Հայ կնոջ նախակերպարը

Կանայք հայոց դիցաբանությունում, ավանդապատումներում և հեքիաթներում


Հերոսներն ու հերոսուհիները սովորաբար մարմնավորում են ազգի հավաքական կերպարն ու որոշակի արժեհամակարգ սերմանում այդ նույն հերոսների հետնորդ հանդիսացող սերունդների մեջ, օգնում կերտել ազգային ինքնություն, լցվել ազգայինի հանդեպ հպարտության զգացումով։ Այս համատեքստում դարեր շարունակ տղամարդիկ գովերգվել են իրենց խելացիության, ուժի, քաջության համար, իսկ կանայք` ինչպես իրենց արտաքին գեղեցկության, հնազանդության, համեստության ու օրինակելի մայրության, այնպես էլ քաջասիրտ ու իմաստուն լինելու համար։

Այս հոդվածում անդրադառնում ենք հայկական թե՛ հեթանոսական, թե՛ քրիստոնեական շրջանի մի քանի հերոսուհիներին, ովքեր առանձնանում են հայ կնոջ նախատիպի բացառիկ բնութագրով և ներկայացվում որպես իմաստության և արիության խորհրդանիշներ. սքանչելի բնությամբ կերպարներ, ովքեր հարկ եղած դեպքում դրսևորել են ազատ կամք, զոհվել հանուն սկզբունքների, աստվածացվել ու սրբադասվել։


Անահիտ աստվածուհի. փրկիչը

Անահիտ աստվածուհուն պաշտել են Ք.ա. առաջին դարից մինչև մեր թվարկության երրորդ դարը։ Դիցաբանության վաղ շրջանի պատումներում Անահիտը ներկայացվում է որպես ռազմի աստվածուհի, ով ունակ է կառավարել ազգի ճակատագիրը և կռվել անօրեն թշնամիների դեմ։ Ավելի ուշ միայն նա ընկալվեց որպես մայրության, պտղաբերության և ջրերի աստվածուհի, իսկ ռազմի աստվածուհու դերը ստանձնեց մեկ այլ կին՝ Նանեն։

Զրադաշտականության մեջ հենց Անահիտն էր մեր մոլորակը պաշտպանում Վեներայից եկող չարիքներից, քանի որ վաղնջական ժամանակների համընդհանուր ընկալումներում երկիր մոլորակն անվերջ վտանգված էր այլ մոլորակների կողմից։

Սքանչելի բնությամբ կերպարներ, ովքեր հարկ եղած դեպքում դրսևորել են ազատ կամք, զոհվել հանուն սկզբունքների, աստվածացվել ու սրբադասվել։

Հեթանոսական ժամանակներում ժողովուրդն այնքան էր ապավինում Անահիտի ուժին, որ նրա տաճարի առջև մարդ զոհաբերելն աստվածային ծիսակարգ էր համարվում։ Հայոց թագավորներից Տրդատ Գ-ն յուրահատուկ ակնածանք էր տածում Անահիտ աստվածուհու նկատմամբ։ Ըստ Ագաթանգեղոսի հինգերորդ դարի պատմական արձանագրությունների՝ թագավորն Անահիտին բնութագրում էր որպես ազգի պարծանք և փրկիչ, տիկնանց տիկին, բոլոր արժանիքների կենսատու մայր, մարդկային էության բարերար։ Տրդատի ակնածանքն այնքան անսահման էր, որ, երբ Գրիգոր Լուսավորիչը հրաժարվեց աստվածուհու տաճարի դիմաց ծաղկեպսակ դնել՝ նրան պատվելու, թագավորը նրան բանտարկեց 13 տարով։

Այսօր ոչ բոլորն են տիրապետում հայոց դիցաբանության աստվածների մասին պատումներին, սակայն Անահիտի մասին գիտեն գրեթե բոլորը։ Անահիտ անունը, որ նշանակում է անպիղծ, անապական, անարատ, ամենատարածված անուններից է։ Աստվածուհին ոգեշնչման աղբյուր է հանդիսացել մի շարք արվեստագետների համար, այդ թվում՝ Ռուբիկ Քոչարյանի, ում «Նռան պար» կտավը հատված է Անահիտին նվիրված տոնախմբությունից։

1991 թ.-ին, երբ Հայաստանն անկախացավ, Հայաստանի կենտրոնական բանկը թողարկեց հայկական թղթադրամների առաջին սերիան։ 5,000 դրամանոց թղթադրամի վրա մի կողմում պատկերվեց Անահիտ աստվածուհու կիսանդրին, մյուսում՝ Գառնիի հեթանոսական տաճարը։ 1997 թ.-ին Կենտրոնական բանկը սահմանափակ քանակությամբ թողարկեց Անահիտի կերպարանքով 25,000 դրամին համարժեք ոսկեդրամներ։ Աստվածուհու կիսանդրին ցուցադրված է Բրիտանական թանգարանում, և մինչ օրս Հայաստանում մշակութային ոլորտի մի շարք փորձագետներ ամեն ջանք գործադրում են Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Հայաստան վերադարձնելու համար։

Նկար
Yeghishe Tadevossian

Yeghishe Tadevossian
Caption
Yeghishe Tadevossian (1870-1936), painting of Saint Hripsime, 1910, gouache on paper, R 2910/12085.

 

Նուարդ. օրինակելի կինը

«Արա Գեղեցիկ» ավանդազրույցը պատմում է հայրենիքի և կնոջ՝ Նուարդի հանդեպ հայոց արքա Արա Գեղեցիկի անմնացորդ սիրո ու նվիրվածության մասին։ Հայոց արքան հայտնի էր իր գեղեցկադեմ արտաքինով, և Ասորեստանի թագուհի Շամիրամը՝ հմայված նրա գեղեցկության մասին պատմություններով, հայոց թագավորություն է ուղարկում պատվիրակություն՝ իր սիրտն ու գահը Արային առաջարկելու։ Երբ պատվիրակությունը գալիս է, Նուարդը նստած է լինում թագավորի կողքին և իր դժգոհությունն ի ցույց է դնում, երբ լսում է Շամիրամի առաջարկը պատվիրակության շուրթերից. վերցնում է նորածին թագաժառանգին ու դուրս գալիս պալատից։ Արան կատաղած հրամայում է պատվիրակներին լռել ու աղերսում Նուարդին, որ սպասի ու լսի իր պատասխանը։ Հաջորդիվ Արան հանդիսավոր կերպով մերժում է Շամիրամին՝ ի դեմս պատվիրակության՝ ասելով, որ չի դավաճանի իր հայրենիքը, որ թանկ է կյանքից առավել ու չի դավաճանի իր Նուարդին, ում սիրում է կյանքից առավել։

Շամիրամը՝ վիրավորված ու կատաղած, պատերազմ է հայտարարում, սակայն իր զինվորներին հրահանգում, որ Արային իր մոտ բերեն անվնաս, ողջ և առողջ։ Այդ ընթացքում Նուարդը, կանացի արժանապատվության դրսևորմամբ, Արային ճանապարհելիս պատգամում է չտրվել Շամիրամի մոլորություններին՝ նույնիսկ կյանքը զոհելու գնով։ Ճակատամարտի ընթացքում Շամիրամն Արային գտնում է մահացող զինվորների շարքում։ Ասորեստանի թագուհուն հայացք նետելով՝ նա արտաբերում է իր վերջին խոսքը. «Մնաս բարյա՜վ, Հայոց աշխարհ իմ, մնաս բարյա՜վ, Նուարդ»։

Չնայած պատմությունը մեծամասամբ պտտվում է Արայի և Շամիրամի շուրջ՝ Նուարդի ուժը, վճռական կեցվածքն ու արժանապատվությունն անուղղակիորեն ուղեկցում են ընթերցողին ողջ պատմության ընթացքում։

Ավանդազրույցը առաջին անգամ գրի է առնվել 5-րդ դարում հայոց մեծն պատմիչ Մովսես Խորենացու կողմից։ Ավելի ուշ հայ անվանի մի շարք գրողներ իրենց բալլադներում և պոեմներում անդրադարձ են կատարել այս ավանդազրույցին, այդ թվում՝ Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և Նաիրի Զարյանը։ 1899 թ.-ին հայ հայտնի նկարիչ Վարդգես Սուրենյանցը նկարել է Շամիրամին Արայի հանգչող մարմնի կողքին արտասվելիս։ 1945 թ.-ին Հակոբ Կոջոյանը Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» պատմական ողբերգության համար նկարազարդել է «Շամիրամի հանդիպումը Նուարդի հետ» տեսարանը։ Իսկ հայ ընթերցողին ավանդապատումը առավել հայտնի է Վահան Տերյանի ստեղծագործության մեկ նախադասությամբ՝ «Չեմ դավաճանի իմ Նուարդին, որքան էլ դյութես, օ՜, Շամիրամ»։

 

Հռիփսիմյանց կույսեր. սրբադասվածները

Հռիփսիմյանց կույսերի մասին պատմող վկայությունը ոգով արի 37 առաքինի կույսերի մասին է, ովքեր նահատակվել են հանուն քրիստոնեական հավատի։ Ավանդույթի համաձայն՝ նրանց թվում էին Հռիփսիմեն, Շողակաթը և մայրապետ Գայանեն, ովքեր ապրում էին Հռոմեական կայսրությունում։ Հռիփսիմեի հմայքով գերված՝ Հռոմի կայսր Դիոկղետիանոսը (284-305) որոշել էր նրա կամքին հակառակ կնության առնել Հռիփսիմեին։ Անասելի զրկանքներ կրելուց հետո Հռիփսիմեն և մյուս կույսերը ապաստան են գտնում Հայաստանում։

Երբ կայսրը պարզում է, թե որտեղ են նրանք, գրում է հայոց Տրդատ Գ թագավորին ու խնդրում, որ, կա՛մ գտնի ու հետ ուղարկի Հռիփսիմեին, կա՛մ, եթե կամենում է, ամուսնանա նրա հետ։ Ի վերջո Տրդատ Գ-ն էլ է ընկրկում Հռիփսիմեի գեղեցկության դեմ և որոշում կնության առնել նրան։ Վերջինս հայոց արքային ևս մերժում է՝ նախընտրելով մեռնել հանուն հավատի։

Համաձայն պատմական ակունքների՝ նրան ենթարկել են անասելի  չարչարանքների, որից հետո քառատելով այրել են։ Նահատակվելուց ինն օր անց միայն, երբ Գրիգոր Լուսավորիչը դուրս է գալիս բանտախցից, նրանց մարմնի մասունքները ամփոփում է Սբ. Էջմիածնում։ Ի վերջո, երեք եկեղեցի է կառուցվում նրանց հիշատակին՝ Սբ. Հռիփսիմեն, Սբ. Գայանեն և Սբ. Շողակաթը։

Եկեղեցին սրբադասում է կույսերին իրենց հավատի հանդեպ անմնացորդ նվիրումի համար։ Մինչ օրս Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրը՝ պատվելով նրանց խորհրդանշական դերը քրիստոնեության պատմության մեջ։

 

Նկար
Hakob Kojoyan

Hakob Kojoyan
Caption
Hakob Kojoyan (1883-1959), illustration of N. Zarian’s historical tragedy “Ara the Handsome.” Semiramis meeting Nuard, 1945, pencil, watercolour on paper, R 2964/12312.

Այս դյութիչ հեքիաթում Անահիտը մեծարվում է իր խելացիության, շնորհների ու ուժի համար։ Նա բնութագրվում է որպես սքանչելի մի կին, ում աչքերում արտացոլված ուժը գրավում է Վաչագանին։

 

Անահիտ. ոգով արին

Անահիտ աստվածուհու հետ կապ չունեցող համանուն հերոսուհին հայտնի է 19-րդ դարի հայ գրող Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթից։ Անահիտը հովվի դուստր էր, ով բնակվում էր հեռավոր գյուղերից մեկում ու ուներ անթիվ շնորհներ ու տաղանդներ։ Նրա մտքի գեղեցկությունն ու արհեստների հանդեպ սերը գրավում են հայոց արքայազն Վաչագանի սիրտն ու ստիպում նրան մինչև ականջների ծայրը սիրահարվել Անահիտին։

Սակայն, երբ արքայազնը գալիս է նրա ձեռքը խնդրելու, Անահիտին չեն կուրացնում արքայական ընտանիքի բերած թանկարժեք գոհարներն ու զարդերը։ Ի զարմանս բոլորին՝ նա մերժում է Վաչագանի առաջարկը՝ հայտարարելով, որ իր ամուսինը պետք է գոնե մեկ արհեստ իմանա ու կամուսնանա, եթե արքայազնը որևէ արհեստ սովորի։

Վերջինս այնքան է տարված լինում Անահիտին կնության առնելու մտքով, որ մեկ տարում սովորում է ջուլհակություն, որից հետո Անահիտն ընդունում է նրա առաջարկն ու, ամուսնանալով արքայազնի հետ, դառնում նրա կինն ու գլխավոր խորհրդատուն։

Տարիներ անց կռապաշտ պարսիկներով և քչաթիվ քրիստոնյաներով բնակեցված հեռավոր Պերոժ քաղաքի քրմապետը արքայազնին առևանգում է։ Քրմապետը բոլոր գերեվարվածներին ուղարկում է սպանդանոց և օգտագործում նրանց, ովքեր արհեստ գիտեին, որի շնորհիվ Վաչագանը ողջ է մնում։

Վաչագանը գործում է մի գորգ, վրան հաղորդագրություն ասեղնագործում և համոզում քրմապետին, որ այն վաճառի Անահիտ թագուհուն, ով գնահատում է արհեստն ու անպայման բարձր գին կվճարի դրա համար։ Թագուհին կարպետը ստանալուն և հաղորդագրությունը կարդալուն պես բանտարկում է քրմապետին և հարձակվում քրմերի Պերոժ քաղաքի վրա՝ սիրելիին փրկելու։

Այս դյութիչ հեքիաթում Անահիտը մեծարվում է իր խելացիության, շնորհների ու ուժի համար։ Նա բնութագրվում է որպես սքանչելի մի կին, ում աչքերում արտացոլված ուժը գրավում է Վաչագանին։ Ավելի կարևոր է այն, որ հեղինակն իր հերոսուհուն պատկերում է որպես ազատ կամքի տեր անհատի, ով ինքն է որոշում կամուսնանա՞ արդյոք արքայազնի հետ, թե՞ ոչ։

«… բայց ճշմարիտն ասում եմ ձեզ, իմ ձեռքին չէ տալն ու չտալը։ Ահա կգա ինքը, իրան կհարցնեք. եթե կհոժարի, ես ոչինչ չունիմ ասելու», - պնդում է Անահիտի հայրը, երբ գալիս են աղջկա ձեռքը խնդրելու։

Անահիտի քաջությունն արտահայտվում է թե՛ գործով, և թե՛  խոսքով։ Նա մի օրիորդ է, որ «ոչ մի երիտասարդ նրա քաջությունը չունի, ոչ մի օրիորդ՝ նրա ձեռքի ճարտարությունը»։ Նա կարողացավ նաև անթերի կառավարել թագավորությունը Վաչագանի բացակայության ժամանակ՝ իրեն դրսևորելով նույնիսկ որպես անգերազանցելի հռետոր, երբ մոբիլիզացնում էր զորքերը Վաչագանին փրկելու համար։

Աղայանի «Անահիտ» հեքիաթը մեծ ուշադրության է արժանացել և բեմադրվել տարբեր ժամանակաշրջաններում, ինչպես օրինակ՝ 1902 թ.-ին Թավրիզում։ Այն զգալի ուշադրության արժանացավ նաև վերջերս։ 2015 թ.-ին մեծ էկրան բարձրացավ «Անահիտ» մուլտֆիլմը։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է September 2022 ​issue of AGBU Magazine. end character

About the AGBU Magazine

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։