Սեբահ և Ժոայյիե (Sébah & Joaillier), Ֆեբիուս (Phebus), Գյուլմեզ եղբայրներ (Gulmez Fréres), Աբդուլահյան եղբայրներ (Abdullah Fréres). Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած հայկական նշանավոր լուսանկարչական ստուդիաների անուններն անվերջ կարելի է թվել: Ողջ կայսրությունում հայերը վայելում էին գիտության և գործարարության, արվեստի ու արհեստի նրբություններին ու հմտություններին տիրապետողի մեծ համբավ: Հետևաբար, զարմանալի չէ, որ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի լուսանկարչության և լուսանկարչական գործընթացների զարգացման մեջ հայերը վճռական դեր են ունեցել:
Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում մեծ թվով հայեր եղել են նաև սուլթանների արքունական լուսանկարիչները: Մասնավորապես, Աբդուլ Համիդ II-ը շատ անվանի հայ լուսանկարիչների հանձնարարում էր փաստագրել Օսմանյան կայսրության հեռավոր սահմանները և ստեղծել ալբոմներ, որոնք որպես ընծա նվիրում էր արևմուտքի բարձրաստիճան պաշտոնյաներին:
Ստուդիաներից բացի լուսանկարիչները խանութներ էին բացում արիստոկրատական Պերա թաղամասում կամ դրա հարևանությամբ: Ձեռնարկատիրական ձիրքով փայլող մասնագետները մուտք էին գործել նաև միջազգային ասպարեզ. Աբդուլլահյան եղբայրները Սեբահ ստուդիայի մասնաճյուղեր հիմնեցին անգամ հեռավոր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Այսպիսով՝ ժամանակի ընթացքում Միջին Արևելքում «լուսանկարիչ» և «հայ» բառերը գրեթե հոմանիշ դարձան:
Թերևս ամենանշանավորը Սեբահ ստուդիան էր: Ժան Պասկալ Սեբահը (1823-1886) ծնվել է հայ հոր և սիրիացի կաթոլիկ մոր ընտանիքում: Նա կարճ ժամանակում մեծ համբավ է ձեռք բերում և 1857 թվականին բացում հայտնի El Chark Société Photographic ստուդիան, որը գտնվում էր Պերայի 439 Grande Rue հասցեում: Երբ Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիր Օսման Համդի Բեյին անհրաժեշտ էր լուսանկարիչ՝ արձանագրելու կայսրության ժողովուրդներին և նրանց հանդերձանքները 1872 թվականին Վիեննայում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսին ներկայացնելու համար, նա, իհարկե, դիմում է Սեբահին: Նույն տարում հայազգի լուսանկարիչն ընդլայնում է իր բիզնեսը՝ ստուդիա բացելով Կահիրեում, իսկ 1888 թվականին նա սկսում է համագործակցել ֆրանսիացի գործընկեր Պոլիկարպ Ժոայյիեի հետ, որտեղից էլ գալիս է Սեբահ և Ժոայյիե անվանումը: Նրա բիզնեսը շարունակում էր բարգավաճել և վայելել աննախադեպ համբավ, իսկ հաճախորդների երկար ցուցակում էին անգամ սուլթանն ու Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ը:

Հայերի այսչափ մեծ համբավ ունենալու պատճառները բազմազան էին և դրանցից մի քանիսը՝ նույնիսկ զարմանալի։ 2014 թվականին The Public Domain Review առցանց ամսագրում հրատարակված «Հայերը և հայ լուսանկարիչները Օսմանյան կայսրությունում» վերնագրով էսսեում Ջուլիա Գրայմսը նշում է. «Հայերը հաճախ աշխատանքի էին անցնում որպես քիմիկոսներ, ոսկերիչներ և դեղագործներ և նրանցից շատերը հաճախ տիրապետում էին նաև լուսանկարչական հմտություններին, մասնավորապես՝ քիմիական ռեակցիաներին, որը կիրառվում էր լուսանկարների մշակման ժամանակ»:
Հատկանշական է, որ, չնայած հայերը հաճախ էին հայտնվում մուսուլմանների թիրախում և հալածանքների ենթարկվում անիկոնիզմի՝ մարդկանց և (կամ) այլ զգայական էակներ լուսանկարելու արգելքի պատճառով, այդուհանդերձ, հենց կրոնը և բիզնեսի շարժական, վայրից վայր տեղափոխելի լինելը ուրույն դեր են խաղացել հայերի հաջողության մեջ:
Բեյրութի ամերիկյան համալսարանում 1981 թվականին, Մերձավոր Արևելքի հայ լուսանկարիչների վերաբերյալ իր մագիստրոսական թեզը ներկայացնելիս, Դիկենսոն Ջենկինս Միլլերը մեջբերեց Հորդանանի մայրաքաղաք Ամմանից երրորդ սերնդի հայ մի լուսանկարչի. «Իմ պապի ապրած տարիներին մեզանից շատերը կարող էին տեխնիկական վերապատրաստում անցնել Թուրքիայում։ Մենք քրիստոնյա ենք և լուսանկարելու հետ կապված ոչ մի խնդիր չունենք։ Ի վերջո, հալածանքի ենթարկվելիս պետք է կարողանայինք նոր վայրում արագ նոր կյանք սկսել՝ բոլորովին «մերկ»: Հմտությունները գողանալ հնարավոր չէ, իսկ նոր ոսպնյակներ ու թուղթ միշտ էլ հնարավոր էր ձեռք բերել, ուր էլ որ փախչեինք»:
Նմանատիպ փաստարկ հաճախ ենք լսում նաև հրեաներից, ովքեր պատմականորեն հայտնի են առևտրի, հատկապես՝ զարդերի առևտրի մեջ հաջողակ լինելով, քանի որ թե՛ փողը, թե՛ զարդերը կարող էին թաքցնել հագուստի կամ պայուսակի մեջ ու արագ փախչել, հենց սկսվսում էին հերթական կոտորածները, իսկ առևտրի այդ ճյուղերի վերաբերյալ գիտելիքները ևս կարող էին հաջողությամբ «տեղափոխել» և կիրառել՝ փորձելով կրկին վերակառուցել իրենց փշրված համայնքները:
Ժամանակի ընթացքում Միջին Արևելքում «լուսանկարիչ» և «հայ» բառերը գրեթե հոմանիշ դարձան:

Մշակույթի վարպետները՝ գերազանցության ջատագովներ
Հայ լուսանկարիչները ոչ միայն լավ տիրապետում էին գեղարվեստական հմտություններին ու hետևում տեխնոլոգիական զարգացումներին, այլ նաև դառնում էին մշակույթի վկաներ և տեսողական պատմաբաններ: Մինչ Ցեղասպանությունը Օսմանյան կայսրության առաջատար առևտրականներն ու դիվանագետներն օգտվում էին հայ դիմալուսանկարիչների ու ստուդիաների ծառայություններից։
Բացի այդ, հայ լուսանկարիչներն արձանագրում էին հեռավոր հայկական գյուղերի առօրյա կյանքը: Այս ընտանեկան լուսանկարները՝ մարդկանց դեմքի հպարտ արտահայտությամբ, իրենց ամենանրբաճաշակ զարդարանքներով ու կենցաղային առարկաների կողքին, երբեմն դառնում էին 1894-1897 թվականների համիդյան ջարդերից և դրան հաջորդող 1915-1923 թվականների Մեծ եղեռնի բռնագաղթերից հետո պահպանված միակ արձանագրությունները: Public Domain Review ամսագրում տպագրած հոդվածում Գրայմսը խոսում է «կրոնական առաջնորդների, ընտանիքների և անհատների» մի խումբ լուսանկարների մասին, «իրենց ազգային հագուստով», ապա ավելացնում, որ «որոշ նկարներ հանդիսանում են նաև այլ քաղաքների առօրյա կյանքի մանրամասների, այդ թվում՝ հայկական թաղամասերի արժեքավոր տեսարանների վկայություններ»: Հեղինակը քննարկում է բազմապիսի տեսարաններ՝ սկսած Բրուսայում հայկական թաղամասի համայնապատկերից ու փառահեղ Գալաթա կամրջից մինչև «դռնապանների ու վաճառականների» պարզ, բայց դուրեկան եռանկարն ու 1880 թվականին նկարված ժողովրդական պարային անսամբլ հիշեցնող հրշեջ ջոկատի ուշագրավ, գունավոր լուսանկարը:
Հայկական լուսանկարների արխիվի համադրող Ժոզեֆ Մալիքյանը նույնպես ունի Օսմանյան ժամանակների հայ լուսանկարիչների գործերի կարևոր մի հավաքածու, որոնց շարքում կան Հարություն Տերհակոբյանի, կամ, ինչպես նրան կոչում էին, Արթինի աշխատանքները, ով իր հայրենի Ադանայից փախել էր Հայոց ցեղասպանության ժամանակ: Իր «Միջին Արևելքի լուսանկարչության հայ առաջամարտիկները» հոդվածում, որը 2007 թվականին հրատարակվել էր The Jerusalem Quarterly ամսագրում, Մալիքյանը անդրադառնում է Բադր Էլ-Հաջի տված տեղեկատվությանը, որ 1915 թվականից առաջ հայերը երկրորդ ամենամեծ փոքրամասնությունն էին Կոստանդնուպոլսում, որոնց թվով գերազանցում էին միայն հույները:
Երբեմն բողոքական և կաթոլիկ ուղղություների քարոզիչների ազդեցության ներքո, որպես ունևոր փոքրամասնություն, հայերը ձգտում էին որդեգրել արևմտյան միտումները, գաղափարախոսությունները և նորարարական տեխնոլոգիաները: Վերջինիս վառ օրինակն են լուսանկարչությունը և մի քանի տասնամյակ անց ստեղծված տեխնո-գեղարվեստական մեկ այլ հիբրիդ՝ շարժական պատկերը, այսինքն՝ ֆիլմը:
Մալիքյանը բացատրում է, որ ևս մեկ գործոն է նպաստել, որ հայերը գերիշխող դեր ստանձնեն լուսանկարչության վաղ շրջանի պատմության մեջ. օրիենտալիզմի վերելքը և զբոսաշրջիկների ներհոսքը Արևմուտքից դեպի Մերձավոր Արևելք: Օրիենտալիզմն ուներ զարգացմանը նպաստող և՛ լավ, և՛ վատ կողմեր: Ինչպես տեսաբան Էդվարդ Սայիդն է նշում իր համանուն դասական աշխատությունում, արևմտաբնակները հիանում էին Արևելքով, սակայն վերաբերվում էին դրան որպես «էկզոտիկայի»՝ օտար, վտանգավոր մի վայրի, որը վայելում ու շահագործում էին, բայց որին երբեք հավասար աչքով չէին նայում։ «19-րդ դարի կեսից մինչև նույն դարի վերջը այս տարածաշրջանի հանդեպ հետաքըրքրությունն ու հիացմունքն աճում էր աշխարհում։ Եվ օրիենտալիզմը համընկավ լուսանկարչության հայտնագործության հետ»: Զբոսաշրջիկները սիրում էին գնել հին պատմական վայրերի և Մերձավոր Արևելքի գեղատեսիլ տեարանների լուսանկարներ ու ալբոմներ: Ինչպես Մալիքյանն է հեգնանքով նշում, նրանք էլ ավելի էին գայթակղվում, երբ տեսնում էին ավանդական տարազներով տեղաբնիկների կամ «էթնիկ տեսակների էկզոտիկ» լուսանկարներ:
Հմտությունները գողանալ հնարավոր չէ, իսկ նոր ոսպնյակներ ու թուղթ միշտ էլ հնարավոր էր ձեռք բերել, ուր էլ որ փախչեինք:

Լիբանան. խոստացված երկիրը
Թուրքիայի ստեղծագործական ոլորտի անկումը նպաստեց Միջին Արևելքի գեղարվեստական ոլորտի աճին: Ցեղասպանությունից հետո ողջ տարածաշրջանով մեկ հայկական լուսանկարչական ստուդիաներ բացվեցին: Դրանց թվում էր Հայֆայում բացված Հալլաջյան ստուդիան, ինչպես նաև Կիրակոսյան, Վարուժյան և Սարաֆյան ստուդիաները Բեյրութում: Հայ լուսանկարիչներն ուրիշ ոչ մի վայրում այդքան ջերմ չեն ընդունվել, ինչպես Բեյրութում. մի վայր, որն ամենագրկաբացն ընդունեց հայերին Օսմանյան կայսրության մայրամուտից և Մեծ եղեռնից հետո:
2017 թվականին Բեյրութի Al Ayn հրատարակչության կողմից լույս տեսած երկու գրքերում լուսանկարիչ և համադրող Հուդա Քասաթլին աշխարհին է ներկայացնում Գառնիկ Թելյանին և Հովսեփ Աբրահամ Մադենյանին իր Photographes du Moyen Orient շարքի միջոցով։ Վերջինս հայտնի էր նաև Սարո անվամբ:
Գերմանական խոշոր Agfa ընկերությունում աշխատելիս՝ Թելյանը մշակել է գունավոր ժապավեն ստեղծելու նոր մեթոդներ, որոնք այնուհետև արտոնագրվել են ընկերության կողմից: Ծնունդով Մարդինից Սարոն (1915-2012), ով վարպետորեն լուսանկարում էր Լիբանանցի կանանց այնպիսի կեցվածքով, որ հիշեցնում էին հոլիվուդյան աստղերի, միևնույն ժամանակ լուսանկարում էր Բեյրութի և շրջակա քաղաքների հին հայկական բնակավայրերում ապրող ընտանիքների և համայնքների ներկայացուցիչներին: Սարոյի տաղանդի շնորհիվ դիմալուսանկարչությունը վերելք ապրեց, որի հիմքում ընկած էին նրա կողմից մշակված գունավորման մի շարք գործընթացներ և տեխնիկաներ։ Դրանց միջոցով երանգները խտացվում էին գրեթե գերիրատեսական աստիճանի:
Ցավոք սրտի, էթնիկ խմբերում կամ կրոնական համայնքներում ականավոր լուսանկարիչների հստակ թիվը արձանագրված չէ։ Սակայն Քասաթլին նշում է, որ Լիբանանում հաստատվելուն պես հայերը վերսկսում են աշխատել ու առաջ գնալ այն մասնագիտություններով, ինչով զբաղվում էին Օսմանյան կայսրությունում։ «Լուսանկարչության և հայության միջև կապն այնքան ամուր էր, որ երբ ես սկսեցի այդ ուղղությամբ մասնագիտանալ, ամեն անգամ, երբ տեսախցիկը վզիս շրջում էի, ինձ տեսնելուն պես մարդիկ մի որևէ հայկական անուն էին տալիս ուշադրությունս գրավելու համար: Դրանից հետո, անշուշտ, շատերը մուտք գործեցին այդ ասպարեզ, սակայն այսօր էլ շատ ֆոտոլաբորատորիաներ տնօրինում են հայերը»:
Քասաթլին միշտ ընդգծում է, որ հայերը սիրում էին նորարարական մոտեցումներ կիրառել, որոնք ժամանակի ընթացքում տարածվում էին առնչվող այլ ոլորտների վրա ու նպաստում տեխնոլոգիական զարգացումներին։ «Նրանք եղել են դիմալուսանկարչության, ֆոտոլաբորատորիաների, ինչպես նաև մի շարք ոլորտների առաջամարտիկներ, ինչպիսիք էին՝ նկարների մշակումը և գունազատումը»: Այսքան երկարատև առաջատար դիրքում լինելը նույնիսկ զարմանալի է թվում շատերին։ «1970- ական թվականներին՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի սկզբնական շրջանում, Համրայի շրջակայքի քարտեզին նայելիս կարելի է տեսնել, որ այդ թաղամասի լուսանկարիչների մեծ մասը դեռ հայեր էին»:
Հայ լուսանկարիչները ոչ միայն լավ տիրապետում էին գեղարվեստական հմտություններին ու hետևում տեխնոլոգիական զարգացումներին, այլ նաև դառնում էին մշակույթի վկաներ և տեսողական պատմաբաններ:

Նյու Յորքի վիմագիրները
Արևմուտքում լուսանկարչությանն առնչվող կամ դրա հետ ուղղակիորեն հատվող ոլորտներում նույնպես հայերը առաջատար էին համարվում։ Ընդհուպ մինչև 20-րդ դարի վերջը, վիմագրության մեջ վարպետանալուն զուգընթաց, հայերը մեծ դեր ունեին այնպիսի արհեստներում, ինչպիսիք էին՝ պատկերների ուղղումը՝ ռետուշը, գունազատումը և փորագրանկարը: 1991 թվականին գրված «Հայ գրականության 50 տարիները Ֆրանսիայում» գործում նշանավոր գրող և տեսաբան Գրիգոր Պըլտյանը պատմում է, թե ինչպես են 1915 թվականի ավերածություններից փրկված հայերը բազմաթիվ հրատարակչություններ և լուսանկարչական ստուդիաներ հիմնել Մարսելում և Փարիզում: Ցավոք, արդի ընթերցողին այս անունները հազիվ թե հայտնի լինեն, սակայն 1960-70-ական թվականներին մի շարք ստուդիաներ, ինչպիսիք էին՝ Ֆոտո Արաքսը և Ֆեբիուսը, տասնյակ տպագրական և հրատարակչական ընկերությունների հետ միասին լուսավորել են ֆրանսիական լուսանկարչության երկնակամարը։ Ցավոք դրանցից ոչ մեկը ներկայում չի գործում։
Հայերը թերևս ամենաազդեցիկը հենց վիմագրության մեջ են եղել: Վիմագրություն (lithography) բառը ծագում է հունարեն lithos՝ քար բառից և graphein՝ գրագրություն բառից: Այն քարի կամ մետաղյա մակերեսի վրա արված տպագրությունն է: Անգամ արդի տպագրության մեջ դրա առավելություններից մեկն այն է, որ այն և՛ ճշգրիտ է, և՛ էսթետիկ, որը թույլ է տալիս ստանալ առևտրային, սակայն, միևնույն ժամանակ, գեղարվեստական պատկերներ:
Քսանական թվականների վերջին Նյու Յորքում մեծացած հայերը գուցե հիշեն, թե ինչպես էին իջնում քաղաքի կենտրոն՝ ընթրելու Մելիք Օհանյանի Դարդանել ռեստորանում, որը գտնվում էր University Place-ի և 10-րդ փողոցի անկյունում: Այդ վայրում և դրա շրջակայքում, որն այսօր ավելի արդիականացված տարբերակով կոչվում է Ֆլատիրոն թաղամաս, կարելի է հիշել, թե ինչպես էին մեզ հարազատ յան վերջավորություններով հայկական անունները թնդում վիմագրող նշանի կողքին կամ ներքևում։ Այստեղ և Հուդզոն գետի հակառակ կողմում գործում էին ավելի քիչ հայտնի այլ հայկական ստուդիաներ, ինչպիսիք էին՝ Master Eagle-ը, Gotham Graphics-ը և Quality-ն: Իսկ ընդհուպ մինչև 1990-ական թվականները Աճեմյանների ընտանիքը West 33 փողոցի նորաոճ թաղամասում տնօրինում էր Armen Press-ը։
Սքաութ Թուֆանկջյանը, ում՝ 2008 թվականի Օբամայի նախագահական քարոզարշավի ընթացքում արած «Հաղթանակի գրկախառնություն» լուսանկարը դեռևս մնում է Twitter-ում ամենաշատ հրապարակված լուսանկարներից մեկը, մի անգամ կարծիք է հայտնել, որ զբաղմունքի այս միջոցը հավանաբար հայերին գրավել է, քանի որ այն լավագույնս է շեշտադրել գոյության և իրականության զգացումը՝ ծառայելով որպես իրենց և իրենց համայնքի գոյության ապացույց:
Հետևաբար, խորհրդանշական է այն փաստը, որ hայերը՝ աշխարհով մեկ սփռված այս արտասովոր ազգը, որ ամուր կպած է իր արմատներին ու պատմությանը, անպայման պետք է ընտրեին արվեստի մի ճյուղ, որը և՛ վաղանցիկ, և՛, միևնույն ժամանակ, հավերժական կլիներ՝ աշխարհում իրենց հետքը թողնելու համար:
Սփյուռքահայության գործունեության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ AGBU WebTalks-ի կարճ տեսանյութերի միջոցով։