ՀԲԸՄ գիշերօթիկ ճամբարներն մեկնարկել են 1963թ.-ին, Նյու Յորքի գեղատեսիլ Քեթսքիլ լեռներում գտնվող Նուբար ճամբարով: Յուրաքանչյուր ճամբարային համայնք արտացոլում է այդ համայնքի բազմազանությունն ու պահպանում գերազանցության ու երիտասարդության ներգրավվածության նույն մակարդակը՝ երիտասարդների համար ապահովելով անվտանգ ու օգտակար միջավայր, կյանքի հմտություններ՝ ճկունություն, թիմային աշխատանք, հարատև ընկերներ: ՀԲԸՄ-ի բոլոր ճամբարներն հագեցած են հարմարություններով ու փորձառու անձնակազմով: ՀԲԸՄ ճամբարականները սովորում են արհեստներ, ձկնորսություն, արշավ, ձիավարժություն, երաժշտություն, լող, իսկ ամենակարևորը՝ զվարճանում ու հաճելի ժամանակ անցկացնում: Ճամբարականների շրջանում առ հայկական ավանդույթները սեր է սերմանվում, որը մղում է նրանց ճամբար վերադառնալ ամեն ամառ, իսկ շատերը շարունակում են աշխատել որպես խորհրդատուներ:
ՀԲԸՄ-ն 2020 թվականից ի վեր կազմակերպում է ամառային ճամբար Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված, գերի ընկած, անհետ կորած և վիրավորված մեր հերոսների զավակների, քույրերի և եղբայրների համար: ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարի նպատակն է երեխաներին պարգևել անմոռանալի և զվարճանքներով լի ամառ: Ծրագրի շրջանակներում երեխաներն անց են կացնում ուրախ և ակտիվ ժամանց, բնության գրկում վայելում են ամառային արձակուրդները, ձեռք են բերում նոր ընկերներ, ծանոթանում են հայ ազգային պարերին, զարգացնում ստեղծագործելու, մտածելու և նորը ստեղծելու ունակությունները:
Իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ՀԲԸՄ-ն ձեռնամուխ եղավ «Նաիրի» ընտանեկան ճամբար - ի հիմնադրմանը, որն հանգստյան օրերին անվճար հյուրընկալում է Արցախից բռնի տեղահանված երեխաներին ու նրանց մայրիկներին: Ճամբարին ծրագիրն հագեցած է. այն ներառում է հոգեբանական աջակցության թերապիաներ (music & art therapies), սթրեսի կառավարման դասընթաց, ինտելեկտուալ և ակտիվ խաղեր, երեքանգամյա սնունդ և, իհարկե, ուրախ ու հաճելի ժամանց: Ճամբարին կարող են մասնակցել 2023թ. սեպտեմբերի 24-ից հետո Արցախից բռնի տեղահանված 6-14 տարեկան երեխաներն ու նրանց մայրիկները։
ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարների մասին հավելյալ տեղեկությունների համար դիմե՛ք ճամբարի տնօրեն Հերմինե Դուզյանին՝ hduzian@agbu.org կամ զանգահարե՛ք 055 683 173 հեռախոսահամարով: