիհին նշում է. «Թեև այդ պատմական ժամանակաշրջանների մասին հստակ տեղեկություն ձեռք բերելը բավականին բարդ էր, ես վճռական էի տրամադրված, որ էպիզոդները նկարահանելիս հիմնվեմ պատմական փաստերի վրա՝ օգտագործելով բնական զարդեր ու հավաստի աղբյուրներ, որոնք կյանքի կկոչեին պատմական այդ ժամանակահատվածը: Օրինակ՝ ես օգտագործում էի թագավորական զարդերի կրկնօրինակներ, որոնք պատվիրել էի Լուսիկ Ագուլեցու հավաքածուից: Իսկական նմուշները ցուցադրված են Հայաստանի ազգային պատկերասրահում»:

Նկարահանումները տեղի են ունեցել այնպիսի հոյակերտ վայրերում, ինչպիսիք են՝ Իջևանը, Գառնին, Պարզ լիճը, Գյումրիի Սև ամրոցը, Վայոց ձորը և Աշոտի քարանձավը: 2019 թվականին թողարկվելուց հետո «Թագակիրները» փաստագրական ֆիլմաշարը ցուցադրվել է Հայաստանի և հարևան երկրների դպրոցներում:

ՀԲԸՄ-ն օժանդակել է «Թագակիրները» փաստագրական ֆիլմաշարի նկարահանումներին փոքր դրամաշնորհի միջոցով, ապա թողարկել է ընտրված էպիզոդների անգլերեն տարբերակը: Watch an introduction to the royal world of Armenian queens in all its splendor, intrigue and female power.

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի September 2022 համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։