Բնույթ և ոճ

Երեք ամերիկահայ կանայք զրուցում են բնական առաջնորդության շուրջ


Շեքսպիրի «Համլետ»-ից «միշտ անկեղծ եղիր ինքդ քեզ հետ» հայտնի արտահայտությունը գուցե և իմաստուն խորհուրդ է, սակայն աշխատավայրում ոչ միշտ է կիրառելի՝ հաշվի առնելով արմատացած սովորությունները։ Այդպես էր մինչև մի քանի տարի առաջ, երբ գիտնականներրն ու կազմակերպչական ոլորտի և վարքագծի տեսաբանները սկսեցին ուսումնասիրել կառավարման այլընտրանքային մի ոճ` բնական առաջնորդությունը (authentic leadership):

Ըստ այս ապացուցված տեսության, որն աստիճանաբար մուտք է գործել երկրի ձեռնարկություններ ու կազմակերպություններ՝ բնական առաջնորդը պետք է առանձնանա որոշակի առանցքային հատկանիշներով, ինչպիսիք են՝ անկեղծ, ինքնագիտակից լինելն ու թափանցիկ գործելը: Այլ կերպ ասած՝ այն թույլ է տալիս լինել մարդկային, հասանելի, շփվող և սխալական՝ միևնույն ժամանակ, աշխատողների ու շահառուների շրջանում ներշնչելով հարգանք, հիացմունք և ծառայելով որպես ոգեշնչման աղբյուր։ Այն ոչ միայն խրախուսում է, որ կազմակերպությունում տիրի ազնիվ մթնոլորտ, այլև նպաստում, որ որոշումներն արդար կերպով կայացվեն՝ հիմնվելով առաջնորդի արժեքների և էթիկայի դրսևորման վրա: Եվ վերջապես, բնական առաջնորդի համար առաջնային է կազմակերպության առաքելությունը, այլ ոչ՝ սեփական կարիերան:

Կյանքում էլ ընկերներ, գործընկերներ Սարա Անջարգոլյանը, Արդա Նազերյան Հարաթունյանը և Էդիլ Հովնանյանը սիրով համաձայնել են առցանց հարթակում հանդիպել AGBU Magazine-ի հետ՝ իրենց փորձով ու մտքերով կիսվելու և խոսքն ուղղելու այն կանանց, ովքեր պատրաստ են իրենց ուրույն հետքը թողնել իրենց իսկ համայնքներում, ոչ միայն գործելաոճով, այլ նաև իրական «ես»-ով ու արժանիքներով։

Օրինակելին

Մեր օրերում քիչ ամերիկահայ կանայք կան, որ կարող են մարմնավորել իրական առաջնորդի կերպարն այնպես, ինչպես դա անում է Էդիլ Հովնանյանը՝ Նյու Ջերսիում գտնվող Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը։ Հովնանյանն ունի Ուարթոնի դպրոցի բակալավրի և Փենսիլվանիայի համալսարանի, ինչպես նաև Կոլումբիայի համալսարանի գործարար կառավարման մագիստրոսի աստիճան։ Նրա կյանքի ուսուցիչը շուրջ երկու տասնամյակ եղել է հայրը՝ անշարժ գույքի և շինարարական արդյունաբերության խոշոր գործարար Հրայր Հովնանյանը, ով իր մեծ հետքն է թողել Հայաստանի 30-ամյա պետականաշինության գործում։

2006 թվականին, ստանձնելով ընկերությունը ղեկավարելու գործը՝ Էդիլ Հովնանյանը վերակազմել է կազմակերպությունը և այժմ տնօրինում է երեք սերնդի ունեցվածքը, այդ թվում՝ անշարժ գույքի և հողամշակման ոլորտներում, ինչպես նաև ներդրումային փաթեթը: Կար ժամանակ, երբ նա իր ենթակայության տակ ուներ շուրջ 1,200 աշխատող:

Եվ այնուամենայնիվ, վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանում ծավալած նրա բեղուն գործունեությունը ոչնչով չի զիջում կորպորատիվ աշխարհում նրա թողած անջնջելի հետքին: Այսօր նա հանդիսանում է նաև Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի նախագահը, որը ներկա պահին տարեկան կտրվածքով շուրջ յոթ միլիոն ԱՄՆ դոլարի չափով նվիրատվություններ է հատկացնում մի շարք խնդիրների լուծման նպատակով։ Այս առումով նա մեծ կարևորություն է տալիս Հայաստանի բարօրությանն ուղղված նախաձեռնություններին։ Հովնանյանը 2003 թվականին ստեղծեց «Դեպի Հայք» (Birthright Armenia) կազմակերպությունը, որն օգնում է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին կամավորական ծրագրերով գալ Հայաստան։ Առ այսօր այն փոխել է շուրջ 3,000 երիտասարդի կյանք:

Հովնանյանը նաև ներգրավված է Հայաստանին առնչվող բազմաթիվ այլ նախաձեռնություններում, ինչպես օրինակ` HIVE Ventures-ը, որն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի տեխնոլոգիական հատվածին և HIKEArmenia-ն, որը զբաղվում է երկիրը որպես առաջատար արշավային ուղղություն ներկայացնելով և գյուղական համայնքների զարգացմամբ: Հայ կամավորների միությունը (AVC) մեկ այլ հասարակական կազմակերպություն (ՀԿ) է, որը Հովնանյանի հայաստանակենտրոն ծրագրերից մեկն է, իսկ Վերադարձ Հայաստան (Repat Armenia) ՀԿ-ի ղեկավարումը ստանձնել է վերջերս։ Այն օգնում է մեր սփյուռքահայ հայրենակիցներին Հայաստան տեղափոխվել և ինտեգրվել տեղի հասարակությանը: Իր ընտանիքի ստեղծած ավանդին հավատարիմ մնալով և արդար իրավունքով իր տեսլականի համար ուղի հարթելով՝ Էդիլ Հովնանյանը մարմնավորում է մի կերպարի, որի թողած հետքը կանդրադառնա նաև գալիք սերունդների վրա:

Բարեկարգողը

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո Սարա Անջարգոլյանը հայտնվեց այն քիչ կանանց և սփյուռքահայերի թվում, որոնք Հայաստանի կառավարությունում երբևէ զբաղեցրել են բարձր պաշտոններ: Նա այդ պաշտոնը ստանձնեց 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց և անմիջապես ձեռնամուխ եղավ Հայաստանի մրցակցային դաշտում առկա հսկայական բացը լրացնելու գործին՝ ներգրավելով ողջ սփյուռքը և ստեղծելով մասնագիտական և ձեռնարկատիրական տաղանդի բազա, ինչը թույլ կտար նոր թափ հաղորդել անցումային փոփոխություններին թե´ կառավարությունում, թե´ արդյունաբերության ոլորտում: Սրան հաջորդեց նոր մարտահրավեր, որը նույնպես բխում էր ազգային շահերից. նա նշանակվեց ՀՀ առողջապահության նախարարի և արդարադատության նախարարի կառավարման գծով ավագ խորհրդական։

Լոնդոնում ծնված և պատանեկությունը Կալիֆորնիայում անցկացրած Անջարգոլյանը գերազանց առաջադիմությամբ ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը (UCLA)՝ ստանալով քաղաքագիտության և հանրային քաղաքականության բակալավրի աստիճան: Այնուհետև սովորել է նաև Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության բաժնում: Նա աշխատել է ԱՄՆ-ի արդարադատության բաժանմունքում որպես իրավապաշտպան, աշխատել է Լոս Անջելեսի իրավական բաժնում որպես քաղաքական հարցերով տեղակալ և խորհրդական: 2012 թվականին Անջարգոլյանը դիմում է չափազանց խիզախ քայլի. նա տեղափոխվում է Հայաստան և երկու տարի անց դառնում Impact Hub Yerevan շահույթ չհետապնդող սոցիալական ձեռնարկության համահիմնադիրն ու գործադիր տնօրենը, որտեղ աշխատում է մինչև 2019 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը միանալը: Նա եղել է նաև Impact Hub-ի տնօրենների խորհրդի անդամ: Անջարգոլյանն ավելի վաղ էլ էր այցելել Հայաստան. 2002-2004 թվականներին Fulbright կրթաթոշակային ծրագրի շրջանակներում դասավանդել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ), իսկ 2009-2014 թվականներին աշխատել է որպես լրագրող՝ լուսաբանելով հանրային ազդեցության ծրագրեր:

Կարելի է անվերջ հետևել ու հիանալ, թե ինչպես է Սարա Անջարգոլյանը համակարգված մոտեցումներով բարեփոխումներ իրականացնում իր իսկ նախընտրած երկրում: Քաղաքական խրթին հարցերն իր մեղմ մոտեցմամբ լուծելու ունակության շնորհիվ նա արժանացել է հայերի հարգանքին և հիացմունքին թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս: Որպես առաջադեմ առաջնորդ, ով մասնագիտական ոլորտում և հանրային մակարդակում ունի բազմաթիվ կապեր, նա գործի է դնում իր վերլուծական և հաղորդակցման կարողությունները՝ օգնելու հարթել Հայաստանի և սփյուռքի միջև գոյություն ունեցող անխուսափելի մշակութային տարբերությունները:

Ռազմավարը

Ֆինանսների և արդյունաբերության հզոր աշխարհում Արդա Հարաթունյանը բանականության ձայնն է, որտեղ ռազմավարական հաղորդակցման խորհրդականի նրա անթերի որակավորումներն ամրագրել են նրա հեղինակությունը բիզնեսի, արդյունաբերության և մարդասիրության ոլորտների գործադիր ղեկավարություններում: Կիրառելով հաղորդակցման, հանրային կապերի և հանրային քաղաքականության ոլորտներում իր 37-ամյա կարիերան և փորձը, Քուինզ Քոլեջի շրջանավարտը, որը մագիստրոսի աստիճան էր ստացել Նյու Յորքի համալսարանից, նաև դասավանդում է իր մայր բուհում և մինչև բոլորովին վերջերս նաև Կոլումբիայի համալսարանում: Թեև ամբիոնը խորթ չէ Հարաթունյանի համար՝ որպես իր ոլորտում հեղինակավոր մասնագետի, սակայն նրա բնական մղումներից է դիմացինի մեջ լավագույնը բացահայտելը։

Այնուամենայնիվ, հայոց աշխարհում Հարաթյունյանը ժողովրդի ձայնն է, ով հանդես է գալիս որպես բանախոս, մոդերատոր և պանելային քննարկումների մասնակից արդի հայկական հարցերի շուրջ կազմակերպվող բազմաթիվ գիտաժողովներում և ֆորումներում: 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում լրատվամիջոցներում իրավիճակի անաչառ լուսաբանումն ու մեդիա դաշտում Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության դեմ նրա անխոնջ պայքարն էլ ավելի բարձրացրին նրա հեղինակությունը՝ որպես համայնքի և ազգի անգնահատելի ներկայացուցչի: Նախքան հաղորդակցության ոլորտում 12 տարի առաջ իր սեփական խորհրդատվական գործունեությունը սկսելը՝ Հարաթունյանը եղել է Նասաու շրջանի ղեկավար (այժմ՝ Կոնգրեսի անդամ) Թոմ Սուոզիի քաղաքականության հարցերով ավագ խորհրդականը։ 2003 թվականին նա միացել է Citigroup ներդրումային բանկային ընկերությանը՝ զբաղեցնելով կորպորատիվ և ներդրումային բանկի հաղորդակցության բաժնի գլխավոր տնօրենի պաշտոնը: Նա նախկինում զբաղեցրել է նաև Ամերիկայի ֆոնդային բորսայի լրատվամիջոցների և հանրային կապերի ղեկավարի պաշտոնը, իսկ դրանից առաջ էլ 10 տարի աշխատել Նյու Յորքի նախկին կառավարիչ Մարիո Կուոմոյի գրասենյակում՝ որպես հանրային ծառայող:
Երկար տարիներ ակտիվ գործունեություն ծավալելով քաղաքացիական և համայնքային նախաձեռնություններում՝ նա հանդիսանում է Energeia Partnership-ի և ՀԲԸՄ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ: Նա նաև կամավորական հիմունքներով ներգրավված է մի շարք հասարակական կազմակերպություններում, որոնց գործունեության թիրախը Հայաստանը կամ Լոնգ Այլենդում իր հարազատ համայնքն են և որոնք հիմնականում զբաղվում են կանանց ու երիտասարդ մասնագետների համար զարգացման հնարավորություններ ստեղծելով։

Ուժեղ կողմեր

Համեմատում ենք բնական առաջնորդության սկզբունքներով կին ղեկավարների մոտեցումները

ՀԲԸՄ. Անչափ շնորհակալ ենք, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ առաջնորդության և հայ կնոջ մասին: Քանի որ դուք բոլորդ էլ բնական առաջնորդի վառ օրինակներ եք, թույլ տվեք հենց այդտեղից էլ սկսել։ Բնական առաջնորդության առանցքային հատկանիշներից մեկը ինքնագիտակցությունն է, այսինքն՝ իմանալ քո ուժեղ և թույլ կողմերը: Այ եթե սկսենք Ձեզնից, Էդիլ, ո՞րն եք համարում Ձեր ամենաուժեղ կողմը որպես առաջնորդ:

Ինքնավստահության մասին

Հովնանյան. Ես կասեի իմ ինքնավստահությունը, որի համար հիմնականում պարտական եմ հորս: Նա ինձ համար եղել է ամենամեծ առաջնորդն ու ուսուցիչը: Երբ միասին էինք լինում, նա ինձ վերաբերվում էր ինչպես իրեն հավասարի: Հետևաբար իմ մասնագիտական աճի որևէ փուլում ես կասկածի տակ չեմ դրել իմ ինքնագնահատականն ու արժեհամակարգը։

ՀԲԸՄ. Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի մասին, որտեղ Դուք այդքան ժամանակ եք անցկացրել՝ հիմնելով և զարգացնելով բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ «Դեպի Հայք»-ը: Ինչպե՞ս է Ձեր վստահությունը դրսևորվել այստեղ:

Հովնանյան. Դա բոլորովին այլ պատմություն է, որը ես բազմիցս պատմել եմ, հատկապես վերջին 15 տարիների ընթացքում, երբ հայրս հիմնականում բնակվում էր Հայաստանում, իսկ ես ղեկավարում էի բոլոր բիզնեսներն ԱՄՆ-ում: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, մի անգամ ես ու հայրս մասնակցում էինք բարձր մակարդակի մի հանդիպման, որտեղ քննարկվում էր Հայաստանի կառավարության կողմից ինչ-որ նախաձեռնության համար հայցվող մի մեծ գումարի տրամադրման հարցը։ Հայրս բառացիորեն ասաց,- «Չգիտեմ: Պետք է դստերս հարցնեմ»: Դա քմծիծաղ առաջացրեց սեղանակիցների շրջանում։ Այնուհետև մեկ այլ հարց հնչեց, և կրկին հայրս ասաց,- «Ներեցեք, պետք է դստերս հարցնեմ, նա է պատասխանատուն»: Նա շարունակում էր հարցերն ինձ փոխանցել, մինչ մյուսները շարունակում էին իրենց խնդրանքներն ուղղել իրեն: Ի վերջո հայրս պնդեց,- «Ոչ, դուք չեք հասկանում, նա է վերահսկում իմ փողերը: Ես պետք է նրանից գումար խնդրեմ»: Երբ ես ու հայրս դուրս եկանք հանդիպումից, նա հարցրեց, թե արդյո՞ք իր մերժողական պատասխաններն անհանգստացրին ինձ։ Իսկ փաստն այն էր,  որ դրանք ինձ բնավ չէին անհանգստացրել։ Եվ դա շնորհիվ այն բանի, որ ես գործերը միշտ վարել եմ ինքնավստահորեն, իմ սեփական պայմաններով։ Ես մասնակցել եմ ճաշկերույթների ռուս և հայ բարերարների հետ և երբ հարց էի տալիս, նրանք անգամ աչքերիս մեջ չէին նայում և պատասխանում էին մեկ ուրիշին: Հետո ես մեկ այլ հարց էի տալիս, և կրկին նրանք իրենց հայացքը գցում էին արական սեռի իմ մեկ այլ ամերիկացի գործընկերոջ վրա: Այնուամենայնիվ, ես թույլ չեմ տալիս, որ նման տարօրինակ պահվածքն ինձ վրդովեցնի կամ հուզական արձագանք հրահրի: Ես այնտեղ եմ միմիայն իմ աշխատանքն ու իմ նպատակներն առաջ տանելու, այլ ոչ հավասարության համար պայքարում տղամարդկանց դեմ միավորներ հավաքելու համար։

Անջարգոլյան. Զավեշտալի է, որ այս մասին խոսեցիր, Էդիլ, քանի որ իմ մասնագիտական կյանքում ես երբեք չեմ կենտրոնացել իմ սեռի վրա մինչև Հայաստանի կառավարությանը միանալը: Մեր գրեթե բոլոր կառավարական գործակալությունների ղեկավարները տղամարդիկ են, ու թեև երկրորդ պատասխանատու անձը հաճախ կին է, ինչպես շատ փոխնախարարների դեպքում, սակայն միևնույն է Հայաստանի կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնելու իմ ավելի քան երկու տարիների ընթացքում ես հաճախ էի հայտնվում սեղանների շուրջ, որտեղ որոշում կայացնողները տղամարդիկ էին: Երբեմն այդ տհաճ զգացումը կրկնապատկվում էր. չէ՞ որ բացի կին լինելուց ես նաև սփյուռքահայ եմ, իսկ սփյուռքից Հայաստանի վարչապետի կողմից նշանակված հայ պաշտոնյա կին կամ տղամարդ կարող եք մատերի վրա հաշվել:

Ղեկավարը, որը ցանկություն ունի սովորեցնել ձեզ և թույլ է տալիս անել ավելին, քան գրված է ձեր աշխատանքային պարտավորությունների ցանկում, իրական պարգև է:

Առաջնորդության ոճի մասին

Անջարգոլյան. Քանի որ խոսում ենք առաջնորդության ոճերի մասին, մի բան, որն իրոք ինձ դժվար էր տրվում, դա առաջնորդության այն ոճն էր, որը կարծես գնահատվում էր կառավարության ներսում, մասնավորապես՝ միջին մակարդակի բյուրոկրատների կողմից, որոնք կառավարությունում էին արդեն երկար տարիներ: Այն բոլորովին տարբերվում էր մասնավոր հատվածից կամ հասարակական կազմակերպությունների աշխարհից: Դա հետխորհրդային առաջնորդության այն ոճն էր, որն այդքան ընդունված է տարածաշրջանում, որտեղ իշխանությունը հիմնված է ոչ թե քաջալերման, ազնվության և սխալական լինելու սկզբունքների վրա, այլ «զրահապատ առաջնորդության», որն իշխանությունը կիրառում է վախեցնող և արգելափակող վարքագծով: Նկատել եմ, որ փորձում են կարևորության զգացում ստեղծել իրենց անհասանելի և հեռու պահելով: Սա, իհարկե, ինձ համար ամենաանհարմար բանն էր, սակայն ես ավելի քան հեռու էի նման առաջնորդ լինելուց, հատկապես, որ այդ պաշտոնը ստանձնել էի Impact Hub Yerevan-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը թողնելուց հետո, որտեղ համագործակցությունն ու թափանցիկությունը մշակույթի բնորոշիչ կողմերից էին: Շատ պարզ հիշում եմ հիմա, որ պաշտոնավարմանս առաջին վեց ամիսների ընթացքում կառավարության արական սեռի ներկայացուցիչներից մեկն ինձ ասաց. «Պետք է ավելի կոշտ լինես: Պետք է ավելի ագրեսիվ լինես: Չես կարող այսքան բարեհամբույր լինել, այլապես նրանք քեզ ոտքի տակ կառնեն»: Ինձ խորհուրդ էին տալիս լինել մեկը, որը ես չէի, և ես դա փորձել եմ մի երկու անգամ: Ինձ համար դա չափազանց անբնական էր, էլ չեմ ասում, թե որքան անարդյունավետ, քանի որ ավտորիտար առաջնորդությունը նորարարության համար նզովքի պես մի բան է, փոփոխություններ գրեթե չկան, իսկ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ մնալ գամված նույն տեղում։ Եվ ուրեմն շատ արագ ես վերադարձա նրան, ինչն ինձ այնքան հարմար էր, սակայն, միևնույն ժամանակ, շատ գիտակցված սկսեցի փոխել կանոնները։ Ես վճռական էի տրամադրված, որ մեր գրասենյակում ամեն բան պետք է լիներ թափանցիկ: Ոչ մի դուռ չպետք է փակ լիներ, այդ թվում՝ իմը, և ամեն ինչ թափանցիկ կերպով արձանագրվում էր մեր ընդհանուր օրացույցում: Թիմում բոլորը գիտեին, թե ես որտեղ էի, թե որտեղ էր գլխավոր հանձնակատարը: Մենք հստակ դրվածք ընդունեցինք, որ ոչ մի իշխանություն չպետք է բխի գաղտնիությունից և անհասանելիությունից: Եվ որ ամենակարևորն է, երբ ես սխալ էի գործում, ես ողջ անձնակազմին հայտարարում էի, որ դա ԻՄ սխալն է եղել՝ առանց մեղադրելու կամ մեղքն ուրիշի վրա բարդելու, ինչն իր հերթին ստեղծեց ապահով տարածք մյուսների կողմից պարտականություններ և նախաձեռնություններ ստանձնելու համար: Դա ինձ համար հաղթական պահ էր, որ ես իրականում ստիպված չեմ եղել խաղալու այդ կանոններով, այլ ստեղծել եմ իմ սեփական կանոնները:

Կենտրոնացե՛ք աշխատանքի վրա

Հարաթունյան. Ես նույնպես ուզում եմ նշել, որ ունենալ վստահություն որպես կին և որպես պրոֆեսիոնալ նշանակում է չտրվել հույզերին և չշեղվել օրակարգից այն պատճառով, թե ինչպես քեզ հետ կարող են վարվել տղամարդկանց միջավայրում: Ինչպես ես եմ ասում ու նաև ցույց տալիս իմ իգական սեռի գործընկերներին և ուսանողներին, եթե ցանկանում եք հաջողության հասնել որպես առաջնորդ, կենտրոնացեք առաքելության և աշխատանքի վրա, որը պետք է կատարվի և մի տրվեք վիրավորանքներին: Նմանատիպ բաներ սովորել եմ մորս հետևելով, ով շատ առումներով իր ժամանակից առաջ էր: Նա լավ կրթված, մասնագիտական առումով կայացած և համայնքի գործերում ակտիվ կին էր: Միակ բանը, որ կարևոր էր, գործն ավարտին հասցնելն էր առանց բողոքելու: Նա ձեռնամուխ էր լինում փոփոխությունների գրավչությամբ և ժպիտով: Ես վաղ հասակից սովորել եմ, որ կարելի է ուժեղ լինել և թելադրել քո մոտեցումը, բայց միևնույն ժամանակ լինել բարի: Ես միշտ ողջունել եմ կառուցողական լուծումները գենդերային արգելքները հաղթահարելու հարցում և իրապես հավատացած եմ, որ դա անելու լավագույն միջոցը ձեր ոլորտում վարպետանալն է և ձեր կուտակած փորձառությունն այլոց հրամցնելը որպես հեղինակություն տվյալ ոլորտում: Խելքն ու արդյունավետությունը ստվերում կթողնեն սեռային հարցերը ցանկացած պահի:

Գտեք կյանքի ուսուցիչ

Հովնանյան. Այո, և դա սկսում է այն ոլորտի կամ առաքելության ընտրությունից, որի հանդեպ իսկապես մեծ ձգտում ունեք: Սակայն բոլոր այն երիտասարդներին, ովքեր չունեն ընդօրինակման այս ուժեղ օրինակներն իրենց ընտանիքում, խորհուրդ եմ տալիս պարզապես սկսել աշխատել և գտնել կյանքի ուսուցչին: Ղեկավարը, որը ցանկություն ունի սովորեցնել ձեզ և թույլ է տալիս անել ավելին, քան գրված է ձեր աշխատանքային պարտավորությունների ցանկում, իրական պարգև է: Ճիշտ մենթորը կօգնի ձեզ փորձարկել և ընդլայնել ձեր ընդունակությունների սահմանները: Իմ խորհուրդը երիտասարդներին. ձեր առաջին աշխատավայրերն ընտրելիս առաջնորդվե՛ք ձեր անմիջական ղեկավարի մասնագիտական հատկանիշներով, ընտրե՛ք նրանց, ում հետ կզգաք, որ կարող եք ունենալ առողջ աշխատանքային հարաբերություններ։

Ինչպես ես եմ ասում, նաև ցույց տալիս իմ իգական սեռի գործընկերներին և ուսանողներին, եթե ցանկանում եք հաջողության հասնել որպես առաջնորդ, կենտրոնացե՛ք առաքելության և աշխատանքի վրա, որը պետք է կատարվի, և մի տրվե՛ք վիրավորանքներին:

Հարաթունյան. Իմ ուսանողներին և այն երիտասարդ մասնագետներին, ում մենթորն եմ հանդիսանում, միշտ ասում եմ, որ աշխատավարձից ավելի կարևոր է գտնել այն ճիշտ աշխատանքը, որն իրենց սրտով է, և այն ճիշտ կազմակերպությունում կամ արդյունաբերության ոլորտում, որի գործունեությունը համընկնում է իրենց հետաքրքրությունների շրջանակին, և ամենակարևորը՝ այն մարդկանց հետ, ում իրենք կհարգեն և ումից սովորելու բան կունենան։ Հատկապես կարիերայի վաղ տարիներին իմաստուն և բարեսիրտ գործընկերներն անգնահատելի են: Այնուհետև ընտրե՛ք ձեր հաջորդ անելիքը և կիրառե՛ք ձեր ողջ սովորածն այնտեղ։

ՀԲԸՄ. Այս խորհուրդը Հայաստանի կանանց է՞լ է վերաբերում: Որո՞նք են նրանց հեռանկարները Ձեր նկարագրած աշխատանքն ու ղեկավարին ընտրելիս:

Հարաթունյան. Իմ խորհուրդը կարող է վերաբերել կանանց ցանկացած վայրում, սակայն, ինչպես Սարան նշեց, աշխատանքի մշակույթը Հայաստանում որոշակիորեն տարբերվում է, և ձգտում ունեցող կանայք ու աղջիկները հզորացման ճանապարհի մեկ այլ կողմում են: Սակայն ես անչափ տպավորված եմ ինձ հետ աշխատած որոշ կանանց ցուցաբերած մեծ խանդավառությամբ և նպատակասլացությամբ: Հենց այդ պատճառով էլ խիստ կարևոր է նրանց ապահովել ռեսուրսներով և համապատասխան ուսուցման հնարավորություններով: Եվ ինչպես Էդիլն ընդգծեց, մեզ հարկավոր են մենթորներ՝ օգնելու Հայաստանի կանանց բացահայտել իրենց սեփական ներուժը: Նրանց հարկավոր է այլ կանանց աջակցությունն ու միասնությունը, քանի որ միայնակ դա անելը կարող է վախեցնող թվալ։

Բարձրաձայնե՛ք

Հովնանյան. Շատ ճիշտ ասացիր, Արդա: Իրականում մեկ այլ համոզմունք, որ ունեցել եմ տարիներ շարունակ, այն է, որ դու պետք է խնդիրներ բարձրաձայնելու և քո իրավունքներին տեր կանգնելու ինքնավստահություն ունենաս։ Եթե ձեր տաղանդն ու ջանքերը պատշաճ արձագանքի չեն արժանանում, դուք պետք է կարողանաք ինքներդ ձեր շահերը պաշտպանել: Բարձրաձայնելը կարող է սարսափեցնող լինել, քանի որ որպես կին մեզ ասել են զուսպ լինել ագրեսիվ չընկալվելու համար: Սակայն որպես երիտասարդ ներդնող-բանկիր, որն իսկապես որակյալ աշխատանք էր արել, ես այդ ռիսկին դիմել եմ և պահանջել այն, ինչին, ըստ իս, արժանի էի, և դա տվել է իմ ուզած արդյունքը: Իհարկե, Հայաստանում կնոջ համար դա հավանաբար շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում:

Անջարգոլյան. Այնքան ճշմարիտ ես ասում, Էդիլ: Ներկայումս Հայաստանում կա միայն երկու կին նախարար, սակայն գործում է կին փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարների, խորհրդականների և երկրորդական պաշտոններ զբաղեցնող շնորհալի ու բանիմաց կանանց մի ամբողջ բանակ: Ինչու՞ այս կանայք չեն ցանկանում ասպարեզ դուրս գալ և հաճախ զիջում են իրենց տղամարդ վերադասներին, երբ հանրային ճանաչում ձեռք բերելու հնարավորություններ են առաջարկվում: Մենք պետք է հասկանանք, թե Հայաստանի կառավարման կառույցների մշակույթում ինչն է այս ամենի պատճառը: Եվ ուրեմն, մինչ հզորացման պայքարը դեռևս շարունակվում է ողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Հայաստանի կանայք պետք է կարողանան լուծել իրենց սեփական բարդ խնդիրները:

Հիմնական հետևությունները

ՀԲԸՄ. Հստակ է, որ մենք կարող ենք անվերջ խոսել այս թեմայով, քանի որ դա որքան անհատական, նույնքան էլ ընդհանուր է: Եթե փորձենք ամփոփել, որո՞նք են այն հիմնական հետևությունները, որոնցով ձեզանից յուրաքանչյուրը կցանկանար տպավորել երիտասարդ կանանց այսօր:

Հովնանյան. Գտե՛ք ձեր տարերքը: Կենտրոնացե՛ք աշխատանքի վրա: Եվ հիշե՛ք, որ չկա մի պահ, երբ առաջնորդը կերտվում է առանց սայթաքումների: Եվ ուրեմն, այո, կատարե՛ք այդ թռիչքը դեպի հաջորդ հանգրվան, պահանջե՛ք այն, ինչին դուք արժանի եք, ընդունե՛ք որպես մարտահրավեր այն, ինչը գուցե համարում են, որ միայն տղամարդիկ են ի զորու անել: Կարող է վախենալու թվալ, և երբեմն դուք կարող եք երեսնիվայր ընկնել: Սակայն չկա մեկը, ով հաջողության է հասել ու չի կարող ձեզ գեթ մի վառ դրվագ պատմել իր ձախողումներից: Ես ձեզ կարող եմ հարյուրավոր նման պատմություններ պատմել, երբ ես սխալներ եմ գործել և համառ պայքարել եմ մի բանի համար, որն ի վերջո սխալ է դուրս եկել: Եթե չեք ցանկանում երեսնիվայր ընկնել, ապա գուցե չեք էլ ցանկանում աճել։

Հարաթունյան. Ինձ համար դա նշանակում է կատարել քո աշխատանքը, քեզ դրսևորել լավագույնս և ստանալ արդյունքներ: Դա ձեր հետքը թողնելու լավագույն միջոցն է: Երկրորդ, արդարացումներ մի՛ փնտրեք: Սովորե՛ք սխալներից, գտե՛ք լուծումներ և իմացե՛ք՝ երբ հարցնել խորհուրդ կամ հայցել օգնություն: Եվ երրորդ, հարգե՛ք լավ հաղորդակցման հմտությունների զորությունը։ Դրանք կօգնեն ձեզ կառուցել դրական հարաբերություններ ձեր ղեկավարների և գործընկերների հետ, ինչն իր հերթին կօգնի կատարել ձեր աշխատանքը:

Անջարգոլյան. Գտե՛ք ճիշտ դաշնակիցներ. մարդկանց, ովքեր ձեզ հետ իսկապես կիսում են նույն արժեհամակարգը, ձեզ նման հետաքրքրված են արդյունքներով և շրջապատե՛ք ձեզ այդ դաշնակիցներով: Ապա, այդ ամենից զատ, ապավինե՛ք վստահելի ընկերներին, որոնց հետ կարող եք պարզապես զրուցել, առանց որևէ արգելքների։ Թող նրանք լսեն ձեզ, և թույլ մի՛ տվեք, որ տեղեկությունը դուրս գա սենյակի պատերից: Եվ վերջում, մի՛ կրկնօրինակեք մյուսներին ձեր մոտեցումներում։ Մենթորներն ու ընդօրինակման օրինակները կարևոր են, սակայն փորձե՛ք իրապես հասկանալ, թե որն է ձեր ոճը, ձեր մոտեցումը: Այլ կերպ ասած՝ եղե՛ք բնական:

 

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի September 2022 համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։