Թեև անկախության առաջին օրերը ոգևորիչ և հուսադրիչ էին, իրականությունը սակայն բավականին մռայլ էր՝ նավթի, սննդեղենի ու մատակարարումների պակասի պատճառով: 1990 թ. Հայաստանը գործնականում կտրված էր մնացած աշխարհից՝ չունենալով ժամանակակից հաղորդակցության միջոցներ: Հայաստանի կառավարությունն ուներ մեկ հեռագիր և մի քանի ֆաքս, որոնք հազիվ էին աշխատում՝ հնացած հեռախոսային ցանցի պատճառով: ՀԲԸՄ-ն տրամադրեց արբանյակային հեռախոսներ, 7 ժամանակակից տելեքս մեքենաներ և 24 համակարգիչներ (1992 թ.):
ՀԲԸՄ-ի բարերարները նաև մեծ դեր են խաղացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած «Տաք ձմեռ» ծրագրում, որով սննդամթերք էր բաժանվում Հայաստանում և Արցախում, ինչպես նաև վառելանյութ ձեռք բերվում Իրանից: Ի հավելումն այս ջանքերին, Մատենադարանի արխիվների պահպանումն ապահովելու նպատակով ՀԲԸՄ-ն մինչև 2000 թ. ֆինանսական միջոցներ է տրամադրել վառելանյութ, օդորակման և անվտանգության համակարգեր ձեռք բերելու, ինչպես նաև աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար:
Հայաստանում մշակութային հաստատությունների պահպանությանն ուղղված ջանքերի շրջանակներում, ի թիվս այլոց, ՀԲԸՄ-ն նաև մեծ ներդրում է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեության ապահովման, Գյումրու արվեստների ակադեմիայի ստեղծման, Գյումրու երգչախմբային համույթի, իսկ ավելի ուշ՝ Ստեփանակերտի կամերային նվագախմբի հիմնադրման գործում: ՀԲԸՄ-ն սարքավորումներ և աշխատավարձ է տրամադրել Հայաստանի գիտությունների ակադեմիայի տպարանի համար։
Հայաստանի անկախացումից հետո ՀԲԸՄ-ի գործունեության շրջանակը Հայաստանում կտրուկ ընդլայնվեց՝ ընդգրկելով երկրի սոցիալական ու տնտեսական արդիականացման ոլորտներ: Մեկ տարի առաջ արդեն հիմնվել էր ՀԲԸՄ Երևանի գրասենյակը: ՀԲԸՄ նախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնի ղեկավարությամբ բազմաթիվ կարևոր ձեռքբերումների թվում էր 1991 թ. Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրումը, որը ԱՄՆ-ի կողմից հավատարմագրված առաջին հաստատությունն էր նախկին Խորհրդային Միությունում: Ակտիվ մշակութային կյանքի զարգացմանը նվիրված նախագծերը նույնպես կազմեցին կազմակերպության ջանքերի զգալի մասը: Առանձին արվեստագետների, թատերական խմբերի և երաժշտական համույթների, մասնավորապես՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հովանավորումը օգնեցին նորանկած երկրում ստեղծել բնականոն վիճակի զգացում, հակառակ անկայունության ու քաղաքական ցնցումներին: