
Խորհրդային տարիներին ՀԲԸՄ-ն իր առաջին գրասենյակի հիմնադրմամբ ապահովեց ֆիզիկական ներկայություն քաղաքամայր Երևանում: Անկախությունից անմիջապես հետո հիմնեցինք մեր ներկայացուցչությունը, որը գտնվում էր Ալեք Մանուկյան փողոցում: Ի վերջո, մենք տեղափոխվեցինք քաղաքի սրտում գտնվող սեփական վեցհարկանի շենքը, որտեղ գտնվում է Հայաստանի մեր կենտրոնատեղին: Մեր ներկայությունը համալրվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնով։
ՀԲԸՄ Հայաստանի նոր շենքը գտնվում է Հանրապետության հրապարակին հարող Մելիք-Ադամյան փողոցում և միաձուլում է ճարտարապետական ժամանակակից տարրերն ու Հին Երևանի պատմական ոճը: Հին շենքը կառուցվել է 1906թ., որտեղ գործել է Երևանի քաղաքային խորհուրդը։ Պահպանվել է շենքի ճակատային հատվածն ու համալրվել բոլորովին նոր ինտերիերով՝ ժամանակակից ենթակառուցվածքով, գրասենյակային բոլոր հարմարություններով, 200 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճով, ընդարձակ ետնաբակով ու վերնահարկով, որտեղ գործում է ռեստորան՝ 270º գեղեցիկ տեսարանով դեպի քաղաք:
Հրավիրում ենք ձեզ միանալու ՀԲԸՄ Հայաստանի միջոցառումներին, ինչպես նաև համտեսելու մեր վերնահարկի ռեստորանի բազմազան ճաշատեսակները: Միջոցառումների դահլիճը կամ ետնաբակի տարածքը վարձակալելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ armenia@agbu.org էլ. հասցեով:
ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնը երեք մասնաշենքերից բաղկացած համալիր է, որտեղ տեղակայված են Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը, ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնն ու հանրակացարանային տարածքը, որը նախատեսված է ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի, ուսանողների և այլոց կարճաժամկետ այցելությունների համար: Կահավորված ննջասենյակներում ընդունելով ավելի քան 100 հյուրերի՝ Կենտրոնն առաջարկում է նաև ընդհանուր տարածքներ, ինչպիսիք են՝ գրադարանը, փակ խաղասենյակն ու հեռուստասենյակը: Ժամանակակից կացարաններն ու հարմար դիրքը իդեալական են խմբերի հանգստի համար:
Վահե Կարապետյան Կենտրոնը հատկապես աշխուժանում է ամռանը, երբ արտերկրից ժամանում են ՀԲԸՄ երիտասարդական խմբերը, որոնք մասնակցում են մշակութային շրջագայությունների ու կամավորական աշխատանքների: Հանրակացարանային սենյակները կարող են վարձակալվել ոչ ամառային ժամանակաշրջանում։ Լրացուցիչ տեղեկությունների համար գրեք մեզ՝ armenia@agbu.org:
Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր: