Փառքի պսակ

Հայոց մեծանուն թագուհիների կյանքն ու գործունեությունը


Պատմական անցյալից մեզ հասած հնամյա բերդերն ու ամրոցները, ցավոք, թվով զգալիորեն քիչ են, սակայն հայոց թագուհիների դերի ու ավանդի մասին հարուստ պատմագիտական հիշատակումներ շատ կան։ Թվով 150 թագուհիների մասին հիշատակումները փաստում են, որ նրանց վստահված պարտականությունների լայն շրջանակը թույլ է տվել գործի դնել իրենց ողջ ներուժը՝ որպես մտավորականներ, առաջնորդներ, ղեկավարներ և ազգը ոտքի կանգնեցնողներ:

Հատկանշական  է, որ թեև թագավորն էր այս իրավունքները շնորհում իր թագուհուն, նա հաշվի էր նստում վերջինիս ընդունած որոշումների հետ ու սատարում դրանք: Որոշ թագուհիներ ցուցաբերել են ռազմական խիզախություն, մյուսները համարվել են իմաստուն, արվեստի առատաձեռն հովանավորներ կամ հմուտ շինարարներ՝ իրենց ճարտարապետական, կրթական, մշակութային և գեղարվեստական նախաձեռնությունների շնորհիվ: Ժողովուրդը նրանց ընդունում էր որպես ի վերուստ ընտրված առաջնորդ, որի արդյունքում թագուհիները մեծ ժողովրդական աջակցություն էին վայելում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում:

 

Ռազմի թագուհին

Նկար
The Warrior Queen: Queen Parandzem (reigned 350–368)

The Warrior Queen: Queen Parandzem (reigned 350–368)
Caption
Փառանձեմ (350-368), Հայոց թագավորություն, Արշակունիների արքայատոհմ

Հայոց պատմության մեջ սիրող մայր ու կին լինելուց բացի շատ թագուհիներ եղել են նաև խիզախ ռազմուհիներ, որոնք, մի կողմ դնելով իրենց թագն ու նրբաճաշակ զգեստները, մեկնում էին մարտի դաշտ՝ հայրենիքը պաշտպանելու: Նմանօրինակ խիզախ թագուհու ամենավառ օրինակներից է Փառանձեմ թագուհին: Սերելով Սյունիքի ազնվական ընտանիքից՝ նա աչքի էր ընկնում իր խելացիությամբ, արժանապատվությամբ և գեղեցկությամբ: Նրա մասին հաճախ հիշատակել են որպես Հայոց թագավորության Արշակունյաց արքայատոհմի ամենանշանավոր թագուհի: Ամուսնանալով իր սիրած տղամարդու հետ՝ նա սիրով լի և ամուր ընտանիք է կազմում: Սակայն Փառանձեմին վիճակված էր կյանքի այլ ուղի՝ կորուստներով և տառապանքներով լի: Դավաճանության և դավադրության հետևանքով ամուսնու մահապատժից հետո նա ստիպված է լինում ամուսնանալ Արշակ Բ թագավորի հետ ու կրել թագուհու տիտղոսը՝ հայտնի դառնալով որպես Առաջին Տիկին Փառանձեմ: Նա թագավորին պարգևում է մեկ որդի՝ արքայազն Պապին:

368 թվականին թագավորին բանտարկելուց հետո պարսից արքա Շապուհ II-ը կարծում էր, թե հեշտ կլինի նվաճել Արտագերսի ամրոցն առանց գահին նստած թագավորի: Նա ակնհայտորեն թերագնահատում էր թագուհու ուժն ու խիզախությունը: Փառանձեմ թագուհին հավաքում է 11,000 տղամարդուց և 6,000 կանանցից բաղկացած թագավորական զորք, որոնք խիզախորեն կռվում են 50,000-անոց պարսից զորքի դեմ: Մի քանի ճակատամարտում հաղթանակ տանելով՝ նա հույս է տալիս իր զինվորներին և անգամ կարողանում չեզոքացնել դավաճաններին: Նրա զորությունն անժխտելի էր։ Նա քաջալերում և խրախուսում էր իր ժողովրդին։

14 ամիս շարունակ պարսից ներխուժումից իր ամրոցը հաջողությամբ պաշտպանելուց հետո, դժբախտաբար, նա կորցնում է իր ողջ զորքը բռնկված համաճարակի պատճառով: Ճակատամարտի 15-րդ ամսին Փառանձեմ թագուհին կործանարար պարտություն է կրում և, այլ ելք չունենալով, բացում իր ամրոցի դարպասները: Որպես թագուհի իր վերջին արշալույսը միայնակ դիմավորելուց հետո նա գերեվարվում, խոշտանգվում և ստորացվում է Շապուհ II-ի կողմից, ապա հրապարակայնորեն մահապատժի ենթարկվում: Փառանձեմ թագուհու մասին շատ տարեգրություններ են գրվել, այդ թվում՝ 5-րդ դարի հայ պատմիչ Փավստոս Բուզանդի, 4-րդ դարի հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելլինոսի, ինչպես նաև 5-րդ դարի հայ ականավոր պատմիչ, բանաստեղծ և գրող Մովսես Խորենացու կողմից:

Փառանձեմ թագուհին հայտնի է եղել որպես փայլուն դիվանագետ և հիշատակվում է որպես հավատարիմ և խիզախ առաջնորդ, ով տվել է իր կյանքն իր երկրի համար և դաստիարակել է հայոց թագավորներից ամենաականավորներից մեկին: Դեռևս պատանեկության հասակից նա արքայազն Պապի մեջ սերմանել է, որ նրա առաջնահերթությունը պետք է լինի Մեծ Հայքի թագավորության հզորացումը, այլ ոչ՝ Արշակունյաց արքայատոհմի վերականգնումը:

16 տարեկան հասակում գահին նստելով՝ նորընծա թագավորն իրականացնում է մոր ցանկությունները՝ ոչ միայն բարձրացնելով կյանքի որակն իր բազմաթիվ բարեփոխումների միջոցով, այլ նաև Մեծ Հայքում հիմնադրելով անկախ Ամենայն Հայոց Սուրբ Եկեղեցին և պահպանելով քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հաճախ է արձանագրվել, որ հենց Փառանձեմ թագուհու հմուտ դիվանագիտության, խիզախության և ինքնազոհության շնորհիվ է Մեծ Հայքը շարունակել գոյատևել:

1990 թվականի Արցախի ազատագրման պատերազմի ընթացքում ամբողջությամբ կանանցից կազմված Փառանձեմ անունը կրող ռազմական ջոկատ էր ստեղծվել՝ հարգանքի տուրք մատուցելու ազատատենչ հերոսուհուն՝ հայոց թագուհուն:

 

Արվեստասեր թագուհին

Նկար
The Art Queen: Queen Mlke-Tamar (reigned 908-943)

The Art Queen: Queen Mlke-Tamar (reigned 908-943)
Caption
Մլքե-Թամար (908-943), Վասպուրականի թագավորություն, Արծրունիների արքայատոհմ

Բագրատունյաց արքայատոհմի Սմբատ Ա թագավորի եղբոր դուստր Թամարը գեղագրության, արվեստի և ծաղկային ձևավորման սիրահար էր: Ազնվական ընտանիքի դուստրը Գագիկ Արծրունի թագավորի հետ ամուսնությունից հետո հայտնի է դառնում որպես Մլքե թագուհի: Ինչպես հատուկ էր արքայական տոհմի տիկնանց՝ Մլքե թագուհին շատ վաղ հասակից դաստիարակվել էր արվեստի տարբեր ճյուղեր՝ ձեռագործություն, գեղագրություն, ասեղնագործություն և երաժշտություն ուսումնասիրելով:

Թեև թագավորականներն ունեին դերձակներ, որոնք պատվերով հագուստ էին կարում թանկարժեք գործվածքներ ու արդուզարդ օգտագործելով, Մլքե թագուհին ամուսնու երեխաների և սեփական հագուստների վրա ինքն էր գեղեցկաշուք ասեղնագործում։ Նրան անգամ մեծ բավականություն էր պատճառում թագավորական սփռոցներն ասեղնագործելը: Ինչպես վկայում են ձեռագրերը՝ թագուհիների և ազնվական կանանց ձեռքով արված աշխատանքներն այնքան արժեքավոր էին համարվում, որ դրանք հաճախ վաճառվում էին գումարի կամ զենքի դիմաց: Ասեղնագործ նմուշներում հանդիպում էին մարգարիտներ և այլ թանկարժեք քարեր: Ի դեպ, Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում, որը կառուցվել է Կատրանիդե Բ թագուհու օրոք, ցուցադրված են այս ձեռագործ նմուշներից շատերը:

Պատմաբաններն արձանագրել են, որ ժամանցի հայտնի զբաղմունքներից էին նաև ոսկյա թելերով մանր ասեղնագործությունն ու ձեռագործությունը: Ոսկյա թելերը միահյուսվում էին զանազան ծաղիկների հետ, ապա ասեղնագործվում մետաքսի կամ այլ թանկարժեք գործվածքների վրա: Ազնվական տիկնանց կողմից ստեղծված բարձրակարգ հագուստները դառնում էին արվեստի գործեր:

1217 թվականին, հիացած հայոց տիկնանց ձեռքի աշխատանքներով, Մարկո Պոլոն հիշատակել է՝ մետաքսյա ամենազարմանահրաշ և գեղեցիկ գործվածքները ծնվում են հենց Հայաստանի Երզնկա քաղաքում: Վան-Վասպուրականի կանանց եզակի ձեռագործ ու ասեղնագործ աշխատանքները փոխանցվել են սերնդեսերունդ՝ իրենց ողջ նրբագեղությամբ ու ճշգրիտ տեխնիկայով։ Արվեստի այս տեսակը հետագայում հայտնի է դարձել Կիլիկիայում, Ղրիմում, Կոստանդնուպոլսում, Կապադովկիայում և այլուր, և, որտեղ էլ որ լիներ, Վանի տիկնայք հիշատակվում էին որպես սկզբնաղբյուր։

Մլքե թագուհին սիրում էր նաև գրել, իսկ սիրելի ձեռագրերն ու ավետարանները պահում էր պալատական ննջարանում: Նա հայտնի էր ավետարանները և հին հայկական գրքերը պահպանելով ու դրանց կրկնօրինակները ստեղծելով։

922 թվականն էր, երբ մի օր Մլքեն նկատեց, որ ձեռագրերից մեկը բացակայում է։ Իր ամուսնու՝ Գագիկ Արծրունի թագավորի հետ միասին նրանք ամիսներ շարունակ փնտրում էին ձեռագիրը՝ խոստանալով գտնողին պարգևատրել։ Երբ ի վերջո այն գտնվեց, թագակիրները գտնողին ընծայեցին իրենց զարդերն ու ձեռքի աշխատանքները: Ժողովուրդն այնքան տպավորված էր ավետարանի՝ թագուհու համառ փնտրտուքներով և այն գտնելու համար իր գանձերը նվիրաբերելու պատրաստակամությամբ, որ այդ ձեռագիրը մեծ ճանաչում սկսեց վայելել ու մարդկանց շրջանում ստացավ Մլքե թագուհու ավետարան անունը: Նա անթիվ անքուն գիշերներ է անցկացրել այն ձեռքով վերարտադրելու համար, իսկ հետո վերադարձրել Վարագավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն՝ հույսով, որ այնտեղ ձեռագիրն ապահով կլինի:

Ցավոք, 1208 թվականից հետո այն առնվազն յոթ անգամ հափշտակվել ու նորից գտնվել է: 1830 թվականից ի վեր Մլքե թագուհու ավետարանը պահվում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության պահոցներում: Մլքեի հավաքածուն չափազանց արժեքավոր է և բաղկացած է 464 մագաղաթե, մեսրոպատառ էջերից։ Այն համարվում է մեզ հասած ամենահին ավետարանի նկարազարդ բնագիրը: Նրա թագավորման օրոք արվեստն ու արհեստը դարձել են Վան-Վասպուրականի սիրտը, իսկ անկախության խաղաղ շրջանը տևել է ավելի քան մեկ դար՝ հնարավորություն ընձեռելով հայ ժողովրդին ստեղծել այնպիսի աշխատանքներ, որոնք կդիմանային ժամանակի փորձություններին: Պատմական իրադարձությունները փաստագրվել ու պահպանվել են, իսկ գեղագրություն ու հայկական մանրանկարչություն ստեղծելը վարժ յուրացվել: Ասում են, որ արվեստի ոչ մի դպրոց չէր կարող մրցել Վան-Վասպուրականի հետ: Շուրջ 1,500 ձեռագրեր են ստեղծվել՝ ապագա սերուդներին փոխանցելու գույնի ու ձևի, արևի ու լուսնի մասին գրվածքներ՝ համեմված հավերժական աստվածների իմաստության խոսքերով: Այս ձեռագրերը պատմում են մի թագուհու մասին, ով փայփայում էր ավետարանները, իսկ ազգը փայփայում ու սիրում էր նրան։

Մլքե թագուհին նաև մեծ դեր է խաղացել Վան-Վասպուրականի թագավորության կառավարման մեջ: Նա իմաստուն էր ու գիտակցում էր, որ ժամանակը կարող էր ջնջել թագավորների և թագուհիների անունները, բայց ոչ նրանց արած գործերը, որոնք ապրելու էին դարեր շարունակ:

Ի պատիվ իր ամուսնու՝ նա հանձնարարեց կառուցել Վարագավանքի Սուրբ Աստվածամայր եկեղեցին, որը կանգուն էր մինչև Հայոց ցեղասպանությունը ու խորհրդանշում էր ընտանիքին նվիրվածություն: 915 թվականին Գագիկ թագավորը Մլքե թագուհուն պատվելու նպատակով հանձնարարում է կառուցել Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, որն աշխարհահռչակ ճարտարապետական գոհար է համարվում։ Եկեղեցու կառուցումը տևել է շուրջ վեց տարի: Այդ բացառիկ տաճարն արտաքինից զարդարված է անզուգական քանդակներով և փորագրություններով, իսկ ներսի պատերը զարդարված են նկարներով` մեծարելու Վան-Վասպուրականի թագավորության զարգացման գործում Մլքե թագուհու ունեցած բացառիկ դերը: Թեև Սուրբ Աստվածածին եկեղեցին այլևս կանգուն չէ՝ Մլքե թագուհու ունեցած ներդրումը հայկական արվեստի, արհեստի, ձեռագրական ժառանգության պահպանման մեջ անգնահատելի է։ Դրանք դիմացել են ժամանակի փորձություններին ու այսօր դասվում են հայոց ազգային գանձերի շարքին:

Շատերը գիտեն «Ախթամար»-ի ու ազնվական երիտասարդի մասին առասպելը, ում նավը խորտակվում է, ինչի պատճառով նա չի կարողանում հասնել իր սիրելիին։ Սակայն պատմությունը մեկ այլ տարբերակ է առաջ բերում, որն ավելի համապատասխան է Վասպուրականի թագավորության Գագիկ թագավորի ու իր թագուհի Մլքե Թամարի ազդեցիկ պատմությանը:

 

Հոգևոր կառույցների շինարար թագուհին

Նկար
Հոգևոր կառույցների շինարար թագուհին, Կատրանիդե Բ (990-1020), Բագրատունիների թագավորություն, Բագրատունյաց արքայատոհմ:

Հոգևոր կառույցների շինարար թագուհին, Կատրանիդե Բ (990-1020), Բագրատունիների թագավորություն, Բագրատունյաց արքայատոհմ:
Caption
Կատրանիդե Բ (990-1020), Բագրատունիների թագավորություն, Բագրատունյաց արքայատոհմ

Եղբոր մահից հետո, երբ Գագիկ թագավորը ստանձնեց հայոց գահը, նա կնության առավ Կատրանիդե Բ թագուհուն։ Վերջինս Վասակ Ա թագավորի և Սյունիքի Շահանդուխտ Բ թագուհու դուստրն էր: Սերելով թագավորական ընտանիքից՝ նա դառնում է Անիի թագուհին և առանցքային հետք է թողնում քաղաքի տնտեսական և շինարարական ոլորտներում:

989 թվականին Գագիկ թագավորի եղբայրը՝ Սմբատ Բ-ն, ձեռնարկում է Անիի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը, որն  ընդհատվում է նրա մահվան պատճառով։ Ավելի ուշ Կատրանիդե թագուհին շինարարությունն ավարտելու վերաբերյալ տեսիլք է ունենում: Ասում են, որ նրա առջև հրեշտակ է հայտնվել և ուժ ու զորություն տվել նախագիծն ավարտին հասցնելու համար ու վստահեցրել, որ տաճարը կանգուն կմնա մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը: Թագուհին տաճարի կառուցումը հանձնարարում է Տրդատ ճարտարապետին, ով հայտնի էր Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթի վերանորոգմամբ:

Տաճարի շինարարությունը 1001 թվականին ավարտին հասցնելու համար նա չի խնայում ոչինչ ու վաճառում է իր ողջ օժիտը, ամուսնական ընծաներն ու թանկարժեք գոհարները: Ըստ պատմաբանների, նա տաճարը ներսից զարդարել է ասեղնագործություններով ու ոսկու ու արծաթի հետ միահյուսված մանուշակագույն ծաղիկներով: Մայր տաճարը մայրաքաղաքի անզուգական խորհրդանիշն էր՝ իր վեհ կամարազարդ առաստաղներով ու կամարներով: Փաստացի ճարտարապետներն ու գիտնականները հավատացած են, որ գոթական ճարտարապետությունը սկիզբ է առել 10-րդ դարում կառուցված հենց այս եկեղեցուց:

Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցին շուրջ կես դար ծառայել է որպես Կաթողիկոսի նստավայր, իսկ Անին առհասարակ հայտնի էր որպես 1001 եկեղեցիների քաղաք: 2016 թվականին այն UNESCO-ի կողմից ճանաչվել է համաշխարհային ժառանգություն:

Թագուհի Կատրանիդեն հանձնարարել է նաև կառուցել ու բարեկարգել մի շարք վանքեր, հուշարձաններ և եկեղեցիներ։ Սակայն դրանք, դժբախտաբար, ոչնչացվել են թուրքական կառավարության կողմից՝ որպես մշակութային ցեղասպանության շարունակական օրակարգի մի մաս՝ ջնջելու Հայաստանի պատմական ներկայությունն այդ տարածքներից:

Արձանագրվել է, որ 1893 թվականին, երբ Անիի թագավորությունը Ռուսական կայսրության մի մաս էր կազմում և հնարավոր էր հնագիտական ուսումնասիրություններ իրականացնել, Կատրանիդե թագուհու դամբարանը արտաշիրիմվել է: Նրա մասունքները ցնցել են հնագետներին, երբ գտել են ոտքերը կոճերից խաչած, ինչպես Հիսուս Քրիստոսինը՝ կարծես խորհրդանշելով թագուհու անսահման նվիրումը քրիստոնեական հավատին։

 

Ուսյալ թագուհին

Նկար
Ուսյալ թագուհին, Զաբել Ա (1219-1252), Հայոց Կիլիկյան թագավորություն, Ռուբինյանների և Հեթումյանների արքայատոհմ:

Ուսյալ թագուհին, Զաբել Ա (1219-1252), Հայոց Կիլիկյան թագավորություն, Ռուբինյանների և Հեթումյանների արքայատոհմ:
Caption
Զաբել Ա (1219-1252), Հայոց Կիլիկյան թագավորություն, Ռուբինյանների և Հեթումյանների արքայատոհմ

1219 թվականին Կիլիկիայի թագավոր Լևոն Ա Մեծագործը (1187-1219) կարգադրել էր իր մահից հետո գահաժառանգ նշանակել իր դստերը՝ Զաբելին: Ընդամենը 4 տարեկան Զաբելը, ով պետք է կառավարեր երկիրը իր ազնվական խնամակալների հսկողության ներքո, հետագայում դարձավ հայոց պատմության ամենահզոր ու հայտնի թագուհիներից մեկը:

Զաբել թագուհու դաստիարակության հիմքում ընկած էր մանրաքնին կրթությունը։ Թագավորական ընտանիքի երեխաներին լավ կրթությամբ ապահովելը մեծ համբավ էր վայելում ազնվականության շրջանում: Առավել մեծ ուշադրություն էին դարձնում աղջիկներին, որոնց դաստիարակում ու կրթում էին պալատում բնակվող ուսուցիչներն ու մտավորականները՝ նրանց պատրաստելու որպես ազգի ապագա առաջնորդներ:

Մյուս թագուհիների նման՝ Զաբելի ճակատագիրն էր ստանձնել երկրին ծառայելու առաքելությունը: 1222 թվականին Կիլիկիայի թագավորական արքունիքը նախաձեռնում է 7-ամյա Զաբել թագուհուն կնության տալ Անտիոքի դքսության 17-ամյա արքայազն Ֆիլիպին: Անշուշտ, այս ամուսնությունը քաղաքական կապերն ամրապնդելուն ուղղված պայմանավորվածություն էր։ Ըստ Զաբել թագուհու հանգուցյալ հոր վարած ռազմավարության՝ անհրաժեշտ էր դաշինք կնքել արևելքի քրիստոնյա երկրների հետ՝ վերահսկելու ու հավասարակշռելու հայոց թագավորությունը շրջապատող մուսուլմանական ուժերին: Թեև Ֆիլիպի առջև դրված պայմանները խիստ էին ու նա պարտավորվել էր հարգել հայկական ավանդույթներն ու կառավարել թագավորությունը երկրի օրենքներով՝ Ֆիլիպը խոսքից հետ կանգնեց՝ խախտելով համաձայնությունը ու փորձելով թագավորական գահը տեղափոխել Անտիոք:

Այդ դավաճանության համար Զաբել թագուհու խնամակալը ստիպված է լինում բանտարկել նրան: Հուզական ցնցումից դեռևս լիովին չապաքինված` արդեն 10-ամյա թագուհուն ստիպում են ամուսնանալ իր խնամակալի որդու՝ Հեթում Ա-ի հետ: Այդ միությամբ սկիզբ է դրվում Հեթումյանների արքայատոհմին: Նրանց 25 տարվա ամուսնության ընթացքում նրանք ունենում են ութ զավակ: Դրամների վրա մի կողմում պատկերված էր Հեթում թագավորը Զաբել թագուհու հետ, իսկ մյուս կողմում՝ թագավորության զինանշանը՝ խորհրդանշելով իրավահավասարություն և, որ նրանցից յուրաքանչյուրն ուներ ազդեցիկ դեր կառավարման գործում:

Զաբել թագուհին հիշատակվում է որպես շատ հոգատար տիկին: Շարունակելով հոր սկսած գործը՝ նա զարկ տվեց ազգի կրթության բարելավմանը և մեծ դեր ունեցավ գրաճանաչության, արվեստի, ձեռագրերի պահպանման ու գրքերի թարգմանության գործում: Նրա կառավարման օրոք շատ վանքեր և դպրոցներ կառուցվեցին։ Թագուհին նաև մի շարք գիտնականների և մտավորականների հրավիրեց, որպեսզի դասավանդեն գիտական և կրոնական առարկաներ: Նկարիչներին, բանաստեղծներին, թարգմանիչներին և արտիստներին խրախուսվեց ստեղծագործել թագավորական արքունիքի հովանու ներքո, իսկ թագավորական գանձարանը ֆինանսավորեց մի շարք երիտասարդների կրթությունը:

Կրթությունից բացի՝ Զաբել թագուհին շատ էր կարևորում նաև ժողովրդի առողջությունը: 1241 թվականին նա բացում է Կիլիկիայում առաջին հիվանդանոցը, որն առաջին պետական հիվանդանոցն էր ողջ Եվրոպայում: Զաբելն իր երեխաների հետ միասին անձամբ էր օգնում խնամել հիվանդներին, իսկ բժիշկներ հրավիրում էր հենց արքունիքից՝ հիվանդներին բուժելու ու դեղորայք նշանակելու համար։

Զաբել թագուհին կառավարել է 33 տարի և մահացել է երիտասարդ՝ 37 տարեկան հասակում: Կնոջ հիշատակը վառ պահելու համար Հեթում արքան հանձնարարել է Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցումը, որը գտնվում է այժմյան Սիրիայում: Նրա մահը մեծապես վշտացրեց ժողովրդին, քանի որ ասում էին՝ նա ազգի լույսն էր։ Այդ իսկ պատճառով հունվարի 22-ը հայտարարվել էր որպես թագուհու հիշատակի օր: Նրա պայծառ միտքը, իր ժողովրդի հանդեպ տածած սերն ու հոգատար սիրտը փառաբանվել են դարեր շարունակ:

 

Կարեկից թագուհին

Նկար
Կեռան (Կիռ-Աննա, Աննա) (1270-1289), Հայոց Կիլիկյան թագավորություն, Հեթումյանների արքայատոհմ

Կեռան (Կիռ-Աննա, Աննա) (1270-1289), Հայոց Կիլիկյան թագավորություն, Հեթումյանների արքայատոհմ
Caption
Կեռան (Կիռ-Աննա, Աննա) (1270-1289), Հայոց Կիլիկյան թագավորություն, Հեթումյանների արքայատոհմ

Կեռան (Կիռ-Աննա, Աննա) (1270-1289)

Հայոց Կիլիկյան թագավորություն, Հեթումյանների արքայատոհմ

Երբ Կեռան թագուհու ամուսնությունից ընդամենը չորս տարի անց, որը կազմակերպվել էր երկու արքայատոհմերի միջև դաշինք կնքելու և այդպիսով արյունալի թշնամությանը վերջ տալու նպատակով, 1266 թվականի Մամլուկների արշավանքի ժամանակ արքան գերի է ընկնում Մառիի ճակատամարտում, թագուհին առանց վարանելու առաջարկում է իր ողջ ունեցվածքն ու գանձերը ամուսնու փրկության դիմաց: Կեռան թագուհին կառավարել է Զաբել թագուհու որդու՝ թագաժառանգ Լևոն Գ-ի հետ միասին: Նա հայտնի է որպես ամենաշատ զավակներ ծնած (թվով 15) թագուհի: Զավակներից հինգը հետագայում դարձել են հայոց թագավորներ՝ միակ եղբայրները, որոնք թագավորական գահին հաջորդել են իրար: Ի պատիվ թագավորի հանգուցյալ մոր հիշատակի՝ նրանց երեք դուստրերն անվանակոչվել են նրա անվան տարբերակներով՝ Զաբել, Զաբլուն և Սիբիլ:

Հիշատակվելով որպես Ամենափառապանծ թագուհի՝ Կեռան թագուհին սիրված է եղել իր ժողովրդի կողմից և հայտնի է եղել իր բարեգործություններով ու աղքատների հանդեպ հատուկ հոգատարությամբ՝ նրանց նվիրաբերելով հագուստ, սնունդ, զարդեղեն, ճաշի պարագաների հավաքածուներ և նույնիսկ պարտեզներ: Հայկական ձեռագրերում նրան վկայակոչում են որպես արվեստի և գիտությունների հովանավոր և մեկը, ում հանձնարարությամբ գրվել են շատ ձեռագրեր՝ կենդանի պահելու պատմական իրադարձությունները:

Կեռան թագուհու կողմից պատվիրված ավետարաններն ու ձեռագրերը համարվում են միջնադարյան արվեստի գլուխգործոցներ և պահվում են Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքում, ինչպես նաև Երևանի Մատենադարանում: Հայ մեծանուն մանրանկարիչ Թորոս Ռոսլինը, ում նախշազարդված ձեռագրերն ու արվեստի գործերը սկիզբ են դրել Կիլիկիայի ոսկե դարաշրջանին, կերտել է նաև Կեռան թագուհու և Լևոն թագավորի մանրանկար-դիմանկարը: 13-րդ դարի երկրոդ կեսը համարվել է հայկական արվեստի, արհեստի, ավետարաններում և նախշազարդված ձեռագրերում ստեղծված մանրանկարչության զարգացման և բարգավաճման ամենածաղկուն շրջանը: Գտնվելով առևտրատնտեսական եռուզեռի խաչմերուկում՝ թագավորությունում կարելի էր գտնել արվեստի բոլոր բնագավառների լավագույն նմուշները: Հայ ունևոր առևտրականները գեղեցիկ գործվածքներ, թանկարժեք քարեր, ոսկի և արծաթ էին ներմուծում ու արտահանում:

Թագուհին ու թագավորը կառուցել են նաև հյուրանոց հիշեցնող բնակատեղիներ՝ առևտրականներին, ճամփորդներին և նույնիսկ սովյալ կարիքավորներին գիշերակացով ապահովելու և հանգստի վայր տրամադրելու համար: Կեռան թագուհին գովաբանվել է որպես հիասքանչ հոգի և բարի սիրտ ունեցող տիկին: Չնայած իր ամուսնության շուրջ 20 տարիների ընթացքում ունեցել է 15 զավակ՝ Կեռան թագուհին, ի վերջո, որոշում է կայացրել դառնալ միանձնուհի և փակվել Դրազարկի վանքում՝ իր կյանքի մնացած տարիներն անցկացնելու:

 

Դիվանագետ թագուհին

Նկար
Դիվանագետ թագուհին, Մարիուն (Մարիամ) (1344-1363), Հայոց Կիլիկյան թագավորություն, Լուսինյանների արքայատոհմ:

Դիվանագետ թագուհին, Մարիուն (Մարիամ) (1344-1363), Հայոց Կիլիկյան թագավորություն, Լուսինյանների արքայատոհմ:
Caption
Մարիուն (Մարիամ) (1344-1363), Հայոց Կիլիկյան թագավորություն, Լուսինյանների արքայատոհմ

Հին աշխարհում կայսրության արտաքին քաղաքականության հարցերում իր դրսևորած ինտելեկտի և կամքի շնորհիվ՝ հայոց թագուհին վայելում էր օտարականների հարգանքն ու ակնածանքը: Պատմության ընթացքում ներքին և արտաքին քաղաքականության մեջ շատ քիչ ազգեր են իշխանություն շնորհել կանանց։ Հայ թագուհիները, թագավորների պես, հանդիպումներին մասնակցելու և քաղաքական առաջարկներ ընդունելու կամ մերժելու հավասար իրավուքներ ունեին: Նրանք խիստ կարևոր որոշումներ էին կայացնում, չէին վախենում թշնամու մեծ զորքից և ի զորու էին ջախջախելու թշնամուն խելացիությամբ և դիվանագիտությամբ:

Մարիուն (Մարիամ) թագուհին հայոց թագավորության վերջին ակնառու թագուհին էր: Նա առանց վարանելու ամեն անհրաժեշտ քայլի դիմել է իր նպատակներին հասնելու համար:

1362 թվականին Մարիուն թագուհին կորցնում է ամուսնուն՝ Կոստանդին Դ-ին (Գ): Նրանք ունեին երկու զավակ, որոնք երկուսն էլ երիտասարդ հասակում են մահանում: Միայնակ, սակայն, միևնույն ժամանակ, մեծ կորովի տեր և հպարտությամբ լի՝ նա շարունակում էր ղեկավարել երկիրը նախքան Կոստանդին Ե-ի (Դ)՝ գահը ստանձնելը:

Անգամ հաջորդ թագավորի օրոք Մարիուն թագուհին շարունակում էր իր ակտիվ դերակատարումը քաղաքականության մեջ: Դժգոհ լինելով թագավորից՝ ավագանու խորհուրդը՝ Մարիունի ղեկավարությամբ, օգնության խնդրանքով դիմում է Հռոմի պապ Գրիգորիուս XI-ին, գաղտնի կերպով բանակցում Եվրոպայի ղեկավարների հետ՝ նրանց իր դաշնակիցը դարձնելու համար։ Թագավորի սպանությունից հետո նա երկրորդ անգամ է ստանձնում գահը՝ վերականգնելով թագավորելու իր իրավունքը ևս 15 ամսով: Նա Կիլիկիայի պահապանն էր, երկրի սիրելի թագուհին, ով տարիներ շարունակ գահն աներեր պահեց:

1346 թվականին նրա կողմից պատվիրված մանրանկար-դիմանկարն այսօր էլ շարունակում է զարդարել 14-րդ դարի հայտնի հայ նկարիչ Սարգիս Պիծակի ձեռագիրը:

1375 թվականին թագավորության անկումից հետո, երբ Կիլիկիան կորցնում է մայրաքաղաք Սիսը Մամլուկների զորքի հետ մարտում, Մարիուն թագուհին գերեվարվում է Կահիրեում: Գերությունից ազատվելուց հետո նա մեկնում է Երուսաղեմ, որտեղ էլ անցկացնում է կյանքի վերջին տարիները՝ որպես միանձնուհի Սրբոց Հակոբյանց վանքում։ Մարիունի մասին գրելիս պատմաբանները նրան հիշատակում են որպես հմուտ քաղաքական գործիչ, խելացի դիվանագետ և փայլուն առաջնորդ, ով պատրաստ էր իր կյանքը զոհել զավթիչների դեմ կռվելով և հարգված էր ոչ միայն իր երկրում, այլ նաև այլ թագավորական արքունիքներում:

Հայոց թագուհիներն ահռելի նվաճումներ են ունեցել իրենց իշխանության օրոք և հիմք են ստեղծել ապագա կին առաջնորդների համար: Ցավոք, բազմաթիվ այլ խիզախ հայոց թագուհիների անունները մեզ հայտնի չեն, քանի որ նրանք գերեվարվել են և տանջամահ արվել՝ քաջաբար կռվելով իրենց ամուսինների կողքին՝ պաշտպանելու իրենց երկիրը:

Մեր այսօրվա հրամայականն է պահպանել պատմության այս կտորը և գնահատել հայ կանանց բացառիկ նվաճումները, շարունակել մեծարել նրանց առաջնորդության հմտությունները, հաղթանակը, իմաստությունն ու կորովը: Նրանց տոկունությունն ուժ է տվել ոչ միայն ղեկավարելու իրենց երկիրը, այլ նաև դիմակայելու վայրագություններին, պահպանելու իրենց մայրենի լեզուն և զավակներին փոխանցելու հայոց մշակույթն ու ավանդույթները:

ՀԲԸՄ-ն օժանդակել է «Թագակիրները» փաստագրական ֆիլմաշարի նկարահանումներին փոքր դրամաշնորհի միջոցով, ապա թողարկել է ընտրված էպիզոդների անգլերեն տարբերակը

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի September 2022 համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։